copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:00 13-07-2022

Մեզ կույր լավատեսներ պետք չեն

Չինական XINHUA գործակալությունը ամիսներ առաջ տեղեկացրեց, որ Սիչուան նահանգի Պենգլայ գյուղի տներից մեկի վրա արբանյակ է ընկել։ Հրաշքով ողջ մնացած տանտերը, իր տանից մնացած ավերակը ցույց տալով, վստահեցրել էր. «Արբանյակը վայրէջք կատարեց հենց իմ տան վրա, իսկ դա նշանակում է, որ այս տարին մեզ մեծ հաջողություն է բերելու»։

Լավատեսությունն, իհարկե, լավ բան է, բայց կույր լավատեսությունը ուղղակի աղետ է։ Համոզված եմ, որ այս չին գյուղացու` Հո Ջիյուի վրա իմ հայրենակիցներից շատերը կծիծաղեն, նույնիսկ կծաղրեն նրան, բայց ոչ բոլորը կգիտակցեն, որ այս զավեշտը նաև իրենց մասին է։ Շատ ավելի լուրջ խորհելու դեպքում դժվար չէ հասկանալ, որ նույնպիսի կույր լավատեսությամբ, այսինքն` աղետալի կուրությամբ, տառապում են մեր երկրում դեռ իշխող թավշյա ռեժիմն ու իր դրածո վարչակալը, բայց նաև` հետևողականորեն ու մեթոդաբար պառակտված մեր հասարակության ու քաղաքական դաշտի մի ստվար մասը։ Չին գյուղացին վերահաս աղետը բարեբախտություն է համարում գուցե իր պարզամտության հետևանքով կամ շահադիտորեն լիահույս է, որ պետությունն իր համար նոր տուն կկառուցի։ Իսկ մեզ իշխող թավշյա ռեժիմը ու մեզանից շատերը խաղաղություն են մուրում մեր երկիր զենքով մտած ու մեր գյուղերը զավթող, մեր տունն անվարան ավերող թուրքից։

Իրականությունը տեսնելուց իսպառ հրաժարված միտումնավոր կույրը միայն կարող է ինքն իրեն խաբել, թե մեզ բնաջնջելու ծրագիրը հրապակավ պրոպագանդող և իրագործելու վճռականությունը անթաքույց պնդող, մեր մշակույթը ամենուր ոչնչացնող ու մեր պատմությունը խեղաթյուրող կամ իրեն վերագրող թուրքը կարող է մեր բարեկամը լինել ու մեր բարեկեցության երաշխիքը դառնալ։ Իսկ այսպես է, աղետը բարեբախտություն է ներկայացվում, դրածոյի ու իրեն վարչակալ դնողի հեռախոսազրույցը փրկության ղողանջ է ընկալվում, քանի որ այս նույն միտումնավոր կույրերը չեն ուզում` որևէ մեկը հիշի, որ մեզ հետ հարաբերվելու դիմաց թուրքը Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնել է պահանջում, ամեն ինչի համար պայման է դնում, որևէ քայլ անելուց առաջ մեզ բազում ծառայություններ է պարտադրում։ Իսկ մենք անընդհատ ու բոլոր ստորացնող իրավիճակներում միայն կրկնում ենք` ձեր ուզած ամեն ինչը կանենք արագ ու առանց նախապայմանների։

Թուրքը մերը ձրի վերցնելուց առաջ էլ պաուզա է անում ու մտածում է, իսկ մեր կույր թավիշը մերը տալիս է թշնամուն` առանց մտածելու ու աճապարանքով։ Իսկ գուցե այս պրոցեսում «մերոնք» ընդհանրապես չկա ու բոլոր մասնակիցներն են թուրք։ Սահմանամերձ բոլոր բնակավայրերը թշնամու ուղիղ գնդակոծման ու թալանի թիրախներ են դարձել, իսկ սարի հետևում թաքնված հարևան գյուղին որևէ կերպ չի անհանգստացնում, որ իր դրկիցին վաղ թուրքը պարզապես կարող է զավթել։ Ազգի ու երկրի լինել-չլինելու հարցն է դրված, իսկ ընդդիմությունը իր մանդատները դնելու կամ պահելու խնդրով է մտահոգ ու վրդովված է, որ եռամսյա զորահավաքին իրենց էլ են ներգրավելու։ Սա հայկական հինավուրց ավանդույթ է, ազգային խորացած սովորություն։ Այսպես է, որ երազում ենք «ծովից ծով»-ի մասին, բայց մեր տուն ու տեղը անտեր թողնում, փախչում ենք, հենց ուրիշի տանը հաց ենք գտնում։ Այսպես է, որ մեր սահմանը ուրիշն է պահում, բայց մենք այդ ուրիշի վրա մուննաթ ենք գալիս, թե մեր հողն է տրորում ու մեր ջուրը խմում։

Ա՛յ, խրոխտ ընկեր Իշխանը ոչ այնքան հարցնում, որքան կշտամբում է, թե` «ձեզ թվում է՝ Նիկոլը 4 տարի մնալո՞ւ է»։ Չէ՛, ընկեր Իշխան ջան, ինձ չի թվում, այլ համոզված եմ, որ ավելի երկար էլ մնալու է, քանի դեռ իրեն նշանակող օտարները կուզեն իրենց դրածոյին պահել։ Իսկ համոզված եմ, քանի որ հակառակ բոլոր օրենքների ու ցանկացած առողջ տրամաբանության՝ այս փողոցային պատուհասին վարչակալ դարձնելու արտաքին պատվերը կատարելուն լծվեցին օրվա ԱԺ-ի բոլոր, առանց որևէ բացառության` բոլոր խմբակցությունները։ Իսկ առաջինը հենց օրվա իշխող մեծամասնությունն էր։ Առանց այս աջակցության՝ արտաքին ոչ մի պատվեր չէր կարող կատարվել։

Եթե օրվա ԱԺ-ն չուզեր, չէր լուծարվի, եթե օրվա իշխանությունը չուզեր, չէր մերժվի։ Եթե օրվա ընդդիմությունները չուզեին, որ իրենց ստիպեն, ստիպված իրենք իրենց չէին մերժի ու օտարի ընտրյալին չէին ընտրի։ Իսկ ով այն ժամանակ ծնել, սնել ու նշանակել է այս պատահական «տիրակալին», նա էլ կհանի, երբ ինքն ուզենա, երբ իրեն պետք լինի։ Եվ դա պայմանավորված չի լինի այսօրվա ընդդիմության արածով ու պահանջով։ Դրանք մի քանի անգամ արդեն եղել են ու ոչ մի արդյունք չեն ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր-բոլորն ու անգամ երկրի գերիները, նախագահն էին պահանջում նրա հրաժարականը։

Հետևաբար մեր երկրում արտաքին կառավարում հաստատած օտարների ու իրենց դրածոյին տիրություն անելու կամ անտեր թողնելու վարկածների մասին ես էլ եմ ժողովրդի նման մտածում ու կփոխեմ իմ այս համոզմունքը, երբ աննկուն ընկեր Իշխանի նման նոր գործիչները նոր իրավիճակ առաջացնելու համար կարողանան ինչ-որ նոր բան անել, երբ մեզանում այլևս կույր լավատեսներ չլինեն։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում