Երևան +14°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:00 13-07-2022

ԿԸՀ անդամների ընտրությունը կարող է թանկ արժենալ իշխանության վրա. դրսից՝ «կատոկում», իսկ ներսից ղժժում են

ԿԸՀ ապագա նախագահի վրա իշխանության տունը կռիվ է ընկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման հողի վրա: Մինչեւ հուլիսի 22-ը պետք է թեկնածուներին ներկայացնեն պետաիրավական հանձնաժողովին, սակայն գործընթացը ոչ մի կերպ գլուխ չի գալիս: Ի սկզբանե ՔՊ-ի անդիպլոմ իրավաբան Վահագն Հովակիմյանը լոբբինգ էր արել, որ հենց ինքը պետք է դառնա ԿԸՀ նախագահ, այդ նպատակով անգամ օրենսդրական փոփոխություններ էր նախաձեռնել, իրեն եւ իր նմաններին խանգարող բոլոր ցենզերը հանել, փոփոխել:

Հանուն արդարության՝ պետք է ասել, որ թիմում կոնսենսուս չի եղել և չկա Հովակիմյանի առաջադրման շուրջ, ՔՊ-ականները անսպառ հումորներ են անում պատգամավորի մասով, պետաիրավական հանձնաժողովի նիստերին հենց Հովակիմյանը որոշում է իրավաբանական որեւէ կոլիզիա լուծել, ասում են՝ «Վահա՛գ, դու սուս», նրան անգամ «կնքել» են Արիստոտել անվանումով: Անգամ ԿԸՀ-ում Հովակիմյանի ելույթներն են հանել 2021թ․ ԱԺ ընտրությունների ամփոփման նիստից, որտեղ իրեն ԿԸՀ նախագահ պատկերացնողը չէր փայլում գրագիտությամբ եւ պրոֆեսիոնալիզմով:

Բայց խնդիրն այն է, որ Հովակիմյանի թեկնածությանը դեմ է Հ/Կ սեկտորը, որոշ ներկայացուցիչներ անգամ հրապարակային հայտարարություններում են «կատոկում» նրան: Պատճառը ոչ միայն մասնագիտական սակավ գիտելիքներն են, փորձի պակասը, այլեւ այն, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կունենանք առանց հավասարակշռման եւ փոխզսպման ԿԸՀ, որի նախագահը կդառնա քաղաքական գործիչը, այսինքն՝ մարդ, ով կուսակցության անդամ է, հանդիպում է ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հետ, գրում օրենսգիրք, սահմանադրություն, անգամ ԿԸՀ-ում քաղաքական ուժի ներկայացուցիչն է մինչեւ օրս: Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքներին ոչ ոք չի հավատալու, այսինքն՝ ԿԸՀ՝ ՔՊ-ի համար, բայց ոչ ՔՊ-ի օգտին, որովհետեւ միջազգային կառույցները երբ սկսեն անդրադառնալ ԿԸՀ գործունեությանը, անդամներին, հաստատապես դա ևս իշխող քաղաքական մեծամասնության շահերից չի լինելու: Միջազգային եւ տեղական դիտորդական առաքելություն իրականացնող Հ/Կ ներկայացուցիչները տարակուսում են՝ եթե Մուկուչյանը անչափ վարկաբեկված է նորից ընտրվելու համար, ապա ինչու չեն բավարարվում միայն նրան հեռացնելով, ԿԸՀ-ն ձեւավորելով գործող անդամներով, նրանցից մեկին նախագահ դարձնելով:

Փաստ է, որ այժմ իշխանությունը կադրային վատ բանկ է, եղած թեկնածուներից ոչ մեկը չի համապատասխանում չափանիշներին, եւ նրանց ԿԸՀ գործուղելը միջազգային մասշտաբով խայտառակություն կլինի: Մյուս կողմից էլ չեն կարող բոլոր չափանիշները հանել, վերջիվերջո այդ ընտրությունները կազմակերպողներ են պետք, իսկ դա տարիներ ի վեր արել են ԿԸՀ անդամները, որոնք մեծ մասամբ անշառ, ապաքաղաքական կերպարներ են, բայց տիրապետում են իրենց աշխատանքին լավագույնս:

Հովակիմյանը, մեր տեղեկություններով, հասկանում է, որ այս բեռի տակից դժվար է դուրս գալու, և իբր թե ապահովել է իր ընտրությունը, բարեխոսում է ԿԸՀ անդամ, Գագիկ Ջհանգիրյանի կադր Նունե Հովհաննիսյանի համար, որպեսզի իրեն օգնի, դե պետք է ԿԸՀ նախագահին ծառայող ԿԸՀ անդամ, բայց ո՞ր մի իրեն հարգող մասնագետը կաշխատի Հովակիմյանի հետ: