Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:48 01-11-2022

Ի՞նչ կապ ունեն Սովետական Միության քարտեզները միջազգային սահմանների հետ․ Արա Պապյան

Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը կարողացավ ամրագրել իր կարևորությունը՝ տվյալ հակամարտության մեջ և իր բուն նպատակն էր հենց ցույց տալ մյուսներին, հատկապես Արևմուտքին, որ հաշտեցնողն ինքն է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած եռակողմ՝ Փաշինյան- Պուտին- Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներին։ «Շահեց Ալիևն այն առումով, որ նրան, ի տարբերություն անգամ նոյեմբերի 9-ի ձևակերպման մեջ առկա «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումին, հաջողվեց խույս տալ։

Հայկական կողմն, այսպես ասենք, որևէ հաջողություն չունեցավ, բայց, հաշվի առնելով, որ կարող էր ավելի վատ լինել․․․ մենք հիմա հասել ենք այն տրամաբանությանը, որ վատի բացակայությունն արդեն մխիթարանք է մեզ համար։ Էդտեղ որևէ լուրջ հարց չի որոշվել և, բնականաբար, չէր էլ կարող որոշվել»,- ասաց քաղաքագետը։ Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախի տարածքում ռուս խաղաղապահական առաքելության կարևորության մասին արված հայտարարությանը։ «Բնականաբար, դա Պուտինին «ձեռք է տալիս», դա ռուսների երազանքն է՝ հնարավորինս երկար ռազմական առկայություն ապահովել Հարավային Կովկասի նաև այդ մասում։ Եվ, ըստ էության, պատերազմը սկսելու բուն նպատակներից մեկը հենց դա էր․ հնարավորություն տալ ռուսներին՝ տեղակայելու նոր զորախումբ։

Պուտինը հաջողություն չունեցավ, որովհետև, բնական է՝ Ալիևը դրան դեմ էր։ Ցավոք սրտի, սա հնարավորություն է տալիս Ալիևին՝ սակարկելու և Պուտինից կորզելու ինչ-որ խոստումներ կամ էական քայլեր։ Բայց մեծ առումով էլի սա առանձնապես բան չի փոխելու, որովհետև Ռուսաստանի ներկայությունը որպես «խաղաղապահ», ինչի եմ ասում չակերտավոր, որովհետև որևէ կառույցի կողմից նման որոշում չկա, այնքանով է հնարավոր, ինչքանով Ռուսաստանը դեռևս որպես ռազմական ուժ կա»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Պապյաի՝ այն պահին, երբ Ռուսաստանը վերջնականապես պարտվի Ուկրաինային և Ռուսաստանի ներսում սկսվի խառնաշփոթ՝ ամեն բան կախված կլինի այդ խառնաշփոթի ելքից։ «Կարող են հազար ու մի բան պայմանավորվել, պարզապես Ռուսաստանն ի վիճակի չլինի «խաղաղապահներ» պահել Լեռնային Ղարաբաղում։ Դրա համար պետք է հիմիկվանից մտածել՝ ինչ է լինելու Արցախի ճակատագիրը՝ եթե Ռուսաստանը հարկադրված է լինելու վերադառնալ իր սահմաններից ներս։ Շատերին այդ տարբերակն անհնար է թվում։ Ուզում եմ հիշեցնել 1917 թվականը, երբ շատերի թվում էր, թե Ռուսաստանն ինչի պետք է այդ շրջաններից դուրս գա։ Ռուսական զորքը հասել էր մինչև Երզնկա, մինչև Թուրքիայի, էսպես ասած, խորքերը։ Բայց, մենք միայնակ մնացինք, և շատ- շատ բաներ պայմանավորված էին մեր միայնակ մնալով։ Այդ տարբերակը չպետք է կրկնվի»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Պուտինի մեջբերած քարտեզներին՝ Պապյանը հստակեցրեց․ դրանք մշտապես գծվել են ռազմական գործողությունների համար։ «Դա օգտագործվում է հատկապես հրետանու մեջ, հաշվարկներ կատարելու և այլն։ Բայց, էստեղ ամենակարևոր հարցն է․ ի՞նչ կապ ունեն Սովետական միության քարտեզները միջազգային սահմանների հետ։ Նախ պետք է որոշվի սկզբունքը։ Ինչի՞ հիման վրա է կատարվում Հայաստան-Ադրբեջան սահմանագծումը։

Հետո պայմանագրի մեջ պետք է կատարվի այդ դելիմիտացիան, որ նշանակում է սահմանի խոսքային նկարագրությունը՝ կորդինատներով և այլ ցուցիչներով, նոր դրանից հետո դա կարող է ինչ-որ քարտեզի վրա գցվել ու հետո տեղայնացվել։ Այնպես որ, անձամբ ինձ համար այդ քարտեզները ոչինչ չտվող են, որովհետև սովետական վարչական սահմանները որևէ բան չեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության ճանաչմանն ու ազգերի ինքնորոշման վերաբերյալ քննարկումներին։ «Արցախը երբևէ Ադրբեջանի մաս չի կազմել։ Այն եղել է Ադրբեջանի Սովետական սոցիալիստական հանրապետության վարչական ենթակայության մաս։ ԽՍՀՄ-ում կային վարչական միավորներ, որոնք ուղղակիորեն էին ենթարկվում Մոսկվային՝ մասնավորապես, միութենական հանրապետությունները։

Կային նաև վարչական միավորներ, որոնք անուղղակի էին ենթարկվում Մոսկվային․ նախ ենթարկվում էին միութենական հանրապետությանը, հետո նոր դրանց միջոցով Մոսկվային։ Հիմա Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզն այդպիսին էր։ Ինչպես որ գյուղը նոր ենթարկվում է մարզային ղեկավարությանը, բայց մտնում է երկրի ենթակայության տակ։ Այնպես որ դա միջազգային իրավունքի առումով ոչինչ չի տալիս»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Արա Պապյանի՝ չկա միջազգայնորեն ճանաչված որևէ փաստաթուղթ, որով ամրագրված լինի Ադրբեջանի տիտղոսը Լեռնային Ղարաբաղի վրա։ «Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ եթե ինքնորոշման իրավունքը չգործեց այն ժամանակ, երբ մենք հաղթող կողմ էինք, չի գործելու առավել ևս հիմա։ Եթե մենք դա պետք է կախվածության մեջ դնենք, էսպես ասենք, Ադրբեջանի ցանկությանը։ Ինքնորոշում նշանակում է, որ դու ընդունում են, որ տվյալ տարածքը պատկանում է Ադրբեջանին, և ինքնորոշման ճանապարհով նոր կարգավիճակի պետք է հասնի այդ տարածքը։ Բայց, կրկնում եմ, չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որով ամրագրված լինի Ադրբեջանի տիտղոսը՝ Լեռնային Ղարաբաղի վրա»,- եզրափակեց քաղաքագետը:

Նազելի Ստեփանյան