copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:36 06-10-2022

Չեմ կարծում՝ այնտեղ մի բան ստորագրվի, հերթական անգամ Փաշինյանին կստորացնեն, նրա հետ էլ՝ Հայաստանը․ Արա Պապյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Պրահա, ուր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրամիության խորհրդի նախագահների հետ։ Նախատեսված է հանդիպում նաև Թուրքիայի նախագահի հետ։

Այս հանդիպումները կարո՞ղ են լինել շրջադարձային։ Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պապյանը նշեց․ «Վատ իմաստով՝ հնարավոր է․ այն, ինչի մասին, որ խոսեց Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում, որևէ լուսավոր ուղերձ չի տալիս»,- ասաց նա։

Պապյանի դիտարկմամբ՝ ի սկզբանե սխալ է Փաշինյանի մոտեցումը, քանի որ ԽՍՀՄ վարչական սահմանները նա դիտարկում է՝ որպես պետական սահմաններ, և ըստ էության, այդ շրջանակում է ձգտում խնդիրը լուծել։ «Իսկ դա նշանակում է, որ մենք հրաժարվելու ենք մեր իրավունքներից, ամեն ինչ ամրագրելու ենք նրանց օգտին, բայց որևէ էական բան չենք ստանում, որովհետև երբևէ խաղաղության պայմանագրի առկայությունը և, այսպես կոչված, սահմանների ճանաչումը այդ երկրին զերծ չի պահում հարևանների կողմից հարձակումից»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ կարո՞ղ էինք մենք այլ դիրքերից խոսել, եթե դեռ երեսուն տարի առաջ մեզ հայտարարել ենք Երրորդ հանրապետություն՝ ընդունելով Խորհրդային ժառանգությունը։ «Մենք կարող էինք մեզ ութերորդ հանրապետություն էլ հայտարարեինք, բայց միջազգային իրավունքը հայտարարելով չի գործում, այլ՝ որոշակի սկզբունքների վրա․ առաջին՝ իրավահաջորդ կարող ես լինել միջազգային իրավունքի այլ սուբյեկտի, հետևաբար, եթե Սովետական Հայաստանը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ, մենք չենք կարող լինել այդ վարչական միավորի իրավահաջորդը։ Պարտադիր չէ, որ նա հայտարարեր Վիլսոնյան Հայաստան և այլն, նա պիտի ասեր՝ այո, մենք համաձայն ենք, որ միջազգային իրավունքի հիման վրա տեղի ունենա սահմանների ճանաչում, դրա համար միակ մարմինը, որ կարող է տալ հստակ և իրավազոր վճիռ, որ կարող է տալ, թե որոնք են այդ սահմանները, դա ՄԱԿ-ի արադարադատության դատարանն է։ Հետևաբար, պիտի ասեր՝ ես պատրաստ եմ Հայաստանի անունից, կոչ եմ անում Ադրբեջանին և Թուրքիային միասնաբար գնալ այնտեղ, ներկայացնել իրենց փաստաթղթերը և թող դատարանը որոշի՝ որոնք են այդ սահմանները։ Հայտարարելով չի։ Նա ասում է, ասում եմ՝ 29800 քառ/կմ։ Է, դու շատ բան ես ասում։ Պետք է որոշումը կայացվի նրանց կողմից, ովքեր դրա համար միջազգային համայնքի կողմից և միջազգային իրավունքով լիազորված են»։

Դիտարկմանը, որ թերևս պատահականություն չէր, որ հենց այս պահին հրապարակվեցին «Հավաստի Աղբյուրի» տեղեկությունները՝ մեզանից Ադրբեջանի ու Ռուսաստանի ակնկալիքների մասին, և գուցե հենց այդ դրույթներն են դրվելու այս հանդիպումների հիմքում, Պապյանն արձագանքեց․ «Առաջին հոդվածի հինգ կետերից չորսը նորություն չէին, արդեն իսկ Արցախում գտնվող զինված ուժերի հինգ կորպուսից երկուսը լուծարվել են, Ադրբեջանի կազմում ճանաչելը, ըստ էության, ևս արել է Փաշինյանը։ Միակ նորությունը 1919-1920թթ․ քարտեզների մասին խոսքն էր։ Իսկ այդ քարտեզները իրավական որևէ հիմք չունեն․ դրանք գծվել են ՀՀ-ի կողմից կամ Ադրբեջանի կողմից որևէ իրավասություն չունեն․ դրանք պարզապես հավակնությունների ինչ-որ նկարներ են։ Բայց բացի հայկական և ադրբեջանական կողմից կա Ազգերի Լիգայի կողմից ստեղծված հանձնաժողով և դրա զեկույցը, որն իրավազոր է, ունի իրավական հիմք և հետևանք։ Իսկ ըստ այդ քարտեզի՝ Լեռնային Ղարաբաղը, Դաշտային Ղարաբաղը, Գարդմանքը, Նախիջևանը ՀՀ-ի մաս են։ Դրա համար մեր դիրքերն այստեղ ամուր են։ Մենք պիտի խոսենք միջազգային իրավունքի մասին և, իրոք, գնանք միջազգային իրավունքի ճանապարհով՝ ոչ թե կավբյուրոյի որոշման վրա հետագայում ամրագրած սահմանները ներկայացնենք իբրև միջազգային»։


Ըստ այդմ, նկատեցինք, անիմաստ է հեռանալ Ռուսաստանից և գնալ դեպի Եվրոպա, եթե դու Եվրոպայում ներկայացնելու ես Ռուսաստանի դիրքորոշումը։ «Այո, և եթե մենք շարունակում ենք սպասարկել Ռուսաստանի շահերը, չենք կարող ակնկալել, որ Արևմուտքը մեզ կօգնի։ Որովհետև, բնական է, չեն օգնում թշնամուն, թշնամու դաշնակցին։ Այսօր առաջվանը չէ, հնարավոր չէ կոմպլիմենտար քաղաքականություն վարել։ Այսօր հստակ է․ կա Արևմուտք-Ռուսաստան հակամարտություն, հետևաբար, մնալով ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մեջ, միամտություն է կարծել, թե Արևմուտքը մեզ կօգնի»։

Կարո՞ղ է վաղն առավոտյան նման կոորդինալ փոփոխության ականատես լինենք․ հարցին ի պատասխան Պապյանն ասաց․ «Չեմ կարծում՝ այնտեղ մի բան ստորագրվի։ Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանին այնտեղ կստորացնեն, նրա հետ էլ՝ Հայաստանի Հանրապետությունը, ուղղակի մի բան պիտի հիշենք, որ սահմաններին ու տարածքներին վերաբերող հարցը հանրաքվեի լիազորություն է, անգամ Ազգային Ժողովի լիազորություն չի։ Ինչ էլ որ ստորագրի Փաշինյանը, դա պիտի վավերացնի Խորհրդարանը, և եթե Խորհրդարանի հետ էլ խնդիր չունենա, միգուցե ժողովուրդն, ի վերջո, փողոց դուրս գա, երբ հասկանա, թե որքան լուրջ է իրավիճակը»։

Կարմեն Մարտիորսյան