copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 15:45 05-08-2022

Նիկոլը կրուտիտներ անելու փոխարեն պիտի մտածի զինվելու մասին, գոնե բայրաքթարների դեմ պայքարող սարք պետք է գնել, գնվե՞լ է, ո՛չ․ Վահան Բադասյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի բնակիչներին 1 ամիս ժամանակ է տրված բնակավայրերը լքելու համար։ Oragir.news-ի հետ զրույցում Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը, անդրադառնալով այս տեղեկություններին, ասաց, որ այս մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է։

«2020 թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլիացիայի պայմանագիրը հենց այդ մասին էր խոսում, որ Լաչինի միջանցքը գործում է մեկ տարի, դրանից հետո՝ 3 տարի անց, Լաչինի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհ պետք է կառուցվի։ Ադրբեջանցիներն արդեն սարքել են այդ ճանապարհը, հետևաբար հիմա արդեն պետք է հանձնվեն այդ բնակավայրերը։ Իսկ նրանք, ովքեր հիմա կոչ են անում չհանձնել, պիտի գիտակցեն, որ այդ բնակավայրերը հիմա չեն հանձնվում, այն ժամանակ են հանձնվել։ Իմ մեկնաբանությունն այն է, որ Արցախի կառավարությունը բոլոր տեղահանվածների մասին հոգ տարել է, բոլոր տեղահանվածներին բնակարաններ են հատկացվելու, դրանից կարող են օգտվելու են ոչ միայն Լաչինից տեղահանվածները, այլև բոլոր տեղահանվածները Հադրութից, Ասկերանի շրջանից, և առհասարակ բոլոր գրավված տարածքներից տեղահանվածները։ Միաժամանակ, քանի որ Լաչինի բնակիչների մի մասը նաև ՀՀ քաղաքացիներ են, ապա Հայաստան տեղափոխվել ցանկացողներին տրվելու է դրամական փոխհատուցում, եթե չեմ սխալվում 10 մլն դրամի չափով։ Գումարի չափը չեմ պնդում, կարող եմ սխալվել»։

Հարցին, թե Արայիկ Հարությունյանը ԱԺ նիստում նշում էր, որ Աղավնոյի համար դեռ պայքարելու ենք, հետևաբար արդյոք խոսքը նաև Աղավնոյի և Սուսի մասին է, Բադասյանը պատասխանեց, որ այդ բնակավայրրեը նույնպես այն տարածքների մեջ են, որ պետք է հանձնվեն՝ ըստ պայմանագրի։ «Հին պատմություն կա, որ երբ երկու երկիր կռվում են, ու մեկը պարտվում է, հաղթողը 100-ավոր կիլոգրամներով ոսկի է ուզում, ոսկին կշռելիս հաղթողը թուրը դնում է հակառակ նժարին ու ասում է՝ քիչ ես տվել։ Պարտվողն էլ գնում, բողոքում է իր թագավորին, թագավորն էլ ասում է՝ ինչ ուզում է, տուր, վա՛յ պարտվածին»։

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ մի օր էլ Ստեփանակերտը կարող են պահանջել, Բադասյանն ասաց, որ Ստեփանակերտի կարգավիճակն այլ է։ «Հիմա պահանջում են այն, ինչ 7 շրջանների մեջ է մտնում»։

Դիտարկմանը, թե Արցախի կառավարությունը խոստանում է նաև Բերձորի, Աղավնոյի ու Սուսի բնակիչներին ապահովել բնակարանենրով, մինչդեռ բազմաթիվ տեղահանվածներ դժգոհություն են հայտնում որ բնակարաններ չեն ստացել, նրանք բնակարաններ են պահանջում, դժգոհում են բարձր տան վարձերից, Բադասյանը պատասխանեց, որ նման բողոք ներկայացնողների պահանջները սխալ են։ «Ովքեր պայքարում են Արցախի համար, նրանք պետք է Արցախում ապրեն, Երևանում ապրելով, բնակարան ու կարգավիճակ պահանջելով՝ չեն կարող Ացախի համար պայքարել, նրանք պարզապես իրենց հասանելիքն են պահանջում։ Ընդ որում՝ բնակարանը պահանջում են Երևանում։ Եթե գան Արցախ, այստեղ բնակարաններ կստանան, շուտով այստեղ բոլորն էլ ստանալու են բնակարաններ, անգամ նրանք, ովքեր բնակարան չեն ունեցել ու վարձով են ապրել գրավյալ տարածքներում, ընդ որում՝ ոչ միայն բնակարաններ են ստանալու, այլև այդ բնակարանները կահավորված են լինելու կենցաղային տեխնիկայով ու կահույքով»։

