Թուրքիայի առաջ խայտառակել Հայաստանը․ ինչ է անում ՀՖՖ-ն
copy image url

Թուրքիայի առաջ խայտառակել Հայաստանը․ ինչ է անում ՀՖՖ-ն

Սպորտ Ներքին 2 տարի առաջ - 20:11 07-12-2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանձն է առել հեղափոխել հայկական ֆուտբոլը։ Ֆուտբոլային գործիչները, քանի որ այլ կերպ են պատկերացնում փոփոխություն ասվածը, ուստի նույնիսկ դրանց նայում են սեփական կետից։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ շուքով հայտարարեց կանանց ֆուտբոլը զարգացնելու մասին։ Այդ օրվանից կանանց ֆուտբոլը հայտնվեց մղձավանջում։ Ազգայինից մինչև 17 տարեկանների հավաքականները կրել և կրում են խայտառակ պարտություններ։

Ինչպես հայտնի է, կանանց ֆուտբոլը ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում է։ Կանանց ֆուտբոլի զարգացման համար ազգային ֆեդերացիաները մեծ գումարներ են ստանում։ Հարկ է ընդգծել, որ ՀՖՖ-ն թաքցնում է, թե որքան գումար է ստանում կանանց ֆուտբոլը «զարգացնելու» համար։ Յուրաքանչյուր տարվա ընթացքում ՀՖՖ-ն հայտարարում է, թե որքան գումարներ է ստացել և փոխանցել ակումբներին՝ fair play-ի համար, սակայն կանանց ֆուտբոլի ֆինանսական շչակը լուռ է․․․

Թվերը խոսում են Հայաստանում կանանց ֆուտբոլի մասին։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը 2022 թվականին 4 պաշտոնական հանդիպում է անցկացրել՝ բոլոր խաղերում էլ պարտվելով․ հաշիվները՝ 0։12, 0։4, 1։2 և 0։7։ Փաստորեն, 1 տարվա ընթացքում խփած ընդամենը 1 և բաց թողած 26 գոլ․․․

Մանկապատանեկան հավաքականներում պատկերը նույնպես ողբալի է։ Ցավոք, մեր հավաքականները պարտություններ են կրում նաև Թուրքիայի ընտրանիներից։ Այսպիսով, մարտին Հայաստանում անցկացվեց մինչև 17 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության որակավորման փուլը։ Մեր աղջիկները 0։2 հաշվով պարտվեցին Լատվիայի տարիքակից հավաքականին, իսկ 0։4 հաշվով՝ Թուրքիայի։ Թուրքերի հետ հանդիպումն ուղղակի խայտառակություն էր․ հայ ֆուտբոլիստուհիները նախ ֆիզիկապես պատրաստ չէին խաղին․ հանդիպման 76-րդ րոպեին ուշաթափվեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհի Արաքսյա Ամիրյանը: Վերջինիս միանգամից օգնության հասան թիմակիցներն ու բժիշկները․․․

Հայաստանը մշտապես փորձել է ներկայանալ նաև ֆուտբոլով։ Հայ ֆուտբոլասերների հիշողություններում վառ է 2008 թվականին «Հրազդան» մարզադաշտում կայացած՝ Հայաստանի և Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումը, որի ընթացքում հայ ֆուտբոլիստները հերոսական հաղթանակ տարան 2։1 հաշվով։ Այնժամ ներկայիս ՀՖՖ-ի ջանքերով հավաքականում կարիերան ավարտած Հենրիխ Մխիթարյանը և ընկերները իսկական տոն պարգևեցին հայերին՝ ապացուցելով, որ որոշ տեղերում մենք կարող ենք ցույց տալ մեր իրական ուժը և հաղթել։

Ինչպես հայտնի է, մեր ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում նույնպես մրցելու է Թուրքիայի հավաքականի հետ։ Ներկայիս ՀՖՖ-ի օրոք թուլացած են ոչ միայն տարբեր տարիքային, այլ նաև ազգային հավաքականը։

Կայացավ նաև կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է B լիգայի 5-րդ խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի մինչև 17 տարեկան հավաքականների հետ։ Էլ ավելի դժվար է իրավիճակը, քանի որ հանդիպումները կայանալու են Անթալիա քաղաքում։

ՀՖՖ-ն ուղղակի պետք է մի քանի տարի դադարեցներ Կանանց Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականների գործունեությունը։ Ֆեդերացիան ազգային հավաքականի օրինակով ամեն ինչ ցույց է տվել․․․ ազգային հավաքականը դարձրել են խաղուպար, այնտեղ հրավիրվում են սեփական պրոյեկտ ԲԿՄԱ-ի՝ բազում պարտություններ կրած երիտասարդները։ Նրանք հրավիրվում են և ընդհատվող մոտիվացիաներով խաղում ազգային թիմում․․․ իհարկե ոմանց չխաղալն ավելի արդյունավետ կլիներ․․․

2021 թվականից վերակազմավորված ֆուտբոլի Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականն, ընդհանուր առմամբ, 8 պաշտոնական հանդիպում է անցկացրել, կրել 7 պարտություն, տարել 1 հաղթանակ։ Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունն է՝ 5։22․․․

Պարզապես չի կարելի խայտառակել երկիրը հանուն նույնիսկ այն գումարների, որոնք ուղղվում են տվյալ ոլորտի զարգացմանը։ Հայկական ֆուտբոլը մոտ չէ շվեդականին, բելգիականին, որպեսզի մենք կարողանանք մեզ շռայլություններ թույլ տալ և աղջիկների տարբեր տարիքային հավաքականներ ունենալ․․․ վերջիվերջո, հնչում են Հայաստանի, Թուրքիայի օրհներգերը։

Արման Առաքելյան