Կյանքն անառարկելիորեն ապացուցում է, որ մարդկության պատմության ընթացքում մեկ անգամ արդեն տեղի ունեցածը կարող է կրկնվել տարբեր տեղերում։ Կարող են փոխվել ժամանակները, իրավիճակները, եղելության մասնակիցների անուններն ու կոչումները, նոր կերպարներն իրենց մեջ խտացնեն մի քանիսին, բայց իրողության բուն խորհուրդը, էությունն ու իմաստը նույնն են մնում։
Մեր երկրում հիմա ապրողներիս համար ցավեցնելու աստիճան ծանոթ կթվա 5 դար առաջ տեղի ունեցածը, թեև ինքնին հասկանալի է, որ մեզանից ոչ մեկը չէր կարող ականատեսը եղած լիներ ու հիշեր եվրոպական հայտնի ծաղրածու Տրիբուլեի մասին մեզ հասած, ու հիմա մեզ պատուհասած պատմությունը։ Բոլոր ժամանակների Եվրոպայում հիմարներն ու ծաղրածուները միանման բարձր համարում են ունեցել։ Հիմա էլ այս առումով շատ բան չի փոխվել։ Սրանց անելիքը` թագավորի կամ իշխանի մեծ ու փոքր հպատակներին ծաղրելն ու իրեն կերակրող տիրոջը զվարճացնելն է եղել։ Հիմա էլ ցանկացած պաշտոնյա նույն բանն անում է հավասար իրավունքներ ու ազատություններ ունեցող քաղաքացիների նկատմամբ` երբ համապատասխան հրահանգ է ստանում իրեն վարձատրողից։
Եթե նախկինում պատվախնդիր մարդուն ծաղրելը դաժանորեն պատժվում էր, հիմա նույնը կարելի է անել առանց որևէ ռիսկի` եթե անում ես անպատժելիության մենաշնորհով օժտված մեկի հրահանգով։ Իսկ եթե հանուն արդարության ես ուզում ճշգրիտ բնութագրել պատվազուրկ, բայց բարձր պաշտոնավոր մեկին, ապա հիմա դա ծաղր ու ծանր վիրավորանք է որակվելու և հղի է շատ մեծ տուգանքով։ Հեռու ու մութ անցյալում դրա համար նույնպես քրեական գործ չէին հարուցում, բայց եթե թագավորին կամ բարձր տիտղոսավոր ազնվականին ծաղրածուի կատակը վիրավորական էր թվում, ապա ոչ մի կերպ չսահմանված չափն անցած հիմարին ուղղակի գլխատում էին` առանց կալանավորելու։
Տրիբուլեն իր ժամանակի ամենահայտնի պալատական ծաղրածուներից մեկն էր։ Իսկական անունը Նիկոլյա Ֆերրիալ էր. ծնվել էր 1479-ին, գաճաճ էր ու ինքնին ծիծաղելի։ Խոսել սովորելուց ի վեր հայրենի Բուլայի փողոցային խեղկատակն էր։ Այս գավառական քաղաքը Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ի ծննդավայրն էր նաև, արքունիքը հաճախ էր լինում տոհմական ամրոցում։
Մի անգամ փողոցներում զբոսնող թագավորը նկատեց այս գաճաճին, լսեց նրա մի քանի սրախոսությունը, ծիծաղեց ու որոշեց նրան դարձնել իր պալատական ծաղրածուն։ Նա էլ Նիկոլյային տվեց Տրիբուլե անունը, թույլատրեց` ոչ մեկից չվախենալ ու լավ վարձատրում էր իրեն զվարճացնելու համար։ Պալատական կյանքը շատ արագ փոխեց Նիկոլյային։ Նույնիսկ թագավորն էր հաճախ անակնկալի գալիս նախկին հիմարավուն լիլիպուտի խորամանկություններից ու սադրանքներից։ Լյուդովիկոս XII-ը նրան թույլատրել էր այն, ինչի իրավունքը չունի շատ շատերը, գրեթե ոչ ոք։ Նիկոլյան ծաղրում էր թագավորին, նրա ընկերներին, պալատական տիկնանց ու նույնիսկ բոլորին արգելված թեմաներով կարող էր կատակել ու տեսակետ հայտնել։
Լյուդովիկոսի մահից հետո գահակալ դարձավ Ֆրանցիսկոս I-ը։ Նիկոլյային թեև պահեցին պալատում, բայց նոր թագավորը ծաղրածուի կարիք չուներ ու նա գրեթե անտեսված էր. նրան խստագույնս արգելեցին ծաղրել թագուհուն ու պալատական կանանց, սահմանափակեցին կատակելու սրությունը, վարձավճարն էլ կրճատեցին, բայց ծաղրածուն մշտապես ոտնահարում էր այդ արգելքները։ Ու եկավ մի օր, երբ պալատում խիստ ներկայացուցչական ու բազմամարդ միջոցառում էր` դեսպաններ, արտասահմանյան հյուրեր, բարձրաստիճան ազգեցիկ պաշտոնյաներ. և կիզակետում պետք է լիներ ու բոլորին զվարճացներ ծաղրածուն։ Խնջույքի ընթացքում Նիկոլյան այնքան տարվեց իր դերով, որ համարձակվեց իր մոտ կանչել թագավորին, ստիպեց նրան խոնարհվել, ապա ոտքով հարվածեց նրա հետույքին։ Ներկաները անզուսպ քրքջում էին։ Ֆրանցիսկոս I-ը հասկացավ, որ իրեն հրապարակավ ու սաստիկ անպատվել են։ Անմիջապես հրամայեց` անհապաղ ու բոլորի աչքի առաջ գլխատել անբարտավան գաճաճին, սակայն քիչ անց միտքը կտրուկ փոխվեց ու Նիկոլյայի առջև խնդիր դրեց. եթե նա առաջարկի իր արարքից անհամեմատ ստորացուցիչ պատիժ, ապա մահապատիժը չի իրագործվի։ Մինչդեռ ծաղրածուն շարունակեց կատակել. «Ներեղություն եմ խնդրում, իմ թագավոր, բայց ես ձեզ շփոթեցի թագուհու հետ»։
Այդուհետ թագավորը, ճիշտ է` չասեց «Նիկոլյան ճիշտ էր, ես սխալվեցի», բայց հրամայեց, որ նա՛ ընտրի` ինչպե՞ս է նախընտրում մահանալ։ Ծաղրածուն շարունակեց կատակել. «Տիրակալ, հանուն խելագարության հովանավոր սրբեր Նիտուշի ու Պանսառի, ուզում եմ մահանալ ծերությունից»։
Ֆրանցիսկոս I-ը միայն այդ պահին հասկացավ, որ գավառական փողոցից, անտերությունից, անհայտությունից թագավորական պալատ հասած ու բոլորին ծաղրելու իրավունք ստացած ոչնչության կյանքը ոչ մի արժեք չունի ու խեղկատակից ոչինչ չի կարող վերցնել։ Ու պարզապես նրան վտարեց պալատից։