copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:50 25-07-2022

Կառուցողական անորոշության գրկում մոլորվածները


Մայրաքաղաքի հրապարակներում ու փողոցներում պարբերաբար բողոքի սեզոնային ցույցեր ու անհնազանդության հանրահավաքներ անող և քաղաքական նույն` անփոփոխ, անարդյունք, անվնաս պրակտիկան նաև մարզերում իրագործելու մտադրություն ունեցող ընդդիմությունը օրերս հայտարարեց, որ արձակուրդ է գնում։ Եվ գրեթե անմիջապես էլ հավելեց, որ սեփական կամքով իրենց մանդատներից չեն հրաժարվի, իսկ երբ վերադառնան արձակուրդից, շոգերն արդեն անցած կլինեն և անձրևներն ու ցրտերը դեռ սկսած չեն լինի, և իրենք «իրենց օրակարգով կգնան խորհրդարան», որպեսզի երկրում չառաջանա «լիարժեք սահմանադրական ճգնաժամ»։
Ստացվում է, որ անհաշտ ընդդիմությունը գնում է խորհրդարան, որպեսզի սահմանադրական ճգնաժամը լիարժեք չլինի, թավշապետությունում առկա տոտալ ճգնաժամերի տեսակները մեկով ևս չավելանան, ռեժիմի հոգեվարքը չգերազանցի իր բարձրակետը, դրածո վարչակալն էլ նոր գլխացավանք չունենա։ Իսկ ի՞նչ է. մեր երկրում հիմա՛ սահմանադրական ճգնաժամ չկա՞, երբ սահմանադրությունը հեռու մի տեղ ուղղակի պահված է ու պետությունը կառավարում է մեկ անձ` կրավորական ցանկություններով, թերի ու հիմնազուրկ պատկերացումներով և դրանցից բխող հակասահմանադրական ու օրինազանց կանոններով։

Այսինքն. թավշյա ռեժիմը համառ հետևողականությամբ հնարավոր ամեն ինչ ձեռնարկում է` ինքն իրեն կործանելու, թավշապետության հոգեվարքն անդառնալի դարձնելու, ճգնաժամը խորացնելու, օրենսդրության և սահմանադրության առօրյա ոտնահարումները առավել ակնառու դարձնելու, «ժողովրդավարության բաստիոնի» մասին անհեթեթ հնարանքների կեղծիքն ու խաբեությունը լիարժեք բացահայտելու, պառլամենտական հանրապետությունում պառլամենտի ու հանրապետության բացակայությունը առավել համոզիչ դարձնելու, թավշապետի ամբողջատիրական ու բռնակալական նկրտումները վերջնականորեն ու լիովին քողազերծելու համար, իսկ ընդդիմությունը պահում է մանդատները ու գնում է խորհրդարան` որպեսզի փրկի ինքն իրեն այս ընկեցիկ վիճակին բերած ռեժիմին, որ թավշապետը կարողանա մինչև վերջ իրագործել իր ստանձնած թրքական առաջադրանքը, իրենք էլ ընդդիմանալու բան ունենան։

Հիմա եթե հետադարձ հայացքով նայենք նիկոլի թվի հանրահավաքներին ու բողոքի ցույցերին, ապա կտեսնենք, որ ըստ էության դրանք համաժողովրդական երեկոյան զբոսաքներ էին։ Դրանց ընթացքում իշխանափոխություն պահանջող ու իր պահանջը իրագործելու համար վճռական քայլ անելու պատրաստ ժողովուրդը միայն և ցավոք տեսնում ու լսում էր այն, ինչը կարող էր անել նաև հեռուստացույցի առջև նստած։ Սոցիալական ու հասարակական իմաստով, գուցե և, այդ զբոսանքները օգտակար էին, բաց քաղաքական իմաստից զուրկ էին ու չունեցան շոշափելի, գոնե ցանկալի հեռանկարի հույս առաջացնող արդյունք։ Իսկ մինչ ընդդիմությունը ժողովրդի մի մասի հետ երեկոները զբոսնելուն զուգահեռ «ի՞նչ կանեի, եթե...» թեմայով իր ցանկություններն էր ներկայացնում ու ամեն օր կրկնվող պլաններն էր բացահայտում, իշխող ներքին ագրեսորը իշխողին կառավարող թշնամու հետ ձեռք ձեռքի տված` երկրի առուծախն էին շարունակում։ Ու հիմա սկսված ավելի քան մեկամսյա արձակուրդային ունայնությունը հուշում է, որ հրապարակային ընդդիմությունը մի տեսակ կառուցողական անորոշության գիրկն է ընկել։ Եվ ունեցած բոլոր հնարավորություններով ու ամենայն ջանադրությամբ անում է անհնարինը, որպեսզի ո՛չ մի օրենք ու սահմանադրության ո՛չ մի դրույթ չխախտի այնտեղ, որտեղ իշխող ռեժիմը գործում է բացահայտորեն անօրեն և անում է ինչ ուզում է ու ինչպես ուզում է։ Ուստի և` միանգամայն բնականոն հարց է ծագում. եթե այդչափ ոչինչ անել չեք կարողանում, ինչո՞ւ եք այդպես ընդգծված ցուցադրում ձեր անկարողությունը։ Դեռ չորս տարի առաջ, մասնավորապես, նաև մեր երկրում գրեթե բոլորն էին միանշանակ համոզված, որ քաղաքականութունը կեղտոտ գործ է։ Իսկ հիմա, թվում է, բոլորին ուզում են համառորեն տարհամոզել, որ քաղաքականությունը անպետք ու ապուշ գործ է։

adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում
17:18 Վեշով չբարձրանա՛ք. վիճաբանություն՝ Երևան-Դիլիջան տրանսպորտում