Խորհրդային կառավարությունը 1920-ին Արևմտյան Զանգեզուրը անջատեց Ադրբեջանից և կցեց Հայաստանին. Ալիևը կրկին Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ է ցուցաբերել
copy image url

Խորհրդային կառավարությունը 1920-ին Արևմտյան Զանգեզուրը անջատեց Ադրբեջանից և կցեց Հայաստանին. Ալիևը կրկին Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ է ցուցաբերել

Արտաքին 2 տարի առաջ - 17:50 16-03-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ է ցուցաբերել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևը Անկարայում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ղեկավարների արտահերթ գագաթաժողովի ժամանակ Հայաստանին ուղղված մի շարք անհիմն մեղադրանքներ է հնչեցրել։

Ալիևը պնդել է, որ 1920 թվականին նոյեմբերին խորհրդային կառավարությունը «Ադրբեջանի պատմական տարածք հանդիսացող Արևմտյան Զանգեզուրը անջատեց Ադրբեջանից և կցեց Հայաստանին» (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը-խմբ)։ Նրա խոսքով՝ «դա հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական անջատմանը»։ Բացի այդ Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ «մինչև 1991 թվականը Հայաստանի տարածքից բոլոր ադրբեջանցիները բռնի կերպով վտարվել են»։

Նա հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան» և մեղադրել Հայաստանին՝ «ադրբեջանական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ»։ «Ինչպես Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, այնպես էլ ներկայիս Հայաստանի տարածքում, այսինքն՝ Արևմտյան Ադրբեջանում, Հայաստանը ոչնչացրել է մեր մշակութային ժառանգությունը, մզկիթները, պատմական հուշարձանները։ Ադրբեջանական համայնքը բազմիցս դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ներկայիս Հայաստանում ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության մոնիտորինգի նպատակով առաքելություն ուղարկելու և ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրական արձագանքը»,- հայտարարարել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նաև ասել է, որ թյուրքական աշխարհը չի սահմանափակվում միայն թյուրքական պետությունների սահմաններով և ընդգրկում է ավելի լայն աշխարհագրություն։ Նա ասել է, որ աշխարհում ապրող ադրբեջանցիների թիվն ավելի քան 50 միլիոն է, որոնցից միայն 10 միլիոնն է բնակվում Ադրբեջանի տարածքում։

Ալիևը նշել է, թե, իբր, «Հայաստանում էթնիկ զտումների ենթարկված ադրբեջանցիները միավորվել են Արևմտյան Ադրբեջան համայնքում և նրանք նապտակ ունեն խաղաղ ճանապարհով վերադառնալ իրենց պատմական տարածքներ»։ Նրա խոսքով՝ «տեղահանված ադրբեջանցիների վերադարձի համար պետք է ձեռք բերվի միջազգային համաձայնագիր՝ համապատասխան ստուգման և երաշխիքային մեխանիզմով, և այն ունենա պարտադիր կատարման պայման»։ Նա շեշտել է, որ իրենք ապահովելու են «արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը, և Հայաստանը նույնպես պետք է դա անի՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա»։

Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներին շուրջ 4000 ադրբեջանցիներ անհայտ կորել են, «որոնց մեծ մասը խոշտանգումների են ենթարկվել ու սպանվել»։ «Մեր հողերի ազատագրումից հետո մենք մի քանի վայրերում հայտնաբերեցինք զանգվածային գերեզմաններ։ Հայաստանը մինչ օրս խուսափում է անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի մասին տեղեկատվություն տրամադրել»,- եզրափակել է նա։