Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:15 26-10-2022

Մեր իշխանությունները չափազանցում են Թուրքիայի հետ սահմանի բացման օգուտները և նվազեցնում՝ վտանգները․ Պապյան


Թուրքական իշխանամետ «Սաբահ» պարբերականն, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այն բանից հետո, երբ Ադրբեջանն այսպես կոչված ազատագրել է իր տարածքները օկուպացիայից։

Իշխանամետ պարբերականն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենալուրջ քայլը կարող է լինել ցամաքային առևտրի մեկնարկը՝ շեշտելով, որ Գյումրին և՛ Ալիջանից (հայկական կողմից Մարգարա), և՛ Աքյաքայից (Ախուրիկ) գտնվում է հեռադիտակի հեռավորության վրա։ Իրենց դիտարկմամբ՝ սահմանների բացման պարագայում Ախուրիկ-Աքյաքա սահմանային անցակետը կարող է շահագործվել մեկ ամսվա ընթացքում։

Ի՞նչ տնտեսական և դիվանագիտական թակարդներ կարող են լինել նմանատիպ պայմանագրում․ Oragir.News-ի այս հարցերին պատասխանելով՝ քաղաքագետ Արա Պապյանը նշեց, որ նախ պետք է մանրամասն նայել այդ փաստաթուղթը, քանի որ կարևոր են մասնրամասները։ «Սակայն, ընդհանուր առմամբ, չեմ կարծում, թե դա կարող է Հայաստանի համար նպաստավոր լինել, քանի որ Հայաստանը չունի Թուրքիա արտահանելու որևէ բան՝ տարեկան 3 մլն դոլարի ապրանք է արտահանում, այն էլ՝ աննշան կաշի, նման բաներ, բայց փոխարենը ներմուծում է 100 անգամ ավելի շատ։ Առանց մանրամասների քննարկման, մաքսատուրքերի հստակեցման և այլ կարգավորումներ, դա կարող է հանգեցնել նրան, որ օրինակ, գյուղատնտեսական շուկան ամբողջովին կգրավվի թուրքերի կողմից, և մեր գյուղացիությունը, որ առանց այդ էլ մի կերպ է ապրում՝ իր արտադրանքը վաճառելով, կսննկանա ու կարտագաղթի երկրից։ Կարծում եմ՝ մեր իշխանությունների կողմից չափազանցված են օգուտները և նվազեցված են վտանգները»։

Պատասխանելով դիվանագիտական խնդիրների մասին հարցերին՝ նա նշեց․ «Եթե փաստաթղթում ձևակերպում կա Հայաստան-Թուրքիա սահման, եթե հղում է կատարվում սահմաններին, դա նշանակում է, մենք ուրանում ենք Հայաստանի Հանրապետության դե յուրե պատկանող տարածքը։ Հայաստանի Հանրապետության տարածքը և Սովետական Հայաստանի տարածքը երկու տարբեր բաներ են։ Հայաստանի ներկա իշխանությունը չի կարող նման մի փաստաթղթով որոշել հայ-թուրքական սահմանը։ Հայ-թուրքական սահմանը որոշված է միջազգային փաստաթղթով և կարող է փոփոխության ենթարկվել միայն միջազգային փաստաթղթով։ Հիմա խնդիրն այն է, որ մի քանի կիլոգրամ էժան լոլիկի կամ սմբուկի համար կձևակերպեն այդ սահմանը՝ որպես միջպետական սահման, դրանից ոչինչ մենք չենք ստանա, կունենանք նշված կորուստները, որ և՛ անվտանգության առումով և՛ տնտեսական լրջագույն հարված կլինեն։

Պապյանը հիշեցրեց, որ խոսքը Վուդրո Վիլսոնի 1920թ․իրավարար վճռի մասին է, որի համար հիմք է եղել Փարիզի Վեհաժողովի համապատասխան հայցադրմումը։ «Դա միակ օրինական փաստաթուղթն է, որով որոշվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Դրանից հետո Հայաստանն օկուպացիայի է ենթարկվել ռուս-թուրքական 11-րդ կարմիր բանակի կողմից, փոխադարձ գործարքի հետևանքով կնքվել է անօրինական Մոսկվայի պայմանագիրը, անօրինական Կարսի պայմանագիրը, և ՀՀ-ին օրինապես (ոչ թե պատմական Հայաստանի՝ Տիգրան Մեծի և այլն), այլ հենց օրինապես պատկանող միջազգայնորեն փաստաթղթով, իր ժամանակի բարձրագույն մարմնի կողմից ճանաչված սահմանն ու տարածքները։ Հիմա, ամրագրելով սովետաթուրքական սահմանները՝ որպես Հայաստան-Թուրքիա սահման, Նիկոլ Փաշինյանը մեր գործող Սահմանադրությունն է ոտնահարում, կատարում է քրեորեն պատժելի արարք, քանի որ սահմանների փոփոխությունը կարող է ի կատար ածվել միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով»,- ասաց նա։

Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: Այս լուրին անդրադառնալով՝ Պապյանն նշեց․ «Ես չեմ հասկանում՝ ինչու է ՀՀ-ն շահագրգռված, որ երրորդ երկրների քաղաքացիները դյուրությամբ անցնեն սահմանը․ երրորդ երկրների քաղաքացիներով թող զբաղվեն երրորդ երկրները։ Այստեղ ես լուրջ կասկածներ ունեմ, որ երրորդ երկիր ասելով՝ նկատի ունեն Ռուսաստանը և բուն նպատակն է դյուրացնել Ռուսաստանի փոխադրումները»։

Ուղիղ ավիափոխադրումներից ի՞նչ շահ կամ ի՞նչ վնաս կարող ենք ակնկալել՝ հարցին ի պատասխան՝ քաղաքագետը հիշեցրեց․ «Տարիներ շարունակ Երևան-Ստամբուլ չարտերային չվերթները եղել են․ հստակ ամբողջ տարվա համար եղել է չվացուցակ։ Հիմա, որ շաբաթը մի քանի հարյուր հոգի ավելի հեշտ գնա-գա, դրանից ի՞նչ ենք շահում։ Ինչո՞ւ ենք երկրի արմատական շահերը զոհաբերում ընդամենը մի քանի հարյուր մարդու հարմարավետության համար, որոնց մեծ մասը չի էլ լինելու ՀՀ քաղաքացի։ Այս ամենը ուղղակի թուրքական և ռուսական օրակարգերի սպասարկում է»։

Պապյանը նշեց, որ վտանգներից հիմնականը կրկին «սահման» եզրույթի կիրառումն է, որ անխուսափելիորեն լինելու է նաև այս փաստաթղթում։ «Այս փաստաթղթի մեջ էլ պարբերաբար նշվելու է «սահման», «հայ-թուրքական սահման», և այս ձևակերպումները վաղը մեր դեմ են բերելու, ասելու են՝ ընդունել եք, որ սա է սահմանը»,- ընդգծեց քաղաքագետը։

Նշենք, որ թուրքական իշխանամետ պարբերականը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այն բանից հետո, երբ Ադրբեջանն, այսպես կոչված, ազատագրել է իր տարածքները օկուպացիայից։ Այս պահին Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ արագացնում են Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթեր ստանալու գործընթացը՝ ըստ էության շտապելով թեկուզ անուղղակի ամրագրել մեր կորուստներն - իրենց նվաճումները՝ կտրուկ սահմանափակելով մեր հետագա դիվանագիտական աշխատանքի հնարավորությունները։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

16:21 Արտահո՞սք «Ինեկոբանկից». 5 մլն 400 հազար դրամի օնլայն վարկ` առանց ստորագրության
15:15 Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան
10:56 Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին. սոխը կիլոգրամով է ծախում, սխտորը` գրամով
22:05 Թուրքական համարանիշներով ֆուռ` Կենտրոնական բանկի բակում
20:15 Աննա Հակոբյանի այցը Քաթար հարցեր է առաջացրել իշխանության իրական մտադրությունների վերաբերյալ
16:34 Կապիկություն ես անում, բա 2020-ին ինչի՞ չթռար սահման՝ երեխեքի կողքը կանգնեիր․ Սոֆյա Հովսեփյան
10:07 Աննա Հակոբյանը՝ աթաթուրքի գլխարկ կրելու, արաբ շեյխերի հետ հանդիպման և «սրտիկ»-ով հացի մասին
19:20 Վահան Տերյանը երբևէ չի եղել պետության ուշադրության կենտրոնում և ահա թե ինչու. Գևորգ Էմին-Տերյան
14:11 Անահիտ Մանասյանը չի մասնակցել Կատարում անցկացված Արաբական ձիերի միջազգային փառատոնին․ Էդգար Ղազարյան
23:18 Ուղերձները տեղ հասան. Էդգար Ղազարյան