Երևան +17°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:00 15-07-2022

Առաջիկայում Սյունիքից  «դմփոցը» կլսվի

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է Սյունիքի մարզի հիմնախնդիրներին, ինչը լրջորեն անհանգստանալու տեղիք է տալիս։ Նախ նա Սյունիքի մարզպետից հետաքրքրվել է Կապան-Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակից: Վերջինս զեկուցել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են, բայց տեմպի խնդիր կա, քանի որ հատկապես փոքր մեքենաների համար մասնավորապես Տաթևից Քաշունի ընկած հատվածում լուրջ խնդիրներ են ստեղծվում ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով: Փաշինյանը նշել է, որ այդ կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել փոխվարչապետին և ՏԿԵ նախարարին։ Նա միաժամանակ կարևորել է Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը, որը Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է լինելու և Սիսիանի մոտակայքում Տաթևից դուրս է գալու մայրուղի:

Դրանից բացի՝ Փաշինյանն անդրադարձել է նաև Մեղրիի մանկապարտեզի կառուցման խնդրին՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել գործընթացը: «Սյունիքի մարզի հետ կապված ևս մի տեղեկատվություն, որ ինձ համար շատ ցավալի և զարմանալի է: Դեռևս 2018 թ. ես Մեղրի քաղաքում խոստացել եմ Մեղրիի մանկապարտեզի շինարարություն, որը շահագործման կհանձնվի: Դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել՝ որպես համաֆինանսավորող, բայց ինձ համար շատ տհաճ է արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում: Այստեղ էլի գործողություններ կան, որ պետք է անենք՝ պարզելու համար, թե ինչու ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել, ինձ լուսանկարներ են ուղարկել այնտեղից և, ըստ էության, խայտառակ պատկեր է» (պատկերացնել է պետք, թե Փաշինյանը ինչքան ծանր է տարել այն հանգամանքը, որ խոստացել է ու ինչ-ինչ պատճառներով իր խոստմանը տեր չի եղել): Փաշինյանը դա համարել է անձնական պատասխանատվության հարց և հանձնարարել ենթականերին՝ «օր առաջ մանկապարտեզը, մեր սկզբունքների համաձայն, պետք է շահագործման հանձնվի, և երեխաների առջև դռները բացվեն»:

Դրանցից զատ՝ Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Վարդավանք բնակավայրը ներառվել է ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշմամբ սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում: Արդյունքում Վարդավանք բնակավայրի ընտանիքները կօգտվեն սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսված սոցիալական աջակցությունից՝ անշարժ գույքի հարկի, բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի նկատմամբ տրվող արտոնություններից:

Կառավարության մեկ նիստի ընթացքում վարչապետը եռակի սրտացավություն է դրսևորել մի մարզի նկատմամբ, որի բնակչության վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ եղել է պատմական, ու «սյունյաց ողջույնները» երևի թե ամենաուժեղն են խոցել նրան, որ հաստատ երբեք չի մոռանալու և կուլ չի տալու։ Այս դրվագը նաև պատմությունը չի մոռանալու։ Հետևաբար, ինչո՞վ բացատրել նրա այդպիսի սրտացավությունը մարզի նկատմամբ։

Կարելի էր մտածել, որ տիկին Աննայի նկատմամբ դրսևորված վարդային ընդունելությունն է այդպես փափկեցրել Փաշինյանի սիրտը, և նա մոռացել է «սյունյաց ողջույնները», բայց ճանաչելով Փաշինյանին՝ հասկանում ես, որ ըստ նրա՝ հենց այդպես էլ պետք է լիներ, ու այդ կերպ սյունեցիներն ընդամենը իր առաջ իրենց ունեցած մեղքերն են քավում։ Հետևաբար միակը, որի ուղղությամբ կարելի է մտածել, այն է, որ փաշինյանական նման ընդգծված բարյացակամությանը հետևելու է Սյունյաց աշխարհի դեմ ուղղված հերթական դավաճանական քայլը։ Դա կլինի ճանապարհ թե բնակավայր տալու տեսքով, թե մեկ այլ դրսևորմամբ՝ հիմա դժվար է ասել, քանի որ այդ առումով նա բազմաթիվ այլընտրանքներ ունի։ Ու որ առաջիկայում Սյունիքից «դմփոցը» կլսվի, դրանում կասկածել պետք չէ։ Նման հարցերում Փաշինյանն ինքն իրեն չի դավաճանում։