«Տխմար, լսիր՝ ինչ կասեմ քեզ, Ալիևը ընկավ իր փորած փոսը», «Նիկոլ Փաշինյանը պատասխանից․ Պուտինը ցնցված է․ շտապ», «Քոչարյանը չի ներվելու․ Որոշվեց», «Սենսացիոն Բացահայտում, բոլոր հայերը պետք է տեսնեն սա»․ այս և նմանատիպ վերնագրերով տեսանյութերն օր օրի ավելանում են։ Անգամ եթե բաժանորդագրված չեք այդ ալիքներին, միևնույն է, սոցիալական կայքերում դրանցից խուսափելը գրեթե անիրատեսկան է։ Հասարակության որոշակի շերտի համար նման նյութերը թմրանյութի էֆեկտ ունեն, կտրում են իրականությունից ու դեգրադացնում։ Հատկանշական է, որ այս նյութերում գրեթե հերոսացվում են գործող իշխանության ներկայացուցիչները, հատկապես երկրի վարչապետը, և անխնա քննադատության ենթարկվում, այսպես ասած, «նախկինները», ավելին՝ այս կայքերում շարունակում է «դեմոնիզացվել» երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Oragir.news-ի հետ զրույցում հոգեբան Արկադի Մեհրաբյանն ասաց, որ նմանատիպ կայքերի թիրախն, ըստ երևույթին, դիտումների ու հավանումների քանակ հավաքելն է։
«Սրանք հիմնականում ազդում են մարդկանց հուզական ընկալումների վրա, մինչդեռ որքան մարդու ինտելեկտը ցածր է, այնքան նրա հուզական ընկալումներն ավելի բարձր են, իսկ հույզերն առաջանում են հենց ստացած մտքից։ Եթե մարդու ինտելեկտը այնքան չկա, որ տարբերակի իրականությունը ֆեյքից ու ոչ իրականությունից, իսկ հասարակության հիմնական մասն հենց էդպիսինն է, հետևաբար նման նյութերն, այո՛, իրենց ազդեցությունը թողնում են։ Կարծում եմ՝ այդ լուրերը տարածողները հենց քանակի վրա են աշխատում։ Ինչ վերաաբերում է մարդկանց կառավարելի դառնալուն, բնականաբար նման նյութերի հետևողներն արդեն կառավարելի են, ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ դա առաջնային նպատակն է»։
Անդրադառնալով նման բովանդակության կոնտենտի՝ հիմնականում իշխանամետ լինելուն՝ նա նշեց, որ պատճառը ունեցած լծակներն են․ «Իշխանությունը ավելի շատ ունի լծակներ, ֆինանսներ ու միջոցներ։ Բոլոր ժամանակներում էլ էդպես է եղել, բոլոր իշխանությունների ժամանակ էլ լրատվական դաշտը պարել է իշխանության դուդուկի տակ»։
Նա ընդգծեց, որ որքան ցածր է մարդու իրավագիտակցությունը, այնքան կախվածություն մեջ ընկնելու հավանականությունը բարձր է․ «Հետևաբար, սա կարող է նաև կախվածության մեջ գցել մարդուն, օրինակ, ինֆորմացիոն դաշտից։ Ընդ որում՝ ինչպես թմրամոլների դեպքում է ամեն անգամ թմրանյութ օգտագործելիս, այս դեպքում էլ օրագանիզմը բարձր դոզա է պահանջում։ Դրա համար էլ նման նյութերի վերնագրերն օր օրի ավելի սենսացիոն բնույթ են կրում»։
Կառավարելիության տեսանկյունից, նա ընդգծեց, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մարդկանց մեծամասնությունը գնաց ու ընտրեց այն ղեկավարներին, որոնք երկիրը բերել են այս վիճակի․ «Մարդիկ ընտրեցին նրանց, ովքեր իրենց վարի են տվել, 25 թեկնածուից, ինչպես ժողովուրդն է ասում, գնացին ու էլի նախիրի միջից էշի ճակատը պաչեցին։ Բոլորիս աչքի առաջ է, որ վերջին 3-4 տարում երկիրը դեպի բարելավում չի գնացել․ կա՛մ թալանել են, կա՛մ պատերազմի են տարել ու 1000-ավոր զոհերի են հանգեցրել, բայց մինևնույն է, մարդիկ հավատացին հռետորաբանությանը, ոչ թե առաջնորդվեցին տրամաբանությամբ»։
