Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:39 06-07-2022

Հիմա, երբ ճշմարտությունը = հայհոյանքի

Մեծ Բրիտանիայի կառավարության մի քանի նախարարներ ու բարձրագույն պաշտոնյաներ երեկ հրաժարականներ ներկայացրեցին` հայտարարելով, որ էլ չեն ուզում լինել բազմաթիվ կենցաղային ու պաշտոնական սկանդալների էպիկենտրոն դարձած վարչապետ Բորիսի թիմում։ Այսօր բրիտանական մամուլը ողողված է «Ի վերջո», «Խաղն ավարտված է», «Ծաղրածու Բոյի վարագույրն իջեցված է», «Բորիսը հասավ ծայրին» ու հարանման այլ գլխագրերով։ Բրիտանական բոլոր օրաթերթերի առաջին էջում նույն ընդհանրական պահանջն է. «Ստախոս Բորիսին արժանիորեն է պետք պատժել` ըստ իր արած գործերի»։

Կարդում եմ օրվա միջազգային լրահոսը և նույն ցանկությունը շատ ավելի է ամրապնդվում. տարոսը մեզ։ Իհարկե, հասկանում եմ, որ մեզանում դա ի սկզբանե է անհնարին, քանի որ թավշյա կառավարությունում չկա գեթ մեկը, ով իր կամքով կհեռանա լափամանից։ Ռեժիմը չունի ոչ մի պաշտոնյա, ով սեփական ողնաշարին կարող է հենվել ու չորս տարի շարունակ ամեն օր ստեր հրապարակող վարչակալին ասել, որ նա պարզ խաբեբա ու խամաճիկ ծաղրածու է, ծայրաստիճան զզվեցրել է և՛ ժողովրդին, և՛ իր թավշյա թիմակիցներին ու անգամ կռապաշտներին։

Ըստ տեղական լրահոսի` հենց այս ճշմարտություններն է, ըստ էության, ասել թավշապետի կադրային «կուտ տվող»-ը հայտնի սկանդալային ձայնագրության ողջ ընթացքում։ Փաստացի, մի կտոր հաց ուտելը ավելի քան երկու ժամերի ընթացքում «վզին դրած»-ով բեռնավորված իրավական մուտիլովչիկը մանրակրկիտ բնութագրել և բացահայտել է մեր երկիրը հիմա կառավարողի ճշմարիտ բարոյական կերպարն ու վարքը։ Միաժամանակ հավաստի երևալու նպատակով «ծեր աղվեսը» իր ամեն ասածը համեմել է կյանքի խոտոր ճամփեքին ներծծած ախտերով թունավորված իր բազմաշերտ հոգու խորքերից բխած ընտիր, հյութեղ հայհոյանքներով։ Եվ նա, ում հասցեագրված է եղել հայհոյանքների այս ընտրանին, լսել է ողջ ձայնագրությունը։ Միայն այդուհետ է, որ հմուտ մուտիլովչիկը «շուստրիության սուր բորբոքում» է ունեցել և ստիպված է եղել կատարել «առողջական պատճառներով» հրաժարական տալու պահանջը։ Այսինքն՝ բոլոր պաշտոններում իրավաբանությունը բռնաբարած ամենանախկին ներկա թավշյա պաշտոնյան պաշտոնազրկվեց ոչ թե գործած հանցանքների, ստելու, խաբելու, «կուտ տալու» պատճառով, այլ իր «վզին դնողի» մասին որոշ ճշմարտություններ ակամա հայտնելու և նրա թիկունքում նրան հայհոյանքներով վիրավորելու համար։

Ստացվում է, որ պաշտոնի մնալու համար Նիկոլի թվին պետք է միայն մի բան չանել` ճշմարտությունը չասել, չհայհոյել ու չվիրավորել վարչակալին. մնացած ամեն ինչ կարելի է անել։ Իշխանակալության այս պայմաններում բազմաթիվ հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Աննախադեպ, բայց ճշգրիտ փաստ է, որ, օրինակ, ըստ Նիկոլի թվի ԱԺ նախագահի` հիմա թավշյա վարչակալի հատուկ հանձնակատարը «քաղաքական տրյապկա»-ն է, ըստ վերջինի էլ` թավշապետին վարչակալ «ընտրած» խորհրդարանի նախագահը «անբարոյականի վաստակ»-ն է։ Ուստի և ազատ արտահայտվելուց դրամական կորուստներ չունենալու նկատառումներով` ճիշտ կլինի պարզել՝ «քաղաքական տրյապկա»-ն վիրավորվո՞ւմ է, երբ իրեն այդպես է որակում «անբարոյականի վաստակը», և ընդհակառակը։ Այս երկուսից գոնե մեկը եթե վիրավորել է մյուսին, ապա ինչո՞ւ այս երկուսից ոչ մեկը առ այսօր ոչ միայն չի պաշտոնազրկվել, այլև նույնիսկ չի տուգանվել։ Ու քանի որ այս երկուսից ոչ մեկը իր որակումի համար չի տուգանվել ու պաշտոնավարում է, նշանակում է, որ երկուսից որևէ մեկը մյուսին չի վիրավորել։ Հետևաբար երկուսից յուրաքանչյուրին արդեն ամեն ոք կարող է անվանարկել իրենց իսկ հնչեցրած որակումներով և առանց տուգանվելու ռիսկի։

Չէ՞ որ, եթե մեկը մեկ ուրիշին հրապարակավ անվանարկում է, ու այդ ուրիշը չի վիրավորում, ուրեմն վերջինին բոլորը կարող են նույն կերպ անվանել։ Ճիշտ նույն կերպ էլ, եթե բոլորը մեկին դավաճան կամ կապիտուլյանտ են որակում, ու այդ մեկը վիրավորվում է, բայց բոլորը շարունակում են նրան դավաճան ու կապիտուլյանտ անվանել, ուրեմն այդ մեկը զուր է ճշգրիտ որակումներից վիրավորվում։ Պետք է հաշտվել իրականության հետ, եթե անգամ մեր մամուլին ու լրատվությանը հիմա խիստ տուգանքներ են սպառնում` իրականությունն իր բոլոր ճշմարիտ գույներով ներկայացնելու համար։