Երևան +12°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:12 27-07-2022

Որ չկորչենք բազմաբևեռ աշխարհի մեր խաչմերուկում

Աշխարհաքաղաքական զարգացումների այսօրվա ուղղվածության մնայուն ռեսուրսը և կայունության չափը, աշխարհի արդեն իսկ կայացող վերաբաժանման պրոցեսում մեր տեղն ու դերը, կամ` դրանք չունենալու իրողությունը, առաջացած ու սպառնացող իրավիճակները ճիշտ գնահատելու համար պարտավոր ենք համադրել միջազգային հարթակներում հնչած որոշ նաև մեզ անմիջականորեն վերաբերովող հայտարարություններ ու գնահատականներ։

Օրերս ՌԴ արտգործնախարար Լավրովը բոլոր քաղաքական ֆլյուգերների համար լսելի դարձրեց նման օբյեկտների կամ սուբյեկտների նկատմամբ իր երկրի վաղվա վերաբերմունքի որոշիչները. «Մենք հիմա պարզապես զարգացնելու ենք մեր տնտեսությունը` հենվելով մեր վստահելի գործընկերների վրա. և ո՛չ նրանց վրա, ովքեր հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք բացարձակ անկարող են կատարել ստանձնած պարտավորությունները»։
Նաև Հայաստանի, հայության ու, նախևառաջ, մեր ժողովրդից բռնազավթած իշխանությունը դեռ թշնամիներին ծառայեցնող թավշյա ռեժիմի համար հնչած այս պարզ ահազանգին անմիջապես արձագանքեց մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ամենամեծ ու մարտունակ բանակն ունեցող, նաև Բրիտանիայի հակառուսական, նույնքան էլ` հակահայկական, ծրագիրն իրագործող մեր դարավոր թշմանին։ Իր երկրի` Թուրքիայի գլխի գալիքը առարկայորեն գիտակցած, ռեալացող ապագայի անխուսափելիոթյունից սարսափած Էրդողանը աճապարեց` իր «բարեկամության» հավաստիքը հայտնել ՌԴ նախագահին անձամբ։ Հետո հայտարարեց. «Պուտինի հետ այս հանդիպումը միանգամայն այլ էր։ Մենք ոչ մեկին չենք նայում թշնամու աչքերով։ Արևմուտքի այս պահին կատարած քայլերը հարիր չեն քաղաքական այս բևեռին։ Ինչպիսի վերաբերմունք դու դրսևորում ես, այնպիսին էլ ի պատասխան ստանում ես»։
Առկա իրավիճակում, երբ թավշյա կառավարության ու քպական իշխանության մեջ չկա գոնե մեկ, գոնե կիսով չափ ո՛չ արևմտամետ, որևէ աշխարհաքաղաքական այլընտրանք հանդուրժող գործիչ, պետք է հրաժարված լինել ակնհայտը տեսնելու և պարզորոշը գիտակցելու ունակությունից, որպեսզի թավիշի վրա նկատես ռուսական մատնահետքեր ու թավշապետության բացարձակ ու անվերապահ տապալումները վերագրես կամ արդարացնես ռեժիմի ռուսամետությամբ։ Փոխարենը, նույնիսկ կույրը կարող է տեսնել ու սակավամիտը կարող է հասկանալ պարզ իրողությունը, որ թավիշը ամբողջովին ու անմնացորդ, թուրքի հետ միասնաբար, կատարում է արևմուտքի հակառուսական ծրագիրը, որը կառուցված է նաև Հայաստանն ու Արցախը միաբևեռ աշխարհի անբովանդակ ու էազուրկ օբյեկտ դարձնելու խիստ հավակնոտ, բայց հիմնազուրկ քաղաքականության վրա։

Աշխարհաքաղաքական զարգացումներում անհետ չկորչելու և բազմաբևեռ դարձող աշխարհի մեր խաչմերուկում չմոլորվելու համար հենց հիմա մեր երկիրը, նաև ամեն մեկը նախ պետք է ինքն իրեն հարցնի ու գտնի պատասխանը. արդեն ավելի քան երեք տասնամյակ ու հատկապես վերջին ութ տարիներին, նաև հիմա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ ինքն ի՞նչ կապ ունի, պե՞տք է իրեն հետաքրքրի կամ հուզի սլավոնների միջև եղբայրասպան պատերազմը, աշխարհի վերաբաժանման այստեղ ծավալվող իրադարձությունները ու դրանց հետևանքները, Ուկրաինայի ճակատագիրը. որը կարող է սպառնալ նաև մեզ ։ Անձամբ ես չեմ կարողանում ու չեմ ուզում այս ամենի նկատմամբ անտարբեր լինել, քանի որ չեմ ուզում մոռանալ, որ պապերիցս մեկը Կերչում է զոհվել, չեմ ուզում հաշտվել այն մտքի հետ, թե ինձ համար միևնույննը պետք է լինի, որ պապուս ամփոփած տարածքում վաղը կարող են իշխել նրանք, ում դեմ նա կռվել ու զոհվել է։ Չեմ ուզում, որ Ուկրաինայում իշխեն բանդերականները, որոնց դեմ 50-ականներին ամբողջ 3 տարի հայրս է զինված մարտնչել, որոնց ֆաշիստական վարքի, ոճիրների ու գազանությունների մասին հորս կցկտուր պատմածները նույնանում էին ալաշկերտցի տատուցս լսած եղերական հիշողություններին։ Չեմ ուզում մոռանալ, որ հորս հարուստ գրադարանի ամենավերևի դարակի ամենախորքում էր պահվում 1958-ին ԳԴՀ-ում հրատարակված` նացիստ Հիթլերի կուսակցության ռազմական գվարդիայի գործունեության փաստաթղթերն ու վավերագրերն ամփոփող «СС в действии» սարսափազդու հատորը, որպեսզի իմ ու եղբորս ձեռքը չհասնի դրան։ Ու չեմ կարող մոռանալ թուրքերի վերաբերյալ տատուս բնորոշումները. «բալես, դրանք նորածին էրեխեքին հում-հում ուտում էին, մարդուն մորթում էին, որ անունը խմեն»։

Ու հիմա, երբ տեսնում ու լսում եմ Ուկրաինայի և նրանց զինող ու ինքնաոչնչացման մղող «արևմուտքի» ղեկավարների` ռուսներին ու ամեն ռուսականը բնաջնջելու, բոլոր հնարավոր միջոցներով ու ձևերով առավել շատ մարդ սպանելու կոչերը, ոչ մի տարբերություն չեմ տեսնում սրանց ու հիմա մեր դեմ նույն կերպ պատերազմաղ թուրքի միջև։ Անձամբ իմ վերաբերմունքն այս ամենին միանշանակ է։