Երևան +20°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:49 05-02-2022

Փրկարարները գրեթե հասել են իրենց նպատակակետին, բայց չգիտեն՝ երեխան ողջ է արդյոք. Մարոկկոյում երեխան ընկել է ջրհորը

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ռայան անունով հինգ տարեկան տղան խաղում էր Թամրութում ջրհորի մոտ, որը գտնվում է հյուսիսային Շեֆշաուեն քաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա, երբ պատահաբար ընկել է դրա մեջ։ Ջրհորի լայնությունը ընդամենը մոտ 25 սանտիմետր է։

Երեխային հասնելու համար փրկարարները ստիպված են եղել ջրհորին զուգահեռ թունել փորել։ Այժմ նրանք պետք է ավարտին հասցնեն երեք մետրանոց հողաշերտի հորատումը։

Շաբաթ օրը փրկարարները հայտնել են, որ նրանց և տղայի միջև երկու մետրից պակաս է եղել։

Սակայն փլուզման մտավախությունների պատճառով հորատումը հետաձգվել է, և հայտնի չէ, թե դեռ որքան կտևի այն։

Տեսախցիկը, որը ջրհորի մեջ իջեցրել տեսանկարելու համար, միայն ֆիքսել է, որ երեխան պառկած է կողքի վրա։ «Ներկայումս անհնար է ընդհանրապես որոշել երեխայի վիճակը, բայց մենք հույս ունենք, որ նա ողջ է»,- ասել է Աբդելհադի Թամրանին, որ ղեկավարել է փրկարարական գործողությունը։

Հինգշաբթի օրը տեսախցիկի կադրերը ցույց են տվել, որ տղան ողջ է և գիտակցության մեջ: Դրանից հետո փրկարարները ջրհորի մեջ իջեցրել են թթվածնային դիմակ, սնունդ և ջուր, սակայն պարզ չէ՝ Ռայանը կարողացել է դրանք օգտագործել։

Դեպքի վայրում հերթապահում են բժիշկներն ու ուղղաթիռը, որոնք տղային փրկելուց անմիջապես հետո կտեղափոխեն մոտակա հիվանդանոց։

Ամբողջ աշխարհը հետևում է ջրհորի փրկարարական աշխատանքներին, որոնք շարունակվում են երեքշաբթի երեկոյան։ Հարյուրավոր մարդիկ մնում են դեպքի վայրում և ոգևորում են փրկարարներին։

Զուգահեռ թունելը ստիպված են եղել փորել այն պատճառով, որ ջրհորը, որի մեջ ընկել է երեխան, շատ նեղ է, իսկ 28 մետր խորության վրա, որտեղ նա խրվել է, ավելի է նեղանում։

Ժայռամագլցողների և ժայռաբանների տեղական ասոցիացիայի նախագահ Յասին էլ-Քահաբիի խոսքով՝ փրկարարներն արդեն մի քանի անգամ փորձել են երեխային անմիջապես ջրհորի միջով դուրս բերել, սակայն ապարդյուն։

Տարածքի հողի քարքարոտ ու ավազոտ լինելու պատճառով փրկարարները չեն համարձակվել ընդլայնել հորի փոսը։

Ռայանի հայրը տեղական լրատվամիջոցներին պատմել է, որ մի քանի ժամ փնտրել է երեխային, որից հետո հասկացել է, որ նա ընկել է ջրհորը։

«Ես աղոթում եմ Աստծուն, որ նա ողջ-առողջ դուրս գա այս ջրհորից: Տե՛ր, թեթևացրու նրա տառապանքը այս փոշոտ փոսում»,- տեղական հեռուստաալիքներից մեկին ասել է տղայի մայրը՝ Վասիմա Հարշիշը:

«Մենք գրեթե հասել ենք նպատակակետին», - ուրբաթ կեսօրին ասել է գործողության ղեկավարներից Աբդեսալամ Մակուդին: «Մենք երեք օր է անդադար աշխատում ենք, և հոգնածությունն իր ազդեցությունն է ունենում, բայց ողջ փրկարարական խումբը դիմանում է»:

Հազարավոր մարդիկ սոցցանցերում աջակցություն են հայտնել տղային. Մարոկկոյում մի քանի ժամ է՝ #SaveRayan հեշթեգը թրենդային է Twitter-ում։

Ամենից շատ դիտված