Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրցում նախկին տնօրենի հրաժարականի պահանջով դաադուլներ և գործադուլներ անելուց հետո իրավիճակը կրկին լարվում է։
Նախկին տնօրեն Նվարդ Հովսեփյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել ու հեռացել։ Մինչև նոր ընտրությունների անցկացումը, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նելլի Ղազարյանը։ Եվ հիմա, թեև ուսումնական տարին ավարտվել է, բայց հենց տնօրենի ԺՊ-ի դեմ է բունտ հասունանում։
Դպրոցի 1-ին «Բ» դասարանի ծնողներն ահազանգում են, որ այբբենարանին նվիրված ավարտական հանդեսի համար դասվարը դրամահավաք է կազմակերպել։


«Պարտադրել էին, որ երեխաները հանդեսի ժամանակ միանման վզկապներ կապեն, որի արժեքը 1000 դրամ է։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ծնողից 5000 դրամ է պահանջվել, որպեսզի դասվարին 50 հազար դրամ գումար տան և ծաղկեփունջ նվիրեն։ Մի քանի օր առաջ էին 5 հազարական դրամ հավաքել ու դասվարի ծնունդին նվեր տվել։ Հիմա նորից այդքան գումար պետք է տան ավարտական հանդեսի օրը։ Վստահ ենք, որ այս ամենը կատարվում է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Ղազարյանի լուռ համաձայնությամբ։ Հակառակ դեպքում՝ կկանխեր։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ տնօրենի պաշտոնակատարը սերտ կապեր ունի Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի հետ, ունենալով վերջինիս հովանավորությունը՝ անգործության է մատնված»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին առաջին դասարանցիների ծնողներից մի քանիսը։
Պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց Նաիրի Զարյանի անվան համար 130 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Ղազարյանի հետ․
«Որպես տնօրեն՝ ստացել եմ այդպիսի գրություն նաև նախարարությունից, կատարել եմ համապատասխան ուսումնասիրություն, ուղարկել եմ պատասխան նամակ։ Տվյալ ուսուցիչները, որոնք դրա մեջ թաթախված են եղել, ստացել են խիստ նկատողություն։ Դա վերաբերել է ընդամենը 1 առաջին դասարանի, որտեղ եղել է թյուրիմացություն, իսկ վզկապները գնվել են ծնողների նախաձեռնությամբ, ինչի մասին գրել ու ստորագրել են ծնողները, և ես ամբողջական փաթեթը՝ ծնող-ուսուցիչ և այլն, ամենը ուղարկել եմ համապատասխան մարմնին »,- հայտնեց Նելլի Ղազարյանը, ապա հերքեց տեղեկությունը, թե ինքն առնչություն ունի Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի հետ։
«Ես տիկին Խաչատրյանին տեսել եմ ընդամենը մեկ անգամ՝ մարտի 27-ին, երբ տիկին Խաչատրյանն իմ դիմումի համաձայն՝ ինձ որպես տնօրենի ԺՊ բերել է ներկայացնելու դպրոցին»,- հավելեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցից ահազանգ ստացել ենք ոչ միայն առաջին դասարանցիների, այլև ավարտական դասարանների աշակերտների ծնողներից։ Վերջիններիս բողոքը կապված է ոչ թե դրամահավաքի, այլ տնօրենի և ուսուցիչների ոչ պատշաճ վարքագծի հետ։



«Ուղղակի ամոթ է։ Վերջին զանգ է, այդքան հյուրեր, ծնողներ, հարազատներ էին գնացել։ Իսկ դպրոցի տնօրենն, ինչպես միշտ, վուլգար հագնված էր եկել։ Առաջին շարքում՝ շրջանավարտների առաջ նստած, ոտքը գցել էր ոտքին ու առանց ամաչելու միջոցառումն էր վայելում։ Գոնե տղա աշակերտներից ամաչեր․․․
Իր ղեկավարած դպրոցում նույն վարքագիծը նաև որոշ ուսուցիչներ են դրսևորում։ Օրինակ՝ 9-րդ դասարանի ավարտական միջոցառման ժամանակ, դասղեկը՝ Աննա Առուստամյանը, տնօրենի ու ծնողների ներկայությամբ, կարճ շրջազգեստը հագին, թռել էր տղա աշակերտի գիրկը, լկստվում էր։ Որքանո՞վ է դա նորմալ․․․»,- բողոքում են ծնողները։ Նրանք նաև լուսանկարներ են տրամադրել։
Oragir.News-ը նախ ներողություն խնդրեց դպրոցի տնօրենից, ապա ծնողների բողոքը բարձրաձայնեց, որ իրեն համարում են վուլգար անձնավորություն․
«Գոյություն ունեն «Վերջին զանգ»-ի տեսագրություններ, կարող եք ձեր լրագրողական հետաքննությունն անցկացնել, ինչին ես սիրով կնպաստեմ։ Առիթ կունենաք տեսնելու՝ ինչպես նշված է՝ ինձ նման «վուլգար» կնոջը, և ինքներդ կհամոզվեք»։
Ծնողները մեզ լուսանկարներ են փոխանցել և պնդել, որ պատկերվածը դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, բայց, քանի որ մենք անձամբ չենք ճանաչում նրան, ուստի՝ մի քանի հարցով հենց տնօրենից փորձեցինք համոզվել, որ լուսանկարում իրոք նա է։ Տնօրենն ասաց, որ ինքն այդ օրը եղել է սպիտակ հագուստով, սև «կառե» սանրվածքով, բարձրակրունկ կոշիկներով, առաջին շարքում նստած։