Երևան +20°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:52 26-11-2021

Փաշինյանը սեփական բոստանի պես է վարվում ՀՀ-ի հետ․ ում ինչքան պետք է, տալիս է․ Մենուա Սողոմոնյան. օր վեցերորդ

«Զարթոնք» և «5165» կուսակցությունների նախաձեռնած «Ազատագրում» շարժումը արդեն վեցերորդ օրն է շարունակում պայքարը։ Հանրահավաքին ղեկավար կազմը տեղեկացրեց, որ շարունակում են պայքարը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հակահայկական ծրագրի դեմ։ Շարժման մասնակիցները պահանջում են հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ըստ կազմակերպիչների՝ այս պայքարը հայկական պետականության պահպանման համար է։

Քանի որ ցերեկը բերման էին ենթարկվել շարժման նախաձեռնողներ Մենուա Սողոմոնյանը, Արա Զոհրաբյանը, Վազգեն Պետրոսյանն ու էլի մի քանիսը, ինչպես նաև շարժման մասնակիցներ՝ պարզապես խաղաղ ցույց իրականացնելու համար, նախաձեռնության անդամներն իրենց բացման խոսքում անդրադարձան նաև այդ իրադարձություններին։ Նրանք ժամեր անց ազատ էին արձակվել ու անմիջապես եկել հրապարակ՝ շարունակելու երեկոյան հանրահավաքը։

Բացման խոսքը Կարին Տոնոյանն ասաց․ իրենց նպատակը հնարավորինս շուտ երկիրն ազատելն է այս անկարող իշխանություններից։ «Մինչև չհամախմբվենք, մենք չենք կարող հաջողության հասնել»,- ասաց նա։

Կարին Տոնոյանը խոսեց Սոչիում տեղի ունեցող Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման մասին՝ ասելով, որ ըստ էության որևէ բան չի փոխվելու այդ հանդիպումից հետո․ ՀՀ-ի գլխին շարունակելու են կախված մնալ նույն խնդիրները։

Փաստաբան, շարժման նախաձեռնող Արա Զոհրաբյանը, քանի որ ցերեկը շարժման մյուս մի քանի անդամների հետ բերման էր ենթարկվել, իր խոսքում նշեց, որ դա անօրինական էր, վարչական ձերբակալությունը ևս անօրինական է, քանի որ հավաքների ազատության մասին օրենքը ենթադրում է, որ կարող են հավաքի կազմակերպիչներին այն ժամանակ ենթարկել պատասխանատվության, երբ Ոստիկանութունը հավաքի կազմակերպչին պահանջ ներկայացնի և ողջամիտ ժամանակ տա, ապա բողոքի ակցիայի մասնակիցներին երկու անգամ բարձրախոսով տեղեկացնի, նոր անցնի ֆիզիկական ուժի կիրառման, իսկ այսօր իրավապահներն առանց որևէ բան ասելու միանգամից էին ուժ կիրառել։ Ոստիկանությունը իրավախախտումները կանխող ինստիտուտ է, հետո էլ ասում են, թե ինչու՞ լուրջ չենք վերաբերում ոստիկաններին։

«Այս պահին ճակատագրական վիճակում ենք, ճաշակով առաջնորդվելու ժամանակը չէ»,- ահա այսպես սկսեց Մենուա Սաղոմոնյանն իր խոսքը՝ ևս մեկ անգամ պարզաբանելով գաղտնի փաստաթղթում առկա կետերի մասին։ Թե ի՞նչ է սպասվում այս գործընթացից, եթե արդեն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքներին վերաբերում է ինչպես իր հողատարածքին կամ բոստանին։

Վազգեն Պետրոսյանը, ով առավոտյան նույնպես բերման էր ենթարկել, ևս մեկ անգամ հիշեց ոստիկանների աշխատանքը՝ նշելով, որ բոլորս ՀՀ-ում հավաքվել ենք հայկականության շուրջ։ Արցախյան շարժման ժամանակ էլ էր նույնը, պետությունն ունի իր հիմնասյունը, իսկ տարիների ընթացքում գիտությունը, ԱԱԾ-ն , ՊՆ–ն, ԱԳՆ-ն թուլացնելուց հետո՝ վերջին երեք տարիների ընթացքում կարելի է ասել վերջնականապես քանդեցին դրանք։

Այսօր ազատագրական շարժմանը միացած հոգեբան Կարինե Նալչաջյանն ասաց, որ իրականությունը սա է, ու մեր խրամատն է սա, որ մեզ ոչնչացնել են ուզում, մեզ ուզում են խեղճացնել, եթե մեզ հոգեպես կոտրեն, մեր ֆիզիկական ոչնչացումը ժամերի հարց է դառնալու։ «Ես թույլ չեմ տա․ իմ հայրենիքի ամեն թուփը թանկ է ինձ համար, ես գիտեմ որ սփյուռքը մեզ հետ է, պետք է համախմբվենք ու միաձայն ասենք, որ թույլ չենք տալու, որ թուրքը պղծի մեր հողը»։

Փաստաբան Արտյոմ Գեղամյանն այսօր նույնպես միացել էր ազատագրական շարժմանը․ նա իր խոսքը սկսեց այն մտքից, որ պետության մեջ առկա բարքերը չարիք են դառնում մեր պետության համար։ Հիմա մեր հասարակությունում բարքերը վերացնելու համար անհրաժեշտ են իրենց ոլորտներում մասնագիտական հաջողությունների հասած, իրենց սոցիալական միջավայրում ընդունված, որոշակի հարգանքի արժանացած, գիտության, սպորտի, արվեստի, մշակույթի, երաժշտության ոլորտում հաջողությունների հասած, բայց շատ կարևոր է մեր երկիրը սիրող մարդկանց խումբ։

Հանրահավաքից հետո տեղի ունեցավ ավանդույթ դարձած քայլերթը։ Թե ինչքան կտևեն խաղաղ հանրահավաքները, հստակ ժամկետ չի նշվում․ առաջնորդներն ասում էին՝ հավանաբար այնքան, մինչև շարժման մասնակիցները հասնեն վերջնարդյունքի։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված