copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:01 12-08-2022

Սաթիկ Սեյրանյանը՝  ՔՊ-ականների «հնացած» հրճվանքի և «Լրագրողներ առանց սահմանների»-ին իրավիճակի մասին տվյալներ փոխանցողների մասին

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders) կազմակերպությունը դեռ մայիսին հրապարկել էր մամուլի ազատության 2022 թվականի զեկույցը, որում Հայաստանը բարելավել էր իր դիրքերը միանգամից 12 հորիզոնականով՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ հորիզոնականը: Այսպիսով՝ Հայաստանը 51-րդն է, Վրաստանը՝ 89-րդը, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը: Նշվում էր նաև, որ չնայած բազմակարծիք միջավայրին՝ Հայաստանում լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Հայաստանը հետխորհրդային տարածքում զիջում է միայն Մոլդովային և Բալթյան երկրներին։ Այս զեկույցը բազում ճնշումների ու քաղբանտարկյալների ֆոնին ՔՊ-ականները նորից որոշել են տարածել՝ հիմնավորելու համար իրենց այն տխրահռչակ թեզը, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է։

Oragir.news-ի հետ զրույցում Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամի» գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը այս առնչությամբ ասաց․ «CivilNet.am-ն օրերս հենց այդ կապակցությամբ հրապարակում էր ներկայացրել, որում նշվում էր, որ լրատվական կայքերն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները օգոստոսի 10-ին ակտիվորեն տեղեկություն էին տարածում, թե «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022-ի ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է։ Այնինչ, ինչպես նշել էր լրատվամիջոցը, այս տեղեկությունը նոր չէ, ինդեքսը հրապարկվել էր այս տարվա մայիսին և լուսաբանվել էր մամուլի կողմից։ Փաստորեն ՔՊ-ականները, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերության Լրատվական ալիքը՝ 1lurer.am-ը, այսպես ասած, «հնացած», մայիսի 3-ի այդ լուրը որպես նորություն կրկին շրջանառում էին: Թե ինչու, տարբեր պատճառներ կարող են լինել՝ ոչ պրոֆեսիոնալիզմից մինչև քաղաքական և քարոզչական նպատակները: Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանից սկսած, հաճախ են դիմում նման մանիպուլյացիաների․ նենգափոխում են տեղեկատվությունը կամ բացառապես իրենց ձեռնտու հատվածները ներկայացնելով՝ մոլորեցնում են հասարակությանը, թաքցնում ողջ ճշմարտությունը: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև նույն այդ զեկույցում Փաշինյանի քաղաքական թիմի գործունեության մասին ասվում է. «State-owned media refrain from any criticism of the government», այսինքն՝ պետական ​​լրատվամիջոցները կառավարության հասցեին որևէ քննադատությունից զերծ են մնում, միայն դրական լույսի ներքո են ներկայացնում: Իհարկե, հանրային միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերության Լրատվական ալիքը և ՔՊ-ականները ինդեքսում նշված բացասական երևույթների մասին լռում են»։

Նա նաև հավելեց, որ շատ կարևոր է հասկանալ, թե «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ինդեքսը սահմանելիս Հայաստանում մամուլի և իշխանությունների գործունեության մասին տեղեկությունները որ հասարակական կազմակերպություններից է ստանում:

«Շատ հավանական է՝ հենց Փաշինյանի կառավարությանը սատարող կազմակերպություններն են այդ տվյալները նրանց ներկայացնում, որոնց հիման վրա էլ ինդեքսը, որպես կանոն, կազմվում է: Պետք է օգտվեն առնվազն երկու աղբյուրներից՝ մամուլի ազատության պատկերը անաչառ ներկայացնելու համար: Օրինակ՝ զեկույցում նշվում է նաև այն մասին, թե չնայած Հայաստանում բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ, և փորձագետների կարծիքով՝ երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության հրահրման աննախադեպ մակարդակի, հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում: Ովքե՞ր են այդ փորձագետները, որոնք իրավիճակը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը ներկայացրել են և չեն խոսել ապատեղեկատվության պատճառների, լրատվամիջոցներին արհամարհելու, նրանց հարցերին չպատասխանելու, պիտակավորելու, թիրախավորելու, նրանց աշխատանքը խոչընդոտելու ՀՀ գործող իշխանությունների բազմաթիվ դեպքերի մասին», - ասաց Սեյրանյանը՝ նշելով, որ այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում ՀՀ-ում հավատարմագրված Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանությունների մամուլի դեպարտամենտների ղեկավարների հետ՝ ներկայացնելով լրատվամիջոցներին՝ խմբագիրներին և լրագրողներին մտահոգող խնդիրները, ժողովրդավարության հիմնասյուներից հանդիսացող խոսքի ազատության, տեղեկացված լինելու իրավունքի և երկակի ստանդարտների մասին:

Մեր հարցին, թե արդյոք Հայաստանում լրատվական դաշտը ժողովրդավարական սկզբունքով է առաջնորդվում, Սեյրանյանը պատասխանեց․ «Իհարկե ո՛չ։ Բուն ժողովրդավարությունից այնքան հեռու է Փաշինյանի և նրա թիմի պատկերացրած ժողովրդավարությունը։ Բազմիցս մեր հայտարարություններում այդ մասին ասել ենք, նույնիսկ այդ հարցերն ուղղում ենք միջազգային եվրոպական կառույցներին, արևմտյան կառույցներին, թե արդյոք որևէ աղերս ունի՞ ժողովրդավարության բուն գաղափարի հետ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված