Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:04 15-07-2022

«Որսաշրջանի» հասարակածում…

Հայաստանն այն երկրներից է, որտեղ ուզած տիպի հանցագործության բացահայտում նմանվում է ամենաիսկական հերոսության: Հարկավ, հանցագործությունների բացահայտումն իսկապես դժվար է, անասելի դժվար, սակայն ոչ այնքան իրավական ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական ապաշնորհության, որքան հայերիս՝ «փոքր ածու» լինելու, խնամի-ծանոթ-բարեկամ «սուրբ» ու անքակտ եռամիասնության և հայ հասարակության գողական ընկալումներով պայմանավորված «գործ չտալու» հակվածության պատճառով: Հենց հիշատակված հանգամանքների ընդգրկուն ամպլիտուդում էլ իր մշտական գոյությունն է պահպանում՝ առերևույթ անշառ, փաղաքշորեն «մաղարիչ» որակված ձախությունը: Տարածվածության աստիճանի, արտահայտչաձևերի բազմազանության ու համակարգային էպիդեմիայի վերածվելու հակվածության առումով՝ այս երևույթը մեր օրերում հատել է վտանգավորի սահմանագիծը: Երբեմնի «մաղարիչը» հասակ է առել, «առնականացել»: Փոխելով «անձնագրային տվյալները»՝ այն վերաճել է միջազգայնորեն ճանաչելի «կոռուպցիայի»:

Հասարակական քաղցկեղի հոմանիշ դիտարկվող «կոռուպցիա» երևույթի ընդգրկման շառավղից դուրս չէ նաև կրթության ոլորտը: Հարկ է նկատել, որ հանրային դիտարկումների համաձայն՝ կոռուպցիոն դրսևորումների մասին խոսակցությունները հատկապես ակտիվանում են շրջանավարտներ-բուհական ընդունելության քննություններ-զորակոչ «բերմուդյան» որակված եռանկյունու «գեոլոկացիոն» հատվածում: Հանուն անկեղծության նկատենք, որ բանը դրանով էլ ավարտվում է: Ընդունվողն ընդունվում է, չընդունվողն էլ, կասկածի որոմը սրտում, շարունակում է բողոքել պատմական անարդարությունից: «Նույն շղթայի օղակներն են, ո՞ւմ բողոքես» ընդհանրական մեղադրանքի հակառակ բևեռում արևելյան հասարակություններին բնորոշ, բազմիմաստություն պարունակող, գրեթե քրեստոմատիկ՝ «բռնված չէ, գող չէ» հակադարձումն է: Ձևակերպում, որը մարդկանց իրավագիտակցության մեջ շարունակում է ալիբիի հոմանիշ ընկալվել:

Ժամանակները փոփոխական են, հավերժությունն է անփոփոխ… Կավարտվեն նաև այս տարի անցկացվող բուհական քննությունները, կավարտվի նաև գարնանային զորակոչը, ու ամեն ինչ «ավանդապահ» Հայաստանում կմնա նույնը: Ամեն ինչ, ներառյալ՝ պատմական անարդարությունից ունեցած տրտունջները: Բուհական ընդունելության քննություններից ունեցած բողոքներն ու դրան հաջորդելիք բողոքարկումները նույնպես, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կմնան անարձագանք: Որոշ ծնողների՝ բարձր գնահատականների «ալքիմիայի» բացահայտմանը միտված նախաձեռնությունն էլ կմնա անպտուղ: Միանշանակ կմերժվի նաև արդարության վերականգնմանը միտված՝ լրացուցիչ-թափանցիկ մի քննություն էլ 19-20 գնահատականների արժանացածների միջև անցկացնելու առաջարկը, անարդարությունից դաղված ծնողների հղացած նոու-հաուն…

Ի սեր անկեղծության պիտի նշեմ, որ տպագիր լրատվամիջոցներում զետեղվելիք, անարդարության բացահայտմանը միտված բաց նամակները նույնպես ցանկալի արդյունք չեն տալու: Առավել քան համոզված եմ, հիշատակված բաց նամակներում դատախազությունը կրկին քրեաիրավական տարրեր չի հայտնաբերելու, հետևաբար հետաքննության նպատակով դրանք ոստիկանություն չի ուղարկելու…

Հենց այսպես էլ ապրում ենք՝ կոռուպցիոն ռիսկերից, ավելին՝ սխեմաներից դուրս երկրում՝ միանգամայն համոզված հասարակական այդ ախտի դեմ հայտարարված պայքարի հաջողությանը: Չգիտեմ՝ դուք հավատ ընծայում եք այսօրինակ հայտարարություններին, թե՝ ոչ , բայց ես ավելի համակարծիք եմ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի հետ, ում արտահայտած՝ «Անզեն քաղաքականությունը նման է անգործիք երաժշտության» միտքը առավել բնորոշ է առկա վիճակին: Մնում է ասվածին հավելել մի դիտարկում ևս. եթե առաջ կոռուպցիոներների դեմ խիստ որոշակի պատժամիջոցներով էին պայքարում, ապա այժմ անողոք պայքար ծավալելու սպառնալիքով միայն…

Ամենից շատ դիտված

13:45 Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
13:48 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իրազեկման երթ է անում ՀՀ բուհերում. ՈւՂԻՂ
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ

Ձեզ գուցե հետաքրքրի