Երևան +17°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:30 08-07-2022

Հայաստանի «լավ կապվածությունն» աշխարհի հետ

«Դա թե՛ դեպի հարավ է, թե՛ դեպի հյուսիս է, թե՛ դեպի արևմուտք է, թե՛ դեպի արևելք է։ Այս ուղղությամբ մենք անդադար աշխատում ենք թե՛ ուղղությունների, թե՛ տրանսպորտային միջոցների և թե՛ դրանց քանակի ավելացման ուղղությամբ»,- օրերս հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Բառի ուղղակի իմաստով դեպի հարավ Հայաստանի լավ կապվածությունն արտահայտված է Տաթև-Աղվանի ճանապարհով, որը, համաձայն մասնագետների, միանշանակ չի բավարարում միջպետական ճանապարհին ներկայացվող պահանջներին և քանդվելու առումով օր օրի փոխվող ճանապարհի իրավիճակից հասկանալի է դառնում, որ շահագործումից կարճ ժամանակ անց որոշ հատվածներում այդ ճանապարհն արդեն դժվարանցանելի է։ Դեպի հարավ ավտոճանապարհը Հայաստանին կապում է Իրանի ու վերջինիս միջոցով Մերձավոր ու միջին Արևելքի երկրների հետ։ Մյուս կողմից էլ իրանական մեքենաները այդ ճանապարհով բեռներ էին փոխադրում Հայաստան ու դեպի հյուսիս։ Հայաստանը տրանզիտային երկիր էր հանդիսանում։ Պատերազմից հետո ճանապարհի Գորիս-Կապան հատվածը գործող վարչապետի կողմից բանավոր պայմանավորվածությամբ ազերիներին նվիրելուց հետո իրանական բեռնատարները, գործնականում չկարողանալով երթևեկել Տաթև-Աղավնի այլընտրանքային ճանապարհով, հիմա բեռները փոխադրում են Ադրբեջանով։ Այնպես որ, Կառավարության ներկայացուցչի՝ անդադար աշխատելու մասին խոսքերը հարավին չեն վերաբերում։

Դեպի հյուսիս տանող ճանապարհը անցնում է Վրաստանով։ ՀՀ-ից դեպի Վրաստան մտնող երեք ճանապարհ կա՝ Բագրատաշենով անցնող, Բավրայով և Գոգավանով։ Հասկանալիորեն հիմնականը Բագրատաշենն է, որը տանում է դեպի Լարս։ Թե ինչ վիճակ էր տիրում Լարսում բոլոր այս ամիսներին, տեսանք։ Հայաստանից արտահանվող հիմնական ու ամենամեծ քանակությամբ թարմ գյուղմթերքը ծիրանն է, որ արտահանվում է հունիսի կեսերից մինչև հուլիսի սկզբները։ Թե ինչպես արտահանման գործընթացը խայտառակ ձևով ձախողվեց, դա էլ տեսանք։ Թե ինչ պատասխանեց նույն Քերոբյանը լրագրողի հարցին՝ ծաղիկն ու ձուկը շուտ փչացող մթերքների շարքին դասելու առումով, լսեցինք․ «Մեկ ամիս առաջ պայմանավորվել ենք Վրաստանի վարչապետի հետ, հիմա ինֆորմացիա չունեմ՝ մտցրե՞լ են, թե՞ չէ, գրավոր գրեք, կպատասխանենք»։ Հիմա էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերը կվերանան, և նման խնդիր այլևս չենք ունենա՝ մինչև եղանակների վատանալը։

Չնայած ոչ ադեկվատ պահվածքի պատճառով Քերոբյանին հասարակությունը լուրջ չի վերաբերվում, այդուհանդերձ, այս դեպքում Քերոբյանը չի խաբում։ ՀՀ-ում տիրող ճգնաժամի պայմաններում, Լարսի՝ վերջին փուլում ավելի շատ փակ լինելու պայմաններում մեր արտաքին առևտրի 40-50%-ոց աճը հետևություններ անելու տեղիք է տալիս։ Հիմա շատ հիմնավոր պնդումներ կան, որ Արևմուտքից սնունդ է ներկրվում ու Հայաստանով արտահանվում Ռուսաստան։ Բնականաբար, սովորական գործարարը, շարքային քաղաքացին այն թափը չունեն, որ նման ձեռնարկումների մեջ մտնեն։ Դա կարող են անել միայն քաղաքական էլիտային հարող էլիտար գործարարները։ Հետևաբար ամեն ինչ պետք է արվի նրանց առաջ փակ ճանապարհների գոյությունը բացառելու (չենք մոռացել, որ Հովիկ Աբրահամյանի լոլիկների համար անձամբ Մեդվեդևին էին խնդրում)։ Հետևաբար կասկածել պետք չէ, որ Լարսը չի փակվի հայկական հենց այդ բեռնատարների առաջ։

Ինչ վերաբերում է «դեպի արևմուտք և դեպի արևելքին»։ Հանրապետության արևելքում Ադրբեջանն է, արևմուտքում՝ Թուրքիան։ Կառավարության վերջին նիստը, նախքան օրակարգային հարցի քննարկմանն անցնելը, Փաշինյանը սկսում է այդ թեմայով․ «Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասում է նա։

Ինչ է ստացվում․ դեպի երկրի հարավային դարպասներ տանող ուղին, որ երկրի անվտանգությունն ապահովող կարևորագույն գործոններից մեկն է, անտեր, բարձիթողի վիճակում է։ Դեպի հյուսիս տանող ուղին, երբ ծիրանին, ձկանն ու ծաղիկներին է վերաբերում, փակ է, երբ չերևացող, բայց 50% արտաքին առևտրի աճ ապահովող «անհայտ ծագման» սննդամթերքին, մինչև եղանակների փոխվելը՝ բաց է առանց հերթի։ Իսկ արևելք-արևմուտք ու հակառակ ուղղության ճանապարհների դեպքում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի մեջ Հայաստանով ճանապարհային կապ հաստատելուն է վերաբերում, դա արդեն ՀՀ իշխանությունների համար սրբություն սրբոց է՝ բարձր ամեն ինչից, ու դրա մասին խոսում է անձամբ ինքը՝ Փաշինյանը, Հայաստանի տնտեսությանը վերաբերող կարևորագույն հարցերի քննարկումից առաջ։ Սա է այսօրվա մեր իրականությունը։