Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:48 17-10-2022

Այն, ինչ կարելի է Վահագն Հովակիմյանին, չէր կարելի Հրայր Թովմասյանին․ որտեղ է Սուրեն Գրիգորյանը և ինչու չի խոսում Հովակիմյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերի մասին

«Քաղաքացիական պայմանագրում» մի խիստ «գրագետ» իրավաբան կար՝ Արդարադատության նախկին փոխնախարար, պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ով իր փխրուն ուսերին էր վերցրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։

Նա լուրջ դեմքով խորհրդարանում ներկայացնում էր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու 4 հիմքերը։ Դրանք էին՝
1. Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ դառնալը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ և փոխկապակցվածություն ունի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ,

2. Հրայր Թովմասյանը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն,

3. Հրայր Թովմասյանի կողմից Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները,

4. Բոլոր հանգամանքների առկայության պայմաններում ՍԴ-ում Թովմասյանի կողմից թե՛ վարույթի սկզբում, թե՛ ընթացքում, թե՛ վերջնական որոշմամբ անդրադարձ չի կատարվել հանգամանքներին:

Հիմա ժամանակն է, որ այժմ արդեն Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին խնդրենք նմանատիպ մի ելույթ էլ ունենա Վահագն Հովակիմյանի վերաբերյալ, ով իշխող քաղաքական մեծամասնության կողմից գործուղվել է անկախ սահմանադրական մարմնի նախագահ՝ սահմանադրական դրույթների էական ոտնահարմամբ։

Նրա լիազորությունները դադարեցնելու հիմքերը շատ ավելի շատ և ծանրակշիռ են, քան Թովմասյանի դեպքում, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ թե սահմանադրական կառույցների անկախության, այլ դրանք իրենով անելու, յուրային անձանց գործուղելու սկզբունքով է առաջնորդվում՝ երկակի ստանդարտներ կիրառելով։ Եվ այսպես։

1․ Վահագն Հովակիմյանի ընտրությունը հակասահմանադրական է, նա ԱԺ-ում մասնակցել է իր իսկ ընտրության քվեարկությանը՝ խախտելով «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը։

Մասնավորապես, Հովակիմյանը պարտավոր էր շահերի բախման վերաբերյալ հայտարարություն անել, հրաժարվեր քվեարկությունից, մինչդեռ հենց իր ձայնի շնորհիվ է նա ընտրվել ԿԸՀ նախագահ։

2․ Հովակիմյանի ընտրվելու համար վաղօրոք փոփոխություններ են արվել «Ընտրական օրենսգրքում»՝ այդպիսով հանելով ԿԸՀ անդամին ներկայացվող մի շարք պահանջներ՝ հավասարեցնելով այն պատգամավորին ներկայացված պահանջներին, որպեսզի «անդիպլոմ, անփորձ» ՔՊ-ականին գործուղեն այդ կարևորագույն կառույց։

3․ Հովակիմյանը կանգնած է ՔՊ-ի հիմնադրման ակունքներում, կուսակցական գործիչ է, տարիներ շարունակ ՔՊ-ի լիազոր ներկայացուցիչն է եղել ԿԸՀ-ում, կուրացիա է արել նախընտրական շտաբները ընտրությունների ժամանակ, հանդիպել թեկնածուների հետ։ Ինչպե՞ս կարող է կուսակցության վարչության անդամը վեր կանգնել քաղաքական պայքարի մտածողությունից և արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ կազմակերպել։

4․ Հովակիմյանի թեկնածությունը այնքան անընդունելի է, որ անգամ 71 թիմակից պատգամավորներից նրան ձայն են տվել 65-ը՝ Հովակիմյանը՝ ներառյալ, նրա թեկնածությանը դեմ է արտահայտվել նաև իշխանության բոլոր մեղքերը ներող ՀԿ սեկտորը։

5․ Ի տարբերություն Հրայր Թովմասյանի, ով ԱԺ-ի կողմից ընդամենը ՍԴ դատավոր էր ընտրվել, արդեն դատարանի անդամների կողմից՝ նախագահ, Հովակիմյանը միանգամից սահմանադրական անկախ կառույցի նախագահ էր ընտրվել։

6․ Հովակիմյանի կողմից նախկինում արված քաղաքական հայտարարություններին, քավոր-սանիկական, ընկերաբարեկամական կապերին անդրադառնալը թերևս ավելորդ է։ Հարց է առաջանում՝ որտեղ է Սուրեն Գրիգորյանը, հո ինչ-որ բան չի՞ պատահել մեր սիրելի փոխքաղաքապետին, ինչո՞ւ է լռում Հովակիմյանի ընտրության վերաբերյալ, նույնիսկ իր քաղաքական թիմի անդամներին չի հուշում ՍԴ դիմել: