Ներքին 4 տարի առաջ - 20:47 26-07-2022

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով.

«Հարգելի՛ պարոն նախարար,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Յան Լիպավսկիին ջերմ ընդունելության համար։ Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել Չեխիային Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։

Սա իմ առաջին այցն է Չեխիա՝ երկիր, որը պաշտոնապես ստանձնել է Վացլավ Հավելի ժառանգությունն առաջ մղելու ուղին՝ կարևորելով մարդու իրավունքները, ժողովրդավարական զարգացումը, ամուր քաղաքացիական հասարակությունը և բազմակողմ համագործակցությունը: Ներկայումս Հայաստանի կառավարությունն իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումների և վերափոխումների իր հավակնոտ օրակարգը, և Չեխիան այս առումով մեր վստահելի գործընկերն է։

Մենք մեծապես արժևորում ենք Չեխիայի հետ մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, և պատրաստակամ ենք որակապես նոր մակարդակի հասցնելու հայ-չեխական քաղաքական երկխոսությունը և միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների և միջխորհրդարանական ակտիվ շփումների միջոցով։

Մեր քննարկումների ընթացքում ես և իմ գործընկերը պայմանավորվել ենք առավելագույն ջանքեր գործադրել տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում ներուժի իրացման, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների և մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ։

Հայաստանն ու Չեխիան փոխշահավետ համագործակցություն ունեն նաև բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։ Սա մեծապես լրացվում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությամբ՝ իր հիմնաքարային՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի ակտիվ դերը նաև Արևելյան գործընկերության ձևաչափի խթանման գործում և պատրաստ ենք միավորել ջանքերը համագործակցության այս հարթակը փոխըմբռնման, ներառականության և արժանիքների վրա հիմնված սկզբունքով պահպանելու համար:

Հարգելի՛ ընկերներ,

Այսօր մենք մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Նախարար Լիպավսկիին ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և դերակատարությանը շարունակական աջակցության համար։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր։

Հարգելի՛ գործընկերներ,

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։

Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, պարո՛ն Լիպավսկի, Ձեր հյուրընկալության համար, և խնդրում եմ, ընդունեք իմ հրավերը՝ այցելելու Հայաստան:
Հարց․ Ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա:

Պատասխան. Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում»:

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը
09:45 Երևան-Գյումրի ավտոճանապարհին 31-ամյա վարորդը «Opel Combo»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել