Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայի նախագահական նստավայրում, տեղեկացրել է Times of Israel-ը։
Գանցի գրասենյակի տվյալներով՝ կողմերը քննարկել են «մի շարք ռազմավարական հարցեր եւ երկու երկրների հավատարմությունը Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Միջերկրածովում կայունության, բարգավաճման եւ անվտանգության ապահովման գործին»։
Գանցը շնորհակալություն է հայտնել Էրդողանին այն բանի համար, որ թուրքական իշխանությունները կարողացել են կանխել «իրանական կազմակերպությունների հարձակումների շարքը, որոնք ծրագրում էին սպանել կամ առեւանգել իսրայելցի զբոսաշրջիկներին Ստամբուլում, հուլիսի վերջին»։ «Ահաբեկչության դեմ պայքարի այդ գործունեությունը մեծ նշանակություն ունի երկրների միջեւ համագործակցության եւ պաշտոնական պաշտպանական հարաբերությունների վերականգնման համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Գանցին ուղեկցում էր նրա թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարը, որի հետ նա հանդիպել էր ավելի վաղ՝ քննարկելու համար երկրների միջեւ պաշտպանական կապերի վերականգնման հարցը։
Աքարի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունում Գանցը նշել է. «գաղտնիք չէր, ոչ մեր կապերը բախվել են դժվարությունների», բայց ավելացրել է, որ «նշանավոր» ուղեւորությունը՝ առաջինը տասը տարվա ընթացքում, «ապագայում զուտ դրական իրադարձությունների հստակ ազդանշան է»։ «Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Թուրքիան մտնում է մեր խոշոր առեւտրային գործընկերների հնգյակի մեջ։ Տարիների ընթացքում մեր տնտեսական կապերը խորացել են»,- ասել է Գանցը։
«Դիվանագիտական ճակատում մեր դեսպանների վերադարձը մեզ համար հիմք է դրել այսօր։ Փաստորեն, իմ այցն Անկարա իսրայելցի ղեկավարի երրորդ այցելությունն է մեկ տարուց էլ պակաս ժամանակում։ Դարպասները բացվել են, եւ կա առեւտրում, զբոսաշրջության, արդյունաբերության եւ շատ այլ ոլորտներում համագործակցելու մեծ պոտենցիալ»,- ասել է նա։
«Թուրքիան եւ Իսրայելը կառուցել են ժամանակակից առաջավոր հասարակություններ՝ հարուստ պատմության հիման վրա։ Մեր ապագան բազմախոստում է, բայց կախված է մեր ընդհանուր հետաքրքրվածությունից տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության եւ կայունության ապահովման իմաստով»,- շարունակել է նա։ « Ես կարծում եմ, որ միասին կարելի է շատ ավելին անել, որպեսզի նվազեցվի նրանց ազդեցությունը, ովքեր ապակայունացնում են մեր տարածաշրջանները՝ աջակցելով ահաբեկչությանը»։
Գանցը նշել է Իսրայելի կապերը Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ ավելացնելով, որ «առաջ շարժվելով՝ մենք պետք է որդեգրենք կայուն, դրական մոտեցում մեր հարաբերություններում՝ աջակցելով բաց երկխոսությանը»։