Երևան