copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 12:49 11-07-2022

Խորհրդային տարիներին ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը երկու բալ ավելի ցածր է գնահատվել

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Երևան, Վանաձոր, Գյումրի քաղաքներում և մի շարք այլ քաղաքներում շենքերը և շինությունները պետք է կառուցվեն 9 բալ սեյսմակայունության հաշվարկով, այսինքն՝ բոլոր շենքերը անխտիր պետք է բավարարեն առնվազն 9 բալ ուժգնության երկրաշարժին։ Դա մեր հանրապետության շինարարների, սեյսմաբանների, կառավարության համատեղ ձեռքբերումն է, որովհետև խորհրդային տարիներին ստեղծված սեյսմակայուն շինարարության նորմերով ՀՀ-ի տարածքը նշված է որպես 7 բալ, մի փոքր հատված էլ՝ 8 բալ»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետի տեղակալ, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։

Նա հավելեց․ «Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ երկու բալ ավելի ցածր է գնահատվել ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը, այդ բացը ուղղվել է, այսօր մենք ունենք սեյսմակայունության նորմեր, որոնք 2020թ․-ին նորացվեցին, թարմացվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզը, որը հիմք է ծառայում կոնկրետ բնակավայրերում, կոնկրետ գյուղում, քաղաքում շինարարության համար»։

Անդրադառնալով Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք գրանցված այսօրվա երկրաշարժին՝ Պետրոսյանն ասաց. «Ցնցումները, որոնք մենք նշում ենք, Բավրայից 14-15կմ հյուսիս-արևելք դրանք տեղի են ունենում՝ երկրաբանների կողմից քարտեզագրված Ջավախքի ակտիվ խզվածքային գոտում, որը անվանում են Ջավախքի ընդարձակման գոտի, դա հայտնի օջախ է, հայտնի գոտի է, որին հարում է Ջավախքի երկրաշարժածին օջախը։ Սա աչքի է ընկնում մեծ ակտիվությամբ, եթե նայեք քարտեզը, երկրաշարժերի տարեկան կտրվածքը, ամեն երկրաշարժը մի փոքրիկ աստղիկի ձևով նշված է, և միշտ ամենաշատ կուտակումները կլինեն Հայաստան-Վրաստան սահմանային գոտում։ Եթե գրում ենք Վրաստան-Հայաստան, ուրեմն էպիկենտրոնը Վրաստանի տարածքում է, եթե գրում ենք Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, ուրեմն էպիկենտրոնը մեր տարածքում է, բայց դա նույն Ջավախքի ընդարձակման գոտուն է հարում։ Այն մեծ երկրաշարժեր է հարուցում՝ համեմատած մեր տարածքի և հարևան տարածքների մնացած բոլոր երկրաշարժերի օջախներին։ Ամենաուժեղ սեյսմիկ ցնցումը եղել է 6 բալ, դրանից հետո գրանցվել են բազմաթիվ սեյսմիկ ցնցումներ, որոնք իրենց ուժգնությամբ ավելի թույլ են։ Առայժմ առաջին սեյսմիկ ցնցումը, որը ունեցել է 4,4 տասնորդական մագնիտուտ՝ ըստ Ռիխտերի սանդղակի, և գնահատվել է 6 բալ էպիկենտրոնային գոտում, առայժմ եղել է ամենաուժեղը։ Մենք դիտարկում ենք, որ հաջորդ ցնցումները, այնուամենայնիվ, ավելի թույլ են, ինչը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այդ հատվածում երկրակեղևի լարվածությունը աստիճանաբար նվազում է»։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Պատասխանելով մեր այն հարցին, թե մեր բնակչությունը և ենթակառուցվածքները արդյոք պատրաստ են դիմակայել միջինից բարձր ցուցանիշ ունեցող երկրաշարժին, Պետրոսյանն ասաց. «Մեր բնակչությունը և պետությունը բոլորովին պատրաստ չէին 1988թ․-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, դա ուներ իր բացատրությունը, և հիմք ընդունելով Սպիտակի երկրաշարժի դասերը, որը, լինելով ուժեղ երկրաշարժ, վերածվել էր աղետի, 1991թ․-ի հուլիսի 17-ին ստեղծվեց կառավարության մարմին՝ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, որը պատասխանատու է այս ամբողջ գործընթացի համար, և բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերում են երկրաշարժի, հավաքված են մի տանիքի տակ։ Այս տարիների ընթացքում ամեն ինչ արվել է, որ ժողովուրդը տեղեկացված լինի, որ շինարարությունը իսկապես լինի սեյսմակայուն, որպեսի լինի համապատասխան օրենսդրական դաշտ։ 2002թ․-ին ընդունված սեյսմիկ պաշտպանության մասին ՀՀ օրենքը առաջինն էր ԱՊՀ բոլոր երկրներում, որը նվիրված էր երկրաշարժ երևույթին։ Այն հետագայում տրամադրվել է նախկին սովետական միության այն երկրներին, ովքեր հետաքրքրվել էին դրանով։ Տարիներ շարունակ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը գործում է ԱԻՆ-ի կազմում, որը մեծ հնարավորություններ է ընձեռում մեր խնդիրները լուծելու համար»։