Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:19 19-07-2022

Նոր աշխարհակարգ է ձևավորվում, իսկ մենք պարտված ենք ու թուլացած

Ծով չունեցող, ճանապարհներից խեղճացող, հարևան երկրների հետ փակ սահմաններով ու շրջափակված, աշխարհի քարտեզի վրա գտնելու համար որոնողական ջանքեր պահանջող Հայաստանը հանկարծ լրջորեն ու ակնհայտ հետաքրքիր է դարձել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար գոնե վերջին ամիսներին: Թուրքիայի ու Ադրբեջանի համար էլ է հետաքրքիր, բայց նրանց հետաքրքրությունը գուցե բոլորովին այլ բովանդակություն ունի: Իսկ ի՞նչ են այդքան փնտրում՝ իրար հերթ չտալով, այդ մեծ տերություններն այս պարտված, թուլացած, գրեթե ավերված երկրում, որ ո՛չ խաղացող է, ո՛չ էլ թելադրող աշխարհում կամ թեկուզ այն շրջապատում, որտեղ ինքն է:

Գուցե հենց այդ պարտվածի ու թուլացածի վիճա՞կն է խթանը, խաղացող ու թելադրող չլինելու հանգամա՞նքը, որ հետաքրքիր ենք այդ տերություններին, որոնց կողմից կասկածելիորեն հատուկ ուշադրության ենք արժանանում՝ մոռացված լինելու փոխարեն: Գալիս են գործիչներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, մենք ենք գնում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ հանդիպելու, հարցեր լուծելու: Մեր մյուս հարևան Իրանը ուշադիր է, Վրաստանն անտարբեր չէ: Կենտրոնում Հայաստանն է, որ բնավ էլ կենտրոն չէ կարևոր գործերի՝ աշխարհի չափանիշներով:

Շարունակ շրջանառվում է, որ աշխարհը փոխվում է, նոր աշխարհակարգ է ձևավորվում, նոր սահմաններ, ու քարտեզը նորից է գծվելու: Գուցե այդպես է: Իսկ այդ նոր աշխարհակարգում ինչպիսի՞ն է լինելու մեր կարգը: Ո՞վ է որոշելու մեր քաշը՝ մե՞նք, թե՞ մեզ հետ խաղացողները: Մենք նոր աշխարակարգ ենք մտնում պարտված ու թուլացած, կորցրած: Ո՛չ խաղացող ենք, ո՛չ էլ թելադրող:

Այդպես էինք 100 տարի առաջ, երբ նոր աշխարհակարգ էր ձևավորվում, նույնն ենք հիմա, երբ նորից աշխարհակարգ է փոխվում: Աշխարհը բաժանվում է ու բազմապատկվում, հանվում է ու գումարվում: Իսկ մենք հնազանդ ու անվրդով սպասում ենք, թե ինչ ձեռքերով ենք անցնելու, ինչպես ենք մեզնից հանվելու և աշխարհին բաժանվելու: Այդպես էր մեկ դար առաջ, որովհետև պարտված էինք, նույնն է հիմա, որովհետև պարտված ենք:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով