Ուղիղ եթեր
Պայմանագիրը կնքելուց հետո էլ խաղաղություն չի լինելու․ երբ Ալիևը հարմար գտավ, պատերազմը վերսկսելու է․ Մհեր Հակոբյան
copy image url

Պայմանագիրը կնքելուց հետո էլ խաղաղություն չի լինելու․ երբ Ալիևը հարմար գտավ, պատերազմը վերսկսելու է․ Մհեր Հակոբյան

Ներքին 2 տարի առաջ - 17:36 15-11-2022
Ադրբեջանը կրկին կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, կրկին հայտարարում է, թե Հայաստանն է խախտում հրադադարի ռեժիմը, խոսում է Բաքվի՝ Հայաստանի կեսն ու Արցախը վերցնելու նպատակների մասին ու Հայաստանի հավանական դիմադրության դեպքում հնչեցնում իրական ռազմական սպառնալիքներ։

Այս իրավիճակում մեզ մոտ կրկին խոսում են խաղաղության օրակարգի մասին․ ինչպե՞ս է դա հնարավոր։ Այս խնդրի մասին Oragir.News-ի հարցերին ի պատասխան ռազմական պատմաբան, իրավագետ Մհեր Հակոբյանն ասաց, որ դեռ 2020 թվականի նոյեմբերի 12-ից է տեսել, որ այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր»-«խաղաղության օրակարգ»-ը իրական օրակարգ չէ, այլ միայն ներքաղաքական բովանդակություն ունի․ դա իշխանությունների փորձն է վերջին ծանր պատերազմից ահաբեկված հասարակությանն ինչ-որ ուղերձ տալ, թե՝ լավ, կորցրինք Արցախը, հիմա խաղաղություն կլինի։

«Հասարակության որոշ մասը, որ, իրոք, ահաբեկված էր, կուլ տվեց այդ խայծը՝ ասելով-կրկնելով․ «Մեզ Արցախը պետք չի»։ Որոշ վատ հայեր նույնիսկ արտաբերեցին․ «Արցախը Հայաստան չէ», սկսեցին հիստերիկ ձևով նախկիններին մեղադրել։ Մտածող մարդու համար (նույնիսկ որոշ իշխանավորների համար) ակնհայտ էր, որ դա այդպես չէ, սակայն խնդիր էր դրված իշխանությունը պահել, և նրանք այդպես պահեցին իշխանությունը»,- նշեց Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ պաշտոնական Բաքուն միշտ էլ պահանջել է շատ ավելին, քան նոյեմբերի 10-ի հայտարարությունն էր սահմանում․ «Ադրբեջանին ինչ-որ պահի թվում էր, որ կկարողանա մեզ ստիպելով ավելինի հասնել։ Հետո հասկացավ, որ դա այդպես չի ստացվում։ Ու սկսեց էսկալացիայի տանել։ Դրա արտահայտությունն էլ մենք բազմիցս տեսանք․ 2021 թվականի մայիսին, երբ առաջին անգամ մտավ ՀՀ ինքնիշխան տարածք, Վարդենիսում, 2022 թվականի օգոստոսին, սեպտեմբերյան մարտական գործողություններում և այլն։

«Խաղաղության պայմանագիր-օրակարգ»․ իրականում փուչ-դատարկ խոսքեր են։ Եթե նույնիսկ կնքենք խաղաղության պայմանագիր, այս ամենը կրկին շարունակվելու է։ Իրենք կրակելու են, մեզ մեղադրեն, մի օր էլ Ալիևը նորից կասի՝ նենգամիտ հայերը խաղաղության պայմանագիրը չպահեցին, ես նորից պիտի իրենց պատժեմ»։

Խնդիրը, ըստ Հակոբյանի, ուժերի անհավասարություն է, որի պարագայում թույլի հետ ոչ ոք խաղաղություն չի կնքում։ «Ալիևը կարծում է, որ մեր նկատմամբ ունի ուժային առավելություն․ ավելին, երբ Բաքվի լրատվամիջոցներն ես դիտարկում, բոլորը մեզ պարտադրելու մտքերով են տարված՝ «թող շուտ կնքեն, թե չէ վատ կլինի» տարբերակով։ Բայց, պիտի կրկնեմ, որ այդ պայմանագիրը կնքելուց հետո էլ խաղաղություն չի լինելու։ Երբ Ալիևը հարմար գտավ, մի առիթ-պատճառ բերելով՝ պատերազմը վերսկսելու է։ Իսկ առիթներ ու պատճառներ միշտ էլ կգտնվեն»։

Ի՞նչ է պետք անել․ «Իրականում պետք է ուժեղանալ և այդ ուժեղացած դիրքերից խոսել խաղաղության մասին։ Որովհետև դիմացինը միամիտ չէ։ Նա տեսնում է, որ կարող է քեզնից պատերազմի սպառնալիքով ստանալ իր ուզածը։ Մենք, ցավոք, մեր կառավարչական- ներքաղաքական կյանքում դիլետանտ ենք, իսկ մեր թշնամին մեր դեմ պայքարում է գիտական մոտեցումներով՝ վերլուծելով Հայաստանի սոցիալական, ռազմական դրությունը։ Ընդհուպ մինչև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հոգեբանական վիճակի մասին տվյալներ են հավաքում և վերլուծում, համադրում հետախուզական տվյալների հետ։ Նրանք միամիտ չեն։ Մենք, ի՞նչ է, կարծում ենք՝ կխաբենք, իրենք էլ չե՞ն հասկանա»,- նշեց ռազմական պատմաբանը։

Խաղաղության հասնելու միակ իրական միջոցը ուժեղ լինել․ «Եթե, օրինակ, հիմա ուժեղ լինեինք և մեր ինքնիշխան տարածքներից թշնամուն կորուստներով դուրս մղեինք, այլ կերպ կլիներ։ Տեսե՛ք, ինչպես է փոխվում իրավիճակը ռուս-ուկրաինական պատերազմում․ փետրվարի վերջին, եթե ռուսներին առաջարկեիք խաղաղություն, կասեին՝ ոչ մի խաղաղություն, մենք պիտի Կիևը գրավենք, բայց հարցը հասել է նրան, որ հիմա արդեն Մոսկվան դեմ չի բանակցություններին։ Որովհետև ինչպես սիրում է ասել Սերգեյ Լավրովը, գետնի վրա իրավիճակը թելադրում է բանակցային գործընթաց։ Հիմա, երբ թշնամին գիտի, թե ինչ վիճակում է մեր բանակը, մեզ վրա ծիծաղում է բանակցությունների սեղանի մոտ՝ ա՞յս բանակով եք կռվելու։ Իսկ մենք ոչ մի ռազմավարական զարգացում չենք անում։ Մեր հասարակության մի շերտ կա, որ խաբված է խոստումներով, այդ զանգվածի հաշվին էլ իշխանությունները պահում են իրենց դիրքերը, երկիրն էլ գնում է՝ անհայտ ուղղությամբ, ցավոք»։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
23:44 ChatGPT-ն մեկնաբանել է Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը
17:13 Ով մեզ կասի թուրք՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ. Արսեն Թորոսյան
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են 
21:09 ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխում Հայաստան. ինչ է սա նշանակում