Ներքին 3 տարի առաջ - 15:30 30-08-2022

Իրենց գործն է, խնդիր չկա. ինչու՞ Գյումրու Hayat Prօject-ին չեն հրավիրել քաղաքի միջոցառմանը

«Երևանի օրերը՝ Գյումրիում» եւ «Գյումու օր» միջոցառումներն այս տարի տեղափոխվել են սեպտեմբերի 2-3-ին, որը Երևանի եւ Գյումրու քաղաքապետարանների համատեղ միջոցառումն է։ Այն պետք է տեղի ունենար ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս՝ օգոստոսի վերջին, իսկ հետաձգման պաշտոնական պատճառը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունն է։

Բանն այն է, որ այդ օրը Գյումրիում հանդես են գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ «Ռեինկարնացիա» խումբը, որոնք «Սիմֆոնիկ ռեինկարնացիա» խորագիրը կրող համատեղ ծրագրով են հանդես գալու, իսկ օրինակ, գյումրեցիների հայտնի Hayat Prօject-ի խումբը, որը թե՛ քաղացում, թե ամբողջ Հայաստանում մեծ համբավ ունեցող խումբ է, այս տարի չի՛ մասնակցելու Գյումրիի օրվան նվիրված միջոցառմանը։

Հասկանալու համար, թե ինչու՞ հրավիրված չէ խումբը միջոցառմանը, որը երգում է հենց գյումրվա բարբառով՝ Oragir.news-ը կապ հաստատեց Hayat Prօject-ի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ դա քաղաքական որևէ ենթատեքստ չի պարունակում.

«Ես ինքս երբևէ քաղաքական որևէ մեկնաբանություն չեմ արել, ու Hayat Prօject-ը համարվում է կոմերցիոն երաժշտական բենդ, որը կապ չունի որևէ քաղաքական գործառույթի կամ այլ բաների հետ։ Իսկ քաղաքի օրվան չի մասնակցում զուտ նրա համար, որովհետև հարցում չի եղել մասնակցության, որպեսզի մենք որոշենք մասնակցելու ե՞նք, թե՞ ոչ։ Այսինքն քաղաքապետարանը Hayat Prօject-ին ո՛չ դիմել է, ո՛չ հրավիրել է տվյալ միջոցառմանը։ Ես չեմ կարող ասել մասնրամասն, թե ինչու՞ հարցում չեն ուղարկել ու ավելի ճիշտ կլինի, որ հարցնեք հենց հարցում անողներից։ Մենք չենք նեղվում ոչ մի բանից, այնքան համերգներ ենք տալիս, այնքան շատ զբաղվածություն ունենք, որ գյումրեցիները կարող են լսել մեզ Hayat music hall-ում, ովքեր որ ուզում են լսել, մնացած քաղաքներում։ Որ շատ համերգներ չենք տալիս, մյուս քաղաքներն էլ որոշել են, որ քաղաքային միջոցառումների միջոցով ռեալիզացնի իրենց քաղաքներում և քաղաքի բնակիչները լսեն Hayat Prօject-ին, իսկ Գյումրի քաղաքի տոնին չմասնակցելը զուտ ասում եմ, մեզ չեն հարցրել, ուզում ենք մասնակցել, թե՞ ոչ։ Մեր պահանջարկը ՀՀ-ում իսկապես շատ մեծ է, ու մենք չունենք այդ բարդույթը, որ ինչ-որ մեկին հարցնենք, թե մեզ ինչու՞ չեք հրավիրել։ Չեն կանչու՛մ, իրենց գործն է, խնդիր չկա, ուրիշներն են կանչում»։