Անդրադառանալով ճանապահի հայկական հատվածի շինարարությանը՝ նա նշեց, որ ճանապարհի կառուցման պայմանավորվածությունը 8 ամիս առաջ է ձեռք բերվել։ «Փաշինյանը 8 ամիս առաջ պայմանավորվել է Ալիևի հետ, որ իրենց տարածքի մասը իրենք են սարքում, իսկ Կոռնիձորից սկսած՝ սարքում է Հայաստանի կառավարությունը։ Հայաստանի կառավարությունը մատը մատին չի տրվել, ոչինչ արված չէ, ու երեկ էլ կառավարության նիստում Նիկոլը ամբողջ մեղքը բարդեց ուրիշների վրա»։

Նա տեղեկացրեց, որ երեկվանից սկսվել է շինարարությունը։ Բադասյանը նշեց նաև, որ գործող ճանապարհով անցնող ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները՝ գազատար, էլեկտրական հաղորդակցության գծեր, կապ, հատուկ կապ, չեն տեղափոխվելու նոր ճանապարհ։

Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ դրանք լրացուցիչ լծակ կարող են դառնալ, որ ցանկացած դեպքում կարող են դրանք անջատել, Բադասյանը պատասխանեց․ «Դե անջատեն՝ անջատեն, դրա համար ռուս խաղաղապահներն էստեղ են, դա իրենց իրավասույթունն է՝ թույլ չտալը։ Ես չեմ կարող ասել՝ վաղն ինչ է լինելու, կարող է վաղը Ստեփանակերտին հարձակվեն ու վերցնեն, դրա համար Նիկոլը, կրուտիտներ անելու փոխարեն, պիտի մտածի զինվելու մասին, գոնե բայրաքթարների դեմ պայքարող սարք պետք է գնել։ Փորձ արվե՞լ է․ ո՛չ, չի արել, բայց նամուս ունեցող մարդը պիտի սպառազինվի։

Անընդհատ հներին մեղադրելով ո՞ւր ենք հասնելու։ Լավ, հներին դրա համար հանել, իրեն ենք բերել, բայց ի՞նչ է ինքն արել, ինքը միայն բանակի սնունդն է լավացնում, այսինքն՝ լափի համար է անում կամ աշխատավարձերի։ Այսօր բանակի գումարն ավելացրել է, բայց ոչ սպառազինության գծով, հիմա էլ խփում են այնպես, ինչպես 44-օրյա պատերազմում․ լավ, 2 տարի է անցել, հնարավոր չէ՞ր դրանք որսացող, խփող սարքեր գնել, գնե՞լ է։ Չասեմ, թե բանակում հիմա ինչ վիճակ է։ Հիմա եկել են, տղա-տղա են խաղում, թե բա Բերձորը չհանձնենք, Բերձորի մասին 3 տարի առաջ էր պետք մտածել։ Լավ, բա ի՞նչ անենք, կռվե՞նք, չհանձնելու հակակշիռը կռիվն է, բայց մենք զենք ունե՞նք, որ կռվենք, հիմա կռվելը նույն է, որ կալաշնիկովի դեմ գնաս նետ ու աղեղով կամ բայրաքթարի դեմ՝ կալաշնիկովով։ Հիմա մենք պիտի կատարենք, ինչ որ պահանջում ենք, ու նաև թաքուն զինվենք, բայց նման բան էլ չկա»։