Նա ընդգծեց, որ իշխանությունների համար նման ընտրազանգված ունենալն ուղղակի ձեռնտու է․ «Կրթված կամ բարձր մակարդակ ունեցող մարդը կթողնի՞, որ իրենք մնան իշխանության, կրթված մարդը կթողնի՞, որ կապիտուլիացիա ստորագրած վարչապետը մնա իշխանության։ Իրենց դա ձեռնտու չէ»։
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ նման բովանդակությամբ կենտենտի ի հայտ գալը բնական երևույթ է, որը կարող է և՛ դրական, և՛ բացասական կողմ ունենալ։
«Եթե անգամ բարեխիղճ եղանակով չի տարածվում տեղեկությունը, ամեն դեպքում՝ իր սպառողին գտնում է, բայց ամեն դեպքում՝ աղբյուրների բազմազանություն սպառողի համար դրական հետևանքներ է ունենում։ Իհարկե, բացասական է, երբ մեջը խառնված է ոչ հավաստի տեղեկություն և մանիպուլյատիվ բնույթի տեղեկատվություն։ Սա թերևս օրինակներով ուսումնասիրությունների վրա հենցած խոսակցություն պետք է լինի, որին այս պահին պատրաստ չեմ»,-ասաց Նավասարդյանը։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ նման տեսանյութերը երկու նպատակ են հետապնդում․ գումար աշխատել, որովհետև նման վերնագրերով նյութերի վրա սեղմելով տվյալ կայքին որոշակի տրաֆիկներ են բերում։ Երկորդը քաղաքական կոմպոնենտն է։ Սրանով առանց այն էլ մանիպուլացված հասարակությանը էլ ավելի ապուշացնել և տարբեր տիպի, առաջին հայացքից անհեթեթ թվացող գաղափարեր մարդկանց ուղեղներում սերմանելն է նպատակը։ Կարող եմ ասել, որ երկրորդ կոմպոնենտն այն է, որ դրանք հիմնականում հովանավորվում են իշխանությունների կողմից, որոնք, տիրապետելով բազմաթիվ լծակների, աշխատում են այս կայքերի միջոցով։ Վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կանգնած են այդ կայքերի հետևում, պատասխանատվության են ենթարկվելու այսպիսի վերնագրեր ու այսպիսի նյութեր տարածելու համար։ Դրանք նաև քրեական տարրեր են պարունակում։ Նման նյութերը ազդում են առաջին հերթին հենց մարդկաց մտածելու ունակության վրա, այդ մարդիկ դառնում են հեշտ կառավարելի։ Եթե մարդը հավատում է, որ, օրինակ, «Հայաստանը հօդս է ցնդեցրել Բաքուն», կամ, որ «Աննա Հակոբյանը ապտակել է Լելյա Ալիևային, Ալիևան ցնցված է», բնական է, որ նման ապուշ վերնագրերով կերակրվողներին մի օր էլ եթե ասեն՝ կգնաս, Նիկոլ կընտրես, կգնա՝ կընտրի։ Այսինքն՝ եթե մարդը սկսում է անընդհատ հավատալ նման անհեթեթ վերնագրերի, հետո յուրաքանչյուր նման անհեթեթություն այդ մարդու մոտ համոզմունք է ձևավորում։ Սա շատ վտանգավոր է հատկապես պատերազմի ժամանակ, որովհետև մարդը սկսում է հավատալ այն բաներին, որ իրականում տեղի չի ունեցել, ու երբ իրականությունը ջրի երես է դուրս գալիս, ինչպես Շուշիի հանձնումը, մարդիկ խորը դեպրեսիայի մեջ են հայտնվում ու հիվանդություններ ձեռք բերում»։
Քոչարյանն ընդգծեց, որ դրանք կառավարվում են ոչ միայն, այսպես կոչված, «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ու հայտնի Տարոն Չախոյանի կողմից․ «Արդեն յուրաքանչյուր մեծահարուստ ունի նման բրիգադաներ, այդ թվում՝ բուքմեյքերական որոշակի կազմակերպություններ։ Նրանք հստակ կառավարվում են մեկ կենտրոնից։ Այդ կայքերի խնդիրն այստեղ նաև այն է, որ կոնկերտ տեղեկատվությունը տարածվի, օրինակ, վարսավիրների, փոստատարների, էլեկտրիկների և այլ ոլորտի մարդկանց շրջանում, սա օնլայն և օֆլայն համագործակցություն է, որն ուղղորդվում է իշխանությունների կողմից»։