Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլայանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոնի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակը, Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները, աֆղան փախստականների ու տեղահանվածների խնդիրը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը կայացել է Ֆինլանդիայի արտգործնախարարի նախաձեռնությամբ։ Աբդոլլահյանը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել է նախորդ տարի Հաավիստոյի այցը Թեհրան՝ նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները ճիշտ ուղու վրա են:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է պատերազմի շարունակմանը՝ այդ թվում նաև Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից Ուկրաինային զենքի անվերահսկելի մատակարարումներն ավելի են բարդացրել իրավիճակը։
Հոսեյն Ամիր-Աբդոլլայանը Ֆինլանդիայի արտգործնախարարին տեղեկացրել է նաև Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ վերջին բանակցությունների մասին։ Ֆինլանդիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ամիր-Աբդոլլահյանին պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վիճակի մասին իրազեկելու համար և վերահաստատել է Հելսինկիի աջակցությունը՝ Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանը:
Պեկկա Հաավիստոն անդրադարձել է նաև Աֆղանստանի հիմնախնդրին։ Նա շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին՝ աֆղան փախստականներին ընդունելու հարցում ցուցաբերած կառուցողական դիրքորոշման համար։ Վերջինս նշել է, որ Ֆինլանդիան պատրաստ է Իրանի հետ շարունակել համագործակցությունը՝ աֆղան փախստականներին օգնելու համար։