Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:27 20-10-2022

Մենք պատերազմի վերսկսման բոլոր տարբերակները բացառում ենք․ ՀՀ նախագահը՝ Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Հայաստանը բացառում է պատերազմի վերսկսման բոլոր տարբերակները, ձգտում է խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Բուլղարիա իր պաշտոնական այցի շրջանակում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները
Նախագահը խոսեց ԵՄ դիտորդական առաքելության մասին՝ կարևորելով առաքելության գործունեությունը՝ ամրագրելու, արձանագրելու այն փաստը, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը, դա ներկայացնելու միջազգային այլ ատյաններ՝ Ադրբեջանին ստիպելու ենթարկվել զորքերը հետ քաշելու պահանջին: «Այս առումով և Բուլղարիայի, և ԵՄ այլ երկրների օգնությունն ու միջամտությունը շատ կարևոր է»,-նշեց նախագահը:

Խաչատուրյանը հորդորեց հայ համայնքին Բուլղարիայում իրենց կապերով տարբեր մակարդակներում տեղ հասցնել այն փաստը, որ տեղի է ունեցել ոտնձգություն Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, և Հայաստանը խաղաղության է ձգտում: «Մենք գնում ենք խաղաղության, բայց այդ խաղաղությունն իր գինը ունի մեզ համար: Դա չի նշանակում, թե մենք ծնկաչոք ենք գնում, աղերսում ենք. ոչ, մենք ուղղակի հայտարարում ենք, որ գնում ենք խաղաղության, մեր տարածքից ոչ մի սանտիմետր զիջելու մտադրություն չկա և չի էլ կարող լինել»,-նշեց Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցք» հասկացողություն չի լինելու:

Ըստ նախագահի՝ հայկական կողմը պատրաստ է սահմանները բացել, հնարավոր խաղաղության պայմանագրի համար առաջարկներում էլ ընդգծել է, որ Ադրբեջանն էլ պետք է բացի սահմանները, հայկական կողմն էլ պետք է օգտվի իրենց ենթակառուցվածքներից, այսինքն՝ երկու կողմերն էլ կարող են օգտվել միմյանց ենթակառուցվածքներից՝ միայն միջազգայնորեն ընդունված նորմերի շրջանակում: Իսկ Ադրբեջանի պատկերացումները, թե կարող են ազատ տեղաշարժվել՝ առանց ստուգումների, առանց կանոնակարգումների, չեն կարող իրականանալ: Նախագահը ընդգծեց նաև գերիների փոխանակման, անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարևորությունը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է բանակցություններին: «Մենք պատերազմի վերսկսման բոլոր տարբերակները բացառում ենք, չենք ցանկանում»,-նշեց Խաչատուրյանը:

Անդրադառնալով Արցախին՝ նախագահը հիշեցրեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որի համաձայն տեղակայվել են ռուս խաղաղապահ ուժերը՝ ապահովելու ԼՂ-ում ապրող հայրենակիցների խաղաղ ու անվտանգ կյանքը: Սակայն, նախագահը հիշեցրեց, որ նախնական պայմանավորվածությունը 5 տարի է: Հայկական կողմին անհանգստացնում է Ալիևի պահվածքը, նա չի ընդունում Մինսկի խմբի գործունեությունը, ԼՂ հարցը լուծված է համարում: Նախագահը, սակայն շեշտեց՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն էլ գտնում են, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է որոշվի ԼՂ հարցի լուծումը: Ռուսական կողմի մոտ էլ այդ հարցն օրակարգում է: Տարբեր փաստաթղթեր կան այդ առնչությամբ: Թեև հույս չկա, որ Ադրբեջանն այս առումով կառուցողական կլինի, սակայն Հայաստանը գտնում է, որ հարցը պետք է միջազգային գործընկերների հետ քննարկել:

Ձեզ գուցե հետաքրքրի