Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:42 28-07-2022

Անհնար է իրագործել 5-8 բուհ ստեղծելու որոշումը. Մենուա Սողոմոնյան

Այսօր Կառավարության նիստում քննարկած՝ «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է բոլոր բուհերի համար սահմանել միջազգայնորեն ընդունելի միասնական, լիցենզավորման և հավաստագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման և այլ չափանիշների: Կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ:

«Արմատական բարեփոխումների գործընթացում պետք է առանձնացնել պետական բուհերի խոշորացումը գիտահետազոտական ինստիտուտների հետ, որն արվում է հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման նպատակով: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը: Հայաստանյան կոնկրետ թվով բուհերին պետական թիրախային աջակցության միջոցով հնարավորություն կընձեռվի միջազգային մրցակցության պայմաններում էականորեն բարելավել մեր դիրքերը: Արդյունքում, 2030 թվականին 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի ցանկում»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ գործադիրն ընդունում է կարևոր փաստաթուղթ, որի առնչությամբ երկար և համակողմանի աշխատանք է արվել:

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանի հետ՝ հարցնելով, թե ինչ ազդեցություն կունենա կրթության որակի վրա նոր բուհ ստեղծելու գաղափարը։

«Բավականին վաղ է հիմա դրա մասին ինչ-որ բան ասելը։ 5-8 բուհ ստեղծում են ինչի՞ համար, այն դեպքում, երբ ՀՀ-ում հանրային բուհերի պակաս չկա։ Ի՞նչն է այս դեպքում խնդիրը, ի՞նչ է տեղի ունենալու մյուս բուհերի հետ․ այստեղ բազմաթիվ հարցեր կան։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ 2030 թվականին 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի ցանկում, դա պարզապես բարի կամքի դրսևորում է, բայց ո՞ր բուհերիի մեջ, ի՞նչ վարկանիշային ցանկով, քանի որ վարկանիշային ցանկերը տարբեր են։ Ի վերջո, ի՞նչ չափանիշների վրա են հիմնված, և սա առայժմ համարում եմ, քանի որ շատ մանրամասնային ծանոթ չեմ, բարի ցանկություն, որովհետև հանրային բուհերի պարագայում հարց է առաջանում՝ ինչ պրոֆիլի բուհեր են լինելու, որևիցե տեղեկություն չունենք դրա մասին, դրա համար գնահատականներ տալիս այս պահին ձեռնպահ ենք մնում, մինչև հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, իսկ զուտ այն հանգամանքը, որ խնդիրը դրվում է, որ վարկանիշ ապահովվի և այլն և այլն, այդ տեսանկյունից խնդիր դնելը ճիշտ չեմ համարում, որովհետև բուհի ֆինանսավորումը, բուհ պահելու մոտիվացիան առաջին հերթին պետք է լինի այն, ինչ պետությանն է պետք, պետության տնտեսությանն է պետք, պետության անվտանգային կարիքներից բխող, հասարակության բարոյադաստիարակչական խնդիրներից բխող հանգամանքները պետք է հաշվի առնել։ Առաջին հերթին պետք է հարցին մոտենալ կարիքների տեսանկյունից, այսինքն՝ հասարակության ու պետության կարիքների տեսանկյունից, ոչ թե զուտ վարկանիշային տեսանկյունից, բայց քանի որ իշխանությանը հիմա վարկանիշն է հետաքրքրքում, որ խոսեն, ասեն, լայք հավաքեն, այսպիսի բաներն ավելի շատ են իրենց հետաքրքրքում, պարզ է, որ խնդիրն իրենք այդ տեսանյունից են ուզում իրագործել, մանավանդ որ իրենց «փառահեղ» առաջնորդն էլ այդպիսի հայտարարություններ է արել, թե ինքը խնդիր է դնում, որ ՀՀ բուհերը աշխարհի բուհերի առաջին հինգհարյուրակի մեջ մտնեն, այդպիսի ինչ-որ բան պետք է անեն, ցույց տան, բայց թե դա ինչ բուհեր են, ինչ պետական ֆինանասավորում է, այդտեղ իսկապես շատ հարցեր կան»,- նշեց Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված