Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:24 13-10-2022

Հովակիմյանի ընտրությունը՝ հակասահմանադրական․ նա ընտրվել է ինքն իրեն քվեարկելու շնորհիվ

Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրությունը հակասահմանադրական է։ ԱԺ-ում Հովակիմյանը մասնակցել է իր իսկ ընտրության քվեարկությանը՝ խախտելով «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը։

Մասնավորապես, Հովակիմյանը պարտավոր էր շահերի բախման վերաբերյալ հայտարարություն անել, հրաժարվեր քվեարկությունից։

Նկատենք նաեւ, որ երբ ԿԸՀ նախագահի թեկնածուի փակ քվեարկության վերջում խցիկին մոտեցել է հենց ինքը՝ թեկնածուն՝ այդ պահին դեռ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը, քվեարկությանը նրա մասնակցությունը հարցեր է առաջացրել անգամ նրա թիմակիցների մոտ:

Հովակիմյանը վստահեցրել է, թե իր մասնակցության մասով որևէ արգելք չկա. «ԱԺ կանոնակարգը շահերի բախում տեսնում է, երբ որ օրենքների քննարկում է, որ դրանից կարող է անձին շահեկան լինի»:

Մինչդեռ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի (Պատգամավորի շահերի բախումը) 1-ին մասի 5-րդ կետում հստակ նշվում է, որ պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը (ընդգծել), որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաև որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի:

Նշված օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը սահմանված չէ. «Պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոններ են Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների, խմբակցությունների ղեկավարների եւ քարտուղարների պաշտոնները, ինչպես նաեւ Ազգային ժողովի կամ նրա մարմինների լիազորությունների կամ գործառույթների իրականացմանն առնչվող այլ պաշտոններ»:

Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի: Մինչդեռ, Հովակիմյանը ոչ միայն հայտարարությամբ հանդես չի եկել, այլեւ մասնակցել է իր իսկ ընտրությանը՝ իր իսկ քվեով իրեն դարձնելով ԿԸՀ նախագահ։

Բանն այն է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Հովակիմյանին նվազագույնը 65 ձայն էր պետք, այնքան, ինչքան նա ստացել է եւ չէր ստանա, եթե անձամբ չքվեարկեր ինքն իր օգտին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 71 պատգամավոր ունի, բայց մենք ավելի վաղ հայտնել էինք, որ թիմում դեմ են եղել Հովակիմյանի թեկնածությանը։ Նրա թեկնածությունը անընդունելի էին համարել 17 հասարակական կազմակերպություններ, քաղհասարակություն, իշխանամերձ հասարակական, քաղաքական գործիչներ։

Բոլորովին վերջերս մասնավոր բուհից «իրավաբանի» դիպլոմ ստացած Հովակիմյանի թեկնածությունը խնդրահարույց էր նաեւ ՔՊ-ական լինելու պատճառով։

Այսպիսով՝ եթե Վահագն Հովակիմյանը ապօրինի չմասնակցեր իր քվեարկությանը, ապա արդյունքները բավարար չէին լինի իր ընտրության համար: Մնում է ընդդիմությունը օր առաջ Սահմանադրական դատարանում վիճարկի Հովակիմյանի ընտրությունը։