«Հանդիպման արդյունքում և տեղ գտած հայտարարության մեջ կան շատ կարևոր արձանագրումներ։ Հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին՝ ի չիք են դառնում Ադրբեջանի բոլոր առաջ քաշած պատմական, երևակայական քարտեզները, քանի որ հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի 29.800 քառ.կմ տարածքային ամբողջականությունը»։ Այս մասին այսօր ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով Պրահայում քառակողմ հանդիպման վերաբերյալ հարցին։
Հարցին, թե որոնք են մեր կարմիր գծերը, Կոնջորյանը պատասխանում է.
«Վարչապետը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր հնարավոր է ստորագրել, եթե Ադրբեջանը ճանաչի ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։
Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի ցուցաբերած վարքի ամենամեծ խոչընդոտը դա է, որ Ադրբեջանը բանակցային սեղանին կամ հայտարարությունների մակարդում ասում է մի բան, բայց մյուս ձեռքով անում մեկ այլ բան»,- ասաց Կոնջորյանը` պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանը խոսքով հայտարարում է, որ ճանաչում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, գործով` ոչ։
Կոնջորյանը հավելեց, որ իրենք ամեն ինչ անելու են պաշտպանելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Խոսելով Արևմուտքի և Ռուսաստանի առաջարկած տարբերակների մասին՝ Կոնջորյանը նշեց.
«Մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որտեղ նախ և առաջ ապահովվում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը»։