Իրանի հոգևոր առաջնորդն ընդունել է Իրաքի վարչապետին
copy image url

Իրանի հոգևոր առաջնորդն ընդունել է Իրաքի վարչապետին

Արտաքին 2 տարի առաջ - 12:08 30-11-2022
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընդունել է Թեհրանում գտնվող Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիին։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրաքի առաջընթացն ունի թշնամիներ, ովքեր չեն կարող բացահայտորեն արտահայտել իրենց թշնամանքը, սակայն չեն ընդունում նրա օրինական կառավարությանը։ Նրա խոսքով՝ Իրաքը պետք է վճռականորեն դիմադրի թշնամու ծրագրերին՝ հիմնվելով իր վճռական երիտասարդների վրա։

Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ Իրաքի առաջընթացը բխում է Իրանի շահերից։ Նա Իրաքի վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Մուհամեդ Շիա ալ-Սուդանիին՝ նրան անվանելով բարեպաշտ և ընդունակ մարդ։

Վերջինս հայտնել է, Իրաքն իր բնական և մարդկային ռեսուրսներով, մշակութային, պատմական և քաղաքակրթական նախադրյալներով տարածաշրջանի լավագույն արաբական երկիրն է։ Նա ափսոսանք է հայտնել, որ չնայած այս ամենին Իրաքը դեռ չի հասել իր բարձունքին։

Անդրադառնալով Իրաքի վարչապետի այն հայտարարությանը, որ երկրի սահմանադրության համաձայն՝ Իրաքը թույլ չի տա, որ որևէ կողմ Իրանի անվտանգությունը խաթարելու համար օգտագործի իրաքյան տարածքը՝ Ալի Խամենեին ափսոսանք է հայտնել, որ դա ներկայումս խախտվում է Իրաքի որոշ հատվածներում։ Նրա խոսքով՝ խնդրի միակ լուծումն այն է, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը իր վերահսկողությունը տարածի նաև այս տարածքներում:

Խամենեին նաև ասել է, որ Իրաքի անվտանգության հարցում Իրանի մոտեցումն այն է, որ եթե որևէ կողմ մտադիր է սպառնալ Իրաքի անվտանգությանը, ապա Իրանը հաստատակամորեն կպաշտպանի այն: Վերջինս իր խոսքում Իրաքի անվտանգությունը համարել է Իրանի անվտանգությունը։