Դրսից՝ լիբերալ, ներսից՝ սոցիալիստ. ո՞վ է ատում հարուստներին
copy image url

Դրսից՝ լիբերալ, ներսից՝ սոցիալիստ. ո՞վ է ատում հարուստներին

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:00 29-10-2024
ՔՊ-ն իր ծրագրերով, կանոնադրային նպատակներով հանդես է գալիս որպես լիբերալ ուժ։ Ժողովրդի մի մասը նրան ընտրել է որպես ազատական գաղափարներ իրականացնողի։ Ընթացքում պարզվեց, որ նրանց մոտեցումները լիբերալ բարոյականության հիմքեր չունեն։

Հոկտեմբերի 28-ին բյուջեն ներկայացնելու ժամանակ Փաշինյանը ԱԺ-ում անտիլիբերալ հայտարարություն է արել։ «Հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության և աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք և հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով: Եթե կա լայնածավալ թշվառություն և աղքատություն, հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ է և «աչքի փուշ»: Ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ: Հետևաբար` երբ ես ասում եմ, պետական բյուջեն մեր մեծ ընտանեկան բյուջեն է, դա համերաշխության մասին է»,- կարծիք է հայտնել գործադիրի ղեկավարը։

Ազատական կուսակցության ղեկավարը որտեղի՞ց է վերցրել այս պառակտիչ ու վտանգավոր արտահայտությունը։

Խորհրդային բռնազավթման տարիներին ժողովրդի մեծ մասը չէր գիտակցում, որ թշվառության մեջ է, իսկ հարուստները թաքցնում էին իրենց հարստությունը։ Մարդկության դեմ հանցագործություններ կատարող իշխանությունը ատելություն էր ներշնչում հարուստների նկատմամբ, հավատացնում, որ բոլորը հարուստներին վերացնելուց հետո ամեն ինչ լավ կլինի։ Հարուստներն էլ վախենում էին այդ սպառնալիքից ու չէին ծախսում։ Այսինքն՝ հարուստն աղքատի աչքի փուշն էր դառնում սոցիալիստական մանիպուլյացիայի արդյունքում։ Ինչու՞ է լիբերալ Փաշինյանը անտիլիբերալ մանիպուլյացիա անում, ատելություն գրգռում հարուստի և աղքատի միջև։ Սև ու սպիտակը, նախկինն ու ներկան բաժանեցին, պրծան, հիմա էլ ժողովրդին հարուստի ու աղքատի են պառակտում ու ատելություն գեներացնում։

Ժողովրդավարական, ազատ երկրներում, քաղաքացիական հասարակություններում այսպիսի բան չկա։ Հարուստներն այդտեղ լեգալ են գործում, հարկեր վճարում, բարեգործություն անում ու վայելում հանրային հարգանք, ոչ թե ատելություն, անկախ այն բանից, թե ինչ տոկոս են կազմում աղքատությունն ու թշվառությունը։

ՀՀ-ում գործարարը կարող է ժամանակավրեպ կարծրատիպերով առաջնորդվել, մանավանդ նրանք, որոնց պապերը հարստություն են դիզել խորհրդային բռնազավթման տարիներին ու հարստության հետ միասին ժառանգել նաև այդ տարիների վախերը։ Սակայն ազատական իշխանությունը պիտի ոչ թե հանրայնացնի սոցիալիստական, ժամանակավրեպ վախերն, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը վերը նշված արտահայտությամբ, այլ ազատական աշխատանքային փիլիսոփայություն տարածի, միավորի բոլոր աշխատողներին բարիք ստեղծելու ընդհանուր առաքելության շուրջ, խրախուսի բարեգործությունը, ֆիլանտրոպիան, սոցիալական պատասխանատու վարքը, հանրային, ազգային շահի գիտակցումը։

Ազատ, ժողովրդավարական երկրներում ռեալ հավասարությունը հիմնարար արժեք է, և մարդիկ ձգտում են ներդաշնակության։ Իսկ սոցիալիստական հասարակությունում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի պատկերացրած պառակտված երկրում աղքատը հարուստին ատում է, թիրախավորում, հարուստն էլ չի հարգում ցածր աշխատավարձ ստացողին, աղքատին մարդու տեղ չի դնում՝ զզվում է։

Այս բնորոշումը վերաբերում է ՔՊ օլիգարխներին, ՔՊ-ական հովանավորությունը վայելող, ՔՊ-ի թրի տակով անցած գործարարներին։ Նրանց ստիպում են պարբերաբար գումար մուծել «Իմ քայլը» հիմնադրամին։ Նրանք կրթական, մշակութային, քաղաքական այլ ծրագրեր մեկենասելու ռիսկ չունեն, քանի որ կա հալածանքի ենթարկվելու թափանցիկ սպառնալիք։ Նրանք չարանում են ու ընկճվում այդ ճնշումներից ու սպառնալիքներից։

ՔՊ-ական բլոգերները ուղղորդված ատելություն են տարածում նախկին հարուստների նկատմամբ։ Փաշինյանի պատվերով՝ իրավապահները ինտենսիվ գործեր են բացում և ունեզրկում հարուստներին։ Վերջիններս էլ վախենում ու չեն ծախսում իրենց հարստությունը։ Կարճ ասած՝ բոլոր՝ հին ու նոր հարուստները վախենում են ու փող չեն ծախսում։ Ակնհայտ է, որ Փաշինյանը վարակվել է այդ վախով։ Բայց քանի որ վախենալն ամոթ է, Փաշինյանը սոցիալիստական թեզ է առաջ մղում, իբր՝ աղքատ, թշվառ ժողովուրդն ատում է հարուստներին։

Այսպիսով՝ ՔՊ-ի վարած անտիլիբերալ քաղաքականության արդյունքում ստեղծվել է պատկեր, կարծես՝ ՀՀ-ն սոցիալիստական բռնապետություն է, որտեղ Փաշինյանը կաշառակեր պաշտոնյա է, հարստացել է ցեխավիկների հետ «ընկերություն» անելով, ու հիմա չի կարողանում ծախսել փողը, վախենում է լայնածավալ թշվառների ու աղքատների ատելության թիրախում հայտնվել։

Թաթուլ Մկրտչյան