Ադրբեջանական լրատվամիջոցներն ու սոցցանցերի օգտատերերը երեկվանից հեգնում են ՀՀ ՊՆ հաղորդագրությունը ադրբեջանական նոր տիպի սադրանքների մասին․ «Մենք իրար վրա ենք կրակում՝ ասում են հայերը․ ասում էի, չէ՞, բոլոր գնդակների վրա նշան անենք։ Արծրունի գործը բարգավաճում է։ Մտածում էի՝ էլ ինչով պիտի մեզ զարմացնեն» և նման հարյուրավոր գրառումներ են տարածվում։
Փաստացի շփման գծում ադրբեջանական սադրանքների նոր «սցենարով» աշխատանքի մասին Oragir.News-ը հարցրեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին․ նա վերահաստատեց՝ նշելով․ «Սոթք-Կուտական հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ։ Նպատակն է՝ ստեղծել տպավորություն, որ հայկական կողմն է կրակում ադրբեջանական հենակետերի ուղղությամբ, այնուհետև սկսում են տարբեր հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ և դա ներկայացնել՝ իբր ի պատասխան հայկական կողմից ստացված կրակի»։
Հարցին՝ դա վերևից իջեցված նոր՝ ընդհանուր կիրառման «սցենա՞ր» է, Թորոսյանը պատասխանեց, որ այս պահին նման գործելաոճ արձանագրվել է Սոթք-Կուտական հատվածում։
Ադրբեջանական կայքերում նաև անհանգստություն-խուճապ է նկատվում ՀՀ Պաշտպանության նախարարի՝ Հնդկաստան այցի հետ կապված․ այս թեմայով խոսելիս ադրբեջանցիներն ընդգծում են իրենց և Պակիստանի ռազմական փոխգործակցության մասին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ վտանգներ է տեսնում Ադրբեջանը հայ-հնդկական մերձեցումից, և կա՞ն Հնդկաստանի հետ նոր գնումների պայմանավորություններ․ այս հարցին ի պատասխան՝ Թորոսյանն ասաց, որ պաշտոնական հաղորդագրությունից ավելին ասել չի կարող․ «Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցման ընդլայնման հնարավորություններ, ինչպես նաև՝ երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր»։
Ինչպիսի՞ն է հիմա՝ գիշերային լարվածությունից հետո, իրավիճակը սահմանին՝ հարցրեցինք ՊՆ խոսնակին։ «Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը 12:10-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափերի հրաձգային զինատեսակներից կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,- հաղորդեց նա։
Տեղեկություններ կան, որ լարված պայմաններում տևական ժամանակ հերթապահություն իրականացրած մեր զինծառայողների շրջանում այս օրերին տարածվում են օդակաթիլային վարակներ, շատերի մոտ՝ հոգնածության ֆոնին՝ զարգանում է թոքաբորբ․ հաղորդեցինք։ ՊՆ խոսնակը խոստացավ ճշտել և պատասխանել գրավոր հարցում ստանալուց հետո՝ նշելով․ «Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերը լիարժեք՝ ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրը մեծագույն պատասխանատվությամբ, և իրականացվում են գործողություններ զինծառայողների առողջությունը լավ պահելու համար»։
Կարմեն Մարտիրոսյան