Ներքին 3 տարի առաջ - 19:53 09-12-2022

Արցախի նախագահը Լիոնում հանդիպել է մի շարք պաշտոնյաների հետ և հուշագիր ստորագրել

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին այցելել է Լիոն քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Օվերն Ռոն Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահներ Նիկոլա Դարագոնի և Թերի Կովակսի և շրջանային խորհրդի պատասխանատուների հետ:

Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի տարբեր վարչական շրջանների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը, և ընդգծել Օվերն Ռոն Ալպ շրջանի հետ ավանդական դարձած կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում համոզմունք է հայտնվում, որ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև հակամարտությունը կկարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի հարգման պայմանով, ինչպես նաև կոչ է արվում Ֆրանսիային, Եվրամիությանը և միջազգային հանրությանը համախմբված մնալ՝ պաշտպանելու համար Հայաստանի և Արցախի իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը:

Հռչակագրում ասվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներն ու ռմբակոծությունները շարունակվում են, ինչը վկայում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հարգել հայտարարության դրույթները և ոչ էլ դրան հաջորդած բանակցությունների ընթացքում իր ստանձնած պարտավորությունները:

«Արցախից հետո հարձակման ենթարկելով Հայաստանը, ռմբակոծելով և մասնավորապես թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ Ադրբեջանը ցանկանում է բռնությամբ արտատարածքային ճանապարհ (միջանցք) ստեղծել իր տարածքի և Նախիջևանի միջև՝ կտրել-անցնելով Արցախի տարածքը և Սյունիքի մարզը»,- ընդգծվում է հռչակագրի մեջ:

Օվերն Ռոն Ալպ շրջանը վերահաստատել է իր հավատարմությունը ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին և գաղափարներին և անհանդուրժելի համարել հարձակումները սահմանների երկայնքով և քաղաքացիական բնակչության ռմբակոծումները, որոնց միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ստիպել Հայաստանին գնալ զիջումների Արցախի հարցում և ընդունել Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանությունը:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ:

Քննարկվել են Լիոն քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Լիոնի քաղաքապետը հավաստիացրել է, որ Արցախում հումանիտար ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները հետագայում ևս կշարունակվեն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում