Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:21 02-03-2023

Արդարադատության նախարարը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Արդարադատության նախարարությունը սահմնված կարգով հարուցում է վարույթներ, և եթե դրանից հետո գտնում է, որ կան իրավական հիմքեր միջնորդությամբ գնալ ԲԴԽ, իր լիազորությունների շրջանակում պաշտպանում է իր տեսակետը, որտեղ լինում են հաղթանակներ և լինում են նաև պարտություններ: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության, նշանակում է նա դժգոհ է լինելու իր դեմ կայացված որոշումից»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ կոնկրետ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են կարծիք արտահայտելու համար, արդյոք դա կամայականություն չէ, նախարարն ասաց. «Կոնկրետ այդ դեպքը կարծիք արտահայտելու շրջանակներից դուրս էր, քանի որ Դատական օրենսգիրքը սեւով սպիտակի վրա սահմանում է, որ դատավորն իրավունք չունի մինչեւ որոշում կայացնելը կարծիք, դիրքորոշում հայտնել իր կողքի դատարանի որոշման հետ կապված: Այս դեպքում Դատական օրենսգրքի կոնկրետ հոդվածներ են խախտվել»:

Հարցին, թե արդյոք սա նկատի ուներ իշխանությունը, երբ խոսում էր դատական համակարգում վեթինգի մասին, Մինասյանը պատասխանեց. «Մեր Սահմանադրությունը գլոբալ վեթինգ թույլ չի տալիս իրականացնել: Գլոբալ վեթինգը մի երևույթ է, ալբանակն փորձը կա, որ մեկ օրում բոլոր դատավորները աշխատանքից դուրս են գալիս և նոր ընթացակարգերով ընդունվում են դատական իշխանության կազմ:

Մեր դեպքում Արդարադատության նախարարությունը պարզապես իրականացնում է իր լիազորությունները: Արդարադատության նախարարությունը ստանում է դիմում կամ ինքնուրույն հայտանաբերում է որևէ խախտում, այնուհետև դատավորին հնարավորություն է տալիս իր կարծիքը արտահայտել: Եթե խախտումը էական է լինում` միջնորդություն ենք ներկայացնում ու գնում ԲԴԽ»,-ասաց նա։

Նախարարի խոսքով, այս գործով ամեն ինչ շատ հստակ է, Դատական օրենսգրքում գրված է, որ դատավորը չի կարող իր կոլեգայի կայացրած վճիռը մեկնաբանել, քննադատել այլ դատավորի. «Այստեղ խախտում է տեսել նախարարությունը, ապա նաև ԲԴԽ-ն»,- ասաց Մինասյանը:

Նախարարը վստահեցրեց, որ այս հարցում որոշողը նախարարությունը չէ. «Որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով, որ որոշողը արդարադատության նախարությունն է։ Որոշումը կայացնում է ԲԴԽ–ն, որտեղ կա մեղադրող կողմ` ԱՆ–ն, և պաշտպանվող կողմ` դատավոր»,– ասաց նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին, բավարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և դադարեցրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։

Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Նշենք, որ ինքնաբացարկ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Նա նիստից առաջ հայտարարել է, որ դեռեւս 2022թվականի դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել դատավոր Նախշքարյանի հետ, որի ընթացքում իր կողմից արտահայտած մի շարք տեսակետներ անհնար են դարձնում իր մասնակցությունը այդ կարգապահական վարույթին: Խորհուրդը որոշել է բավարարել Կարեն Անդրեասյանի միջնորդությունը: