Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:31 05-05-2021

Խաչատուրովի չներկայանալը՝ Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի հիմնական բացթողում․ Ա․ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին հաջողվել է ստանալ հետաքրքրող հիմնական հարցերի պատասխանները, ուսումնասիրել կարևոր փաստաթղթերը, սակայն պատկերն ամբողջական չի դարձել այն պատճառով, որ հանձնաժողովի նիստին չի ներկայացրել մեկ անձ: Այս մասին վստահեցնում է ԱԺ պատգամավոր, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը հանձնաժողովի կատարած աշխատանքը նախ համարեց բոլոր ժամանակների խորհրդարանների պատմության մեջ բացառիկ, ըստ նրա՝ այսպիսի ծավալի աշխատանք երևի ոչ մի անգամ չի իրականացվել: Զեկույցը գաղտնի է, սակայն գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացած մեկը կարող է ծանոթանալ զեկույցին, զեկույցի հիմքում դրված բոլոր նյութերին, ձայնագրություններին:

«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում զեկույցի շատ դրվագներ, գաղտնիությունից դուրս գալով, հասանելի կդառնան հանրությանը»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ առաջարկել է Քոչարյանի՝ զեկույցի ներկայացման այն դրվագները, որոնք գաղտնի չեն, ծաղկաքաղ անել և հրապարակել:

Ըստ նրա՝ հաջորդ փուլը պետք է լինի այն, որ համապատասխան մարմինները՝ զինվորական դատախազությունը, գլխավոր դատախազությունը, քննչական մարմինները, պետք է ուսումնասիրեն զեկույցի դրվագները: «Զեկույցում շատ կարևոր դրվագներ կան, որոնք առնչվում են թե սպառազինությանը, թե կառավարմանը, թե քաղաքական որոշումներին, թե որոշումների կայացման բացթողումներին և դրա պատճառներին»,-նշեց նա:

Քոչարյանն այն կարծիքին է, որ 44-օրյա պատերազմը Ապրիլյան քառօրյա պատերազմի շարունակությունն էր: Նա նշեց, որ պետք է կարողանան շարունակաբար գտնել այդ հարցի պատասխանը՝ կապ կա՞, թե՞ ոչ: Նա նշեց, որ բացի մեկ մարդուց՝ 2016-ին ԳՇ պետ Յուրի Խաչատուրովից, մնացած ոչ մի անձ, որը հրավիրվել է հանձնաժողովի նիստին, չի մերժել: Քոչարյանի խոսքով՝ շատ բաներ են լսել, բայց այն, ինչ պետք է լսեին Խաչատուրովից, որ ամբողջացնեին «փազլը», չեն լսել: Հարցին, թե Խաչատուրովի՝ հանձնաժողովի նիստին չներկայանալով ի՞նչ հարցի պատասխան չեն ստացել՝ Քոչարյանը պատասխանեց. «Ինչ է խոսել Մոսկվայում»:

Նա վստահեցրեց, որ ծանոթացել են իրենց հետաքրքրող գրեթե բոլոր փաստաթղթերին, լսել են՝ ում ցանկացել են: «Մեկ հոգու չգալը համարում եմ մեր աշխատանքի հիմնական բացթողումը: Ես ամեն ինչ արեցի, որ Գլխավոր շտաբի նախկին պետը գար, բայց նա չեկավ, այդ չգալու մեջ կա առեղծված»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում չեն փորձել դավադիրներ գտնել: «Մենք մեկ տարի փորձել ենք հասկանալ 2016-ի մեր ձախողումների խորքային պատճառները, ոչ թե մակերեսային՝ վառելիք այդ պահին կար, թե ոչ, սնունդը պակաս էր, թե ոչ: Պատերազմի ժամանակ պակասություններ անպայման լինում են: Ուրիշ բան է՝ կառավարման մեջ մեր բացթողումներն անշրջելի հետևանք ունեցել են, թե ոչ»,-ասաց նա ու վստահեցրեց, որ պարզել են:

Անդրադառնալով հարցին՝ ի վերջո հայկական կողմը Ապրիլյան պատերազմում հաղթե՞լ, թե՞ պարտվել է՝ Քոչարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասում է, որ հաղթել է Ալիևին: Բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում, և դա հօգուտ Ադրբեջանի: Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ գործողություններ է իրականացրել, պահել է այդ դիրքերի առավելությունները»:

2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2019թ. մայիսի 31-ին: 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

adv_banner

Ամենից շատ դիտված