Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:37 08-11-2022

Երևանի և Բաքվի կողմից տեսնում ենք իրական և խիզախ քայլեր՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, երեկ Վաշինգտոնում ողջունելով ՀՀ և Ադրեբջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

«Ուղիղ երկխոսությունը իսկապես կայուն խաղաղության լավագույն միջոցն է, և մենք շատ ուրախ ենք դրան աջակցելու համար»,- ասել է պետքարտուղարը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը, և 1991 թվականի անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, իրավունքներ, որոնց, ըստ Բլինկենի, ԱՄՆ-ն մեծապես աջակցում է։

«Կարծում եմ, որ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 30 տարվա հակամարտությունը պատճառել է հսկայական մարդկային, նյութական կորուստներ՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակով և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար:

Եվ ես պարզապես կասեմ, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու ձեզ այս ջանքերում, քայլել ձեզ հետ տևական խաղաղության ճանապարհով, օգնել ամեն կերպ, ինչով կարող ենք: Սա, կարծում եմ, ավելի լավ, պայծառ ապագայի խոստումն է։

Եվ ես ողջունում եմ և՛ ձեզ, և՛ ձեր կառավարություններին այն խիզախության և վճռականության համար, որ դուք ցուցաբերում եք այդ նպատակակետին հասնելու համար», - ասել է Բլինկենը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից