Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:08 09-12-2022

Աննա Հակոբյանը այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմաց նրան դիմավորել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն ու արգելոց-թանգարանի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը։ 1965-ից այս տարածքում բազմաթիվ պեղումներ են իրականացվել, հայտնաբերվել են երկաթի ու բրոնզի դարաշրջանների բազմաթիվ գտածոներ: Թանգարանը գործում է 1970-ից:

«Թանգարանի տնօրենը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը, պատմել իրականացվող պեղումների մասին:

Պեղումների ընթացքում պարզվել է, որ դեռ մ․թ․ա․ IV-II դարերում Մեծամորը եղել է խոշոր բնակավայր, ունեցել է աստղադիտարան, մետաղաձուլարաններ, միջնաբերդ, պալատական շինություններ ու տաճարներ։

Արգելոց-թանգարանի տարածքից այս տարիների ընթացքում պեղվել և գտնվել է մոտ 30 հազար առարկա, այդ թվում՝ կավամաններ, զարդատուփեր, կիսաթանկարժեք քարերից, փայտից, ոսկորից, արծաթից ու ոսկուց զարդեր։ Միայն այս տարի 137 կտոր ոսկի է հայտնաբերվել:

Թանգարանի տնօրենը ներկայացրել է ցուցադրված նմուշները, պատմել պայմանական Մեծամոր անվանված բնակավայրի մասին, որի իրական անվանումը մինչև օրս հայտնի չէ:

Հնավայրի տարածքում հայտնաբերվել են կմախքներ, որոնք մոտ 4000 տարեկան են: Նաև նույն ժամանակներին թվագրվող փայտե կահույքի մասեր են հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքում և ուսումնասիրել է ցուցադրված բոլոր նմուշները:

Ըստ աղբյուրի՝ թանգարանից վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղևորվել է Արմավիր համայնք՝ «Արմավիր ֆրութ» չրերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Մանուկյանի ու տնօրեն Հակոբ Անտանեսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է արտադրամասում, ծանոթացել ընկերության գործունեությանը, արտադրատեսակներին։

Նշվում է, որ ընկերությունը 2018-ից է սկսել գործունեությունը, ամբողջ արտադրանքը` չրեր, պահածոներ, մուրաբաներ, ջեմեր, և անգամ գինի, արտահանում են ԱՄՆ:

Նպատակ ունեն ընդլայնել արտադրամասը` չորանոցները, հոսքագծերը, ինչի արդյունքում կկարողանան օրական 100-120 կգ չիր չորացնել:

Աննա Հակոբյանին է ներկայացվել նաև պատրաստման ու փաթեթավորման ընթացքը: Տնօրենի խոսքով՝ առաջնային է բարձրորակ արտադրանք ստանալը։

«Վարչապետի տիկինը նկատել է, որ հայկական շուկա մտնելով, ընկերությունը կարող է նոր որակական մակարդակի բարձրացնել տեղական արտադրությունը, տնտեսական մրցակցությունից զատ ստիպելով ընկերություններին նաև որակական դաշտում մրցակցել: Աննա Հակոբյանը հորդորել է մտածել նաև այդ ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից՝ հավելելով, որ հաջորդ բնակավայրը, ուր այցելել է Աննա Հակոբյանը, Մյասնիկյանն է եղել։ Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցի մոտ վարչապետի տիկնոջը դիմավորել են տնօրեն Արմինե Խաչատրյանը և Լևոն Գալչյանի ծնողները:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լևոն Գալչյանը ծնվել է Թեհրանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Անգլիա։ Սովորել է Անգլիայում և Իտալիայում, մասնագիտությամբ դիզայներ է։ Արվեստագետը կյանքից հեռացել է 39 տարեկանում, ինչից հետո ծնողները Հայաստանում բացել են Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցն ու հիմնադրամը։

Այս դպրոցը հարակից 5 համայնքների 100-ից ավելի երեխաների տրամադրում է մշակութային կրթություն:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, մասնագիտական կողմնորոշումներով:

Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցում արտադասարանական մոտ մեկ տասնյակ խմբակ կա` գորգագործություն, կարպետագործություն, խեցեգործություն, նկարչություն, երգ ու պար, համակարգչային դիզայն:

Վարչապետի տիկնոջը ներկայացրել են նաև Լևոն Գալչյանի գործունեությունը, նրա աշխատանքների նկարները, որոնք յուրօրինակ են ու աշխարհահռչակ: Այստեղ են պահվում նաև Լևոնի Գալչյանի էսքիզների բնօրինակները, որոնց միջոցով երեխաները նկարում են կտորի վրա: Այսպես Լևոնի ծնողները փորձում են ապրեցնել էսքիզները:

Նշվում է, որ Աննա Հակոբյանը հորդորել է տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնել և հնարավորության դեպքում օգտագործել կրթելու և զարգացնելու գործում:

Երեխաների հետաքրքրվածությունը մեծ է` նշել է դպրոցի տնօրենը, վարչապետի տիկինն էլ առաջարկել է դիտարկել ընդլայնվելու հնարավորությունները:

«Պետք է ամեն ինչ անել, տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնելու համար, դրանք պետք է ապրեն»,- կարծիք է հայտնել Աննա Հակոբյանը:

Արվեստագետի հայրը, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ իրենք որոշել են որդու հիշատակին քարե «անշունչ» հուշարձանի փոխարեն «ապրող» հուշարձան կառուցել: Այս քայլով ծնողները ցանկացել են ապրեցնել իրենց որդու աշխատանքը, կրթական նպատակով օգտագործել Լևոն Գալչյանի թողած ժառանգությունը:

Աննա Հակոբյանը գովելի է համարել նման քայլը, հույս հայտնել, որ շատերը կսկսեն նման կերպ առաջնորդվել:

Լևոն Գալչյանի դիզայներական աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչե» և այլ հայտնի նորաձևության տները։

Գալչյանը 2004 թվականին Փոլ ՄաքՔարթնիի համաշխարհային շրջագայության համար կատարել է հագուստի մոդելավորման աշխատանքներ: Նրա աշխատանքները հրապարակվել են մի շարք համաշխարհային համբավ ունեցող ամսագրերում: