Օրեր առաջ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»։
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ՝ հարցնելով, թե քաղաքացիների շուտ արթնանալով ինչ խնդիրներ են ի վերջո լուծվելու։
«Ամբողջ խնդիրն էլ հենց նրանում է, որ դա աննպատակ որոշում է։ Այսինքն՝ կոնկերտ նպատակ, որի համար այն ընդունվել է, գոյություն չունի։ Ասում են՝ քաղաքը պետք է շուտ արթնանա, շուտ արթնանա, որ ի՞նչ անի, երբ ամեն ինչ փակ է։ Ես շուտ եմ արթնանում, և այդ ժամերին ոչինչ չկա դրսում անելու։ Այսինքն՝ եթե պետական հիմնարկները չեն գործում, մարդկանց աշխատատեղերը չեն գործում, մանկապարտեզները փակ են դեռ, ծնողն արթնանա, որ ի՞նչ անի մի ժամ շուտ։ Աննպատակ, չմտածված որոշում է դա՝ կարծում եմ, և առհասարակ չի կարելի որպես թիրախային խումբ ընտրել բոլորին։ Կարելի էր, օրինակ, ինչ-որ խումբ ընտրել, որ նրանց աշխատանքի ժամն ավելի շուտ սկսվի, խցանումներից խուսափելու համար բաշխեն ժամերը, բայց ոչ այս ձևով։ Եվ երկրորդ՝ թաղապետարանից չի լսվում այդ երաժշտության ձայնը, լսվում է այդ ձայնը միայն թաղապետարանի կողքի շենքերում։ Թիրախը այս դեպքում փաստորեն դարձան թաղապետարանների կողքի շենքերի բնակիչները, և չգիտես ինչու, նրանք պետք է շուտ արթնանան։ Քանի որ Երևանի քաղաքապետարանի ժամացույցը «Էրեբունի-Երևան» երգն է երգում, որոշում ընդունվեց, որ Երևանի վարչական շրջանի ժամացույցներն էլ սկսել երգել, բայց հաշվի չի առնվում մի պարզ բան, որ Երևանի քաղաքապետարանի կողքին առհասարակ չկան բնակելի շենքեր, և որևէ մեկին չի խանգարի այդ երաժշտությունը, իսկ վարչական շրջանի թաղապետարանների կողքին կան բնակելի շենքեր։ Չի կարելի ասել, որ բոլորն արթնանա նույն ժամին , թոշակառուները գոնե պետք է այնպես անեին, որ ուշ արթնանան և տրանսպորտից օգտվեն ավելի ուշ ժամի, ոչ թե այն ժամին, երբ ուսանողներն են օգտվում, քանի որ տեղ չկա տրանսպորտի մեջ։ Մարդիկ, ովքեր աշխատանքի գնալու անհրաժեշտություն չունեն, մի քիչ ուշ դուրս գային տանից, վիճակը ավելի կթեթևանար։ Բայց մենք փաստորեն տեսնում ենք, որ դա թաղապետարանի կողքի շենքերին է միայ վերաբերում։ Կախված նրանից, թե նրանք գնալու տեղ ունեն, թե՝ ոչ, մարդիկ կարծիքներ հնչեցրին հօգուտ որոշման, թե դա առողջ ապրելակերպ է, և ես՝ որպես առողջ ապրելակերպով ապրող մարդ, ով վազում է առավոտները, կասեմ միայն՝ ահավոր է, մի հատ 06:30 դուրս եկեք, դուք վազում եք, թափառող շները ձեզ հետ են վազում։ Մարդ չկա, փողոցում շարժ չկա բացարձակ, ուզում ես մի շիշ ջուր առնել, խմել, ոչ մի ձևով չես կարողանում առնել, որովհետև խանությաները փակ են»,- նշեց Աբգարյանը։
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ, որ մեզ հետ զրույցում ասաց. «Հայաստանում ամեն օրվա մեջ տասնյակ հիմար որոշումներ են կայացնում, ես կարո՞ղ եմ այդ որոշումները մեկնաբանել։ Ես հիմարության մասնագետ չեմ։ Շուտ արթնանալով քաղաքացիների ոչ մի խնդիր էլ չի լուծվելու, իրականում չգիտեմ էլ, թե ինչ խնդիրներ կարող են լուծվել, ազնիվ խոսք։ Լուրջ բան կա, խնդրեմ՝ քննարկենք, ինչ որ մեկն ինչ-որ հիմարություն է որոշում, դրանք մեկնաբանելը ճիշտ չեմ համարում»,- եզրափակեց Մեսրոբյանը։