Ի՞նչ կա խոսելու սեպտեմբերի 2-ին Արցախում
copy image url

Ի՞նչ կա խոսելու սեպտեմբերի 2-ին Արցախում

Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:57 25-07-2022
Հուլիսի 23-ին համացանցը պայթեցրեց Արցախի ԱԺ նախագահի ուղերձն ուղղված ՀՀ ԱԺ պատգամավորներին, որով հրավիրում էր սեպտեմբերի 2-ին այցելել Արցախ և միասին նշել Արցախի անկախության օրը։ Առաջին հայացքից թվաց, թե Արցախի ԱԺ նախագահն այս հրավերով ուզում է հաշտեցնել ՀՀ պատգամավորներին։ Այդպիսի ակնարկ կար ուղերձում. «Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը»։ Այսինքն՝ Արցախի նախագահը լավատեսություն էր հայտնում, որ ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամը սեպտեմբերին կարող է հաղթահարվել։ Բնականաբար՝ ամիսներ շարունակ Երևանում ցույցեր անող խորհրդարանական ընդդիմությունը հուզական արձագանք տվեց Արցախի իշխանության հրավերին։ Սակայն հուլիսի 24-ին հայտարարեց, որ ընդունում է Արցախի ԱԺ նախագահի հրավերը։ Հավանաբար, փոքր ինչ մտածելուց հետո ընդդիմադիրները հասկացան, թե քաղաքական և միջազգային ինչ արձագանք կարող է ունենալ սեպտեմբերի 2-ին Արցախ այցելելն ու Արցախի անկախության օրը նշելը։

44-օրյա պետարզմում մեր պարտության և Արցախի մեծ մասի բռնազավթման համապատկերում Արցախի ԱԺ նախագահի այս հրավերը խիզախ նախաձեռնություն է։ Իսկ եթե Արցախի իշխանությունը ՀՀ իշխանությունների միջոցով նման հրավեր ուղարկի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին, Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնություն ցուցաբերած ամերիկյան, եվրոպական քաղաքական-պետական գործիչներին, հատկապես՝ Ֆրանսիայի օրենսդիրներին, ապա տոնական միջոցառումները կարող են միջազգային մեծ արձագանք ստանալ։ Սա լավ առիթ է ցույց տալու, որ ՀՀ-ն և միջազգային հանրությունը հանձնառու են Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու հարցում և հետևողական են, որ Արցախի հարցը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

Եթե, իրոք, Սեպտեմբերի 2-ն Արցախում նշելը քաղաքական և միջազգային նշանակություն ունի, այդ դեպքում ինչու՞ է Արցախի ԱԺ նախագահն ուղերձում շեշտ դնում ներքաղաքական ճգնաժամը հարթելու վրա։ Ենթադրելի է, որ ներքաղաքական հաշտությամբ քողարկվում է թեման, որ ռուս խաղաղապահն Ադրբեջանի խնդրանքով այդ օրը չարգելի ՀՀ պատգամավորների և օտարերկրյա հյուրերի մուտքն Արցախ։ Կա նաև հոռետեսական ենթադրություն, ըստ որի՝ ՌԴ-ն է խնդրել Արցախի ԱԺ նախագահին հանդես գալու նման հրավերով, որ այդ օրը կա՛մ հայերի և հյուրերի մուտքն արգելելու դիմաց Ադրբեջանից փորձի զիջումներ կորզել նավթագազային հետաքրքրությունների հարցում, կա՛մ հայերի մուտքը թույլ տալու դիմաց ՀՀ-ից փորձի աջակցություն ստանալ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդի կարգավիճակը վերականգնելու հարցում։