Երևան +18°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:20 19-03-2022

Մարդիկ, ովքեր 30 տարի քայքայել և կեղծել են ընտրությունները, բարոյապես իրավունք չունեն որևիցե բառ խոսելու․ Լոռու մարզպետ

Դեկտեմբերի հինգից՝ արդեն մոտ չորս ամիս, Վանաձոր համայնքում չկա ընտրված համայնքապետ։ Արգելանք է դրված Վանաձորի ավագանու կողմից քաղաքապետ ընտրելու լիազորության վրա, և հստակ տեղեկություն չկա, թե որքան կշարունակվի այս անորոշ իրավիճակը Հայաստանի երրորդ խոշոր համայնքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայները հավաքել էր նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, սակայն ընտրություններից հետո հանկարծ նրա դեմ քրգործ հարուցվեց, ու կալանավորեցին Ասլանյանին։

Oragir.news-ը զրուցեց Լոռու մարզպետ, դեկտեմբերի 5-ի ընտրություններում համայնքապետի ՔՊ-ի թեկնածու Արամ Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե մինչև ե՞րբ է Վանաձորը մնալու ԺՊ-ի կառավարման ներքո, ե՞րբ պիտի ունենա ընտրված համայնքապետ։

«ԺՊ-ի և ընտրված համայնքապետի միակ տարբերությունն այն է, որ ԺՊ-ն չի կարող կառուցվածքային հաստիքացուցակ փոխել, իսկ իրավիճակը Վանաձորում ճգնաժամային չէ։ Մենք առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով. եթե մեզ կամ քաղաքապետարանի հետ համաձայն չեն, կարող են դիմել համապատասխան մարմինների։ Մարդիկ, ովքեր 20-ից 30 տարի քայքայել և կեղծել են ընտրությունները, այսօր բարոյապես իրավունք չունեն որևիցե բառ խոսելու, թող ժամանակին դրա մասին մտածեին։ Քաղաքի վիճակը տեսնելով՝ եթե անձամբ իրենք էլ չեն արել, ապա նպաստել են իրենց գործողություններով, քվեարկություններով և հայտարարություններով»,- ասաց Խաչատրյանը։

Վերջինս Oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը, մարզպետարանը և կառավարությունը այսօր անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Վանաձորում խնդիրներ չծագեն.

«Վստահեցնում եմ, որ Վանաձորը և վանաձորցիք որևիցե կերպ չեն տուժելու. քաղաքապետարանը իրականացնում է աղբահանության, մաքրման և այլ աշխատանքներ։ Կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք առաջիկայում կհարթվեն, սակայն չի բացառվում, որ կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո կլուծվեն խնդիրները։ Եվ երբ ավարտվեն իրավական գործընթացները, այդ ժամանակ կընտրվի քաղաքապետ»։

Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի խոսքով՝ համայնքում ապօրինություն է տիրում: «Եթե համայնքի ղեկավար և տեղակալ չի ընտրվել, որը պետք է լիներ ավագանու անդամ, ի՞նչ ԺՊ-ի մասին կարող է խոսք լինել։ Նշանակովի ժամանակավոր պաշտոնակատար չի կարող լինել, որովհետև ԺՊ լինում է այն դեպքում, երբ չեն լինում ընտրություններ, իսկ հակառակ դեպքում պետք է համայնքի ղեկավար ընտրի համայնքի ավագանին։ Բայց ընտրված ավագանու անդամին ապօրինաբար ազատությունից զրկելու միջոցով, որը ամենաշատ քվեներ ստացած թեկնածուն է ընտրություններում, նրան իշխանությունները շինծու մեղադրանքներով ազատազրկել և հնարավորություն չեն տալիս, որպեսզի համայնքը ընտրի համայնքի ղեկավար։ Այսինքն՝ այնտեղ օրենքի տրամաբանության դաշտում պետք չի ոչինչ փնտրել. դա բռնի, կոպիտ, իշխանության ապօրինի գործողությունների հետևանք է»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Ըստ Ղազարյանի՝ օրինականը այն է, երբ այդ համայնքում տեղի են ունեցել համայնքի ավագանու ընտրություններ, որից հետո օրենքով սահմանված ժամկետում պետք է ընտրվեր համայնքի ղեկավար։

Ըստ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի՝ քաղաքը արդեն 5 ամիս գտնվում է անորոշ վիճակում։

«Քաղաքապետի բացակայության պատճառով՝ այն գործառույթները, որ պետք է կատարվեն քաղաքապետարանի կողմից՝ ի շահ քաղաքացիների, չեն իրականացվում։ Պայմանագրի ժամկետներն արդեն ավարտվում են, քաղաքապետների դիմումները, բազմաթիվ գործարքները չեն կատարվում, դեռևս անցած տարվա բյուջեով է առաջնորդվում։ Չեն շտկվել մի շարք հարցեր՝ աշխատակազմի, աշխատավարձերի, պետական տուրքերի և տեղական վճարների հետ կապված, այսինքն՝ այս բոլոր գործառույթները, որոնք արվում են սովորական պայմաններում, արդեն 5 ամիս չեն իրականացվում կամ իրականացվում են, սակայն բավականին չնչին քանակով»,- ասաց Գայանե Քալանթարյանը։

Հարցին՝ որքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը, և արդյոք ավագանին կարո՞ղ է համայնքապետ ընտրել, Քալանթարյանը պատասխանեց.

«Անշուշտ, անորոշություն է, այստեղ կա օրենքների բաց, քանի որ արգելանք է դրված Վանաձորի ավագանու կողմից քաղաքապետ ընտրելու վրա։ Օրենքի բացը կազուս է (դատական խճճված գործ), և կարծում եմ՝ իրավական լուծում դեռևս չեն կարողանում տալ։ Եթե քաղաքապետ ընտրելու արգելանքը հանվի, կարծում եմ՝ ավագանին ոչ թե իրավունք ունի, այլ անպայման կընտրի քաղաքապետին»։

Ըստ Քալանթարյանի՝ ՏԻՄ օրենքում ընդհանրապես չի արծարծվում ժամանակավոր պաշտոնակատար եզրույթը: «Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որովհետև ՏԻՄ օրենքում հստակ ամրագրված է, որ քաղաքապետը ունի տեղակալ, որը քաղաքապետի բացակայության դեպքում կարող է կատարել գործառույթներ»,- ասաց Քալանթարյանը։

Մարիամ Ստեփանյան

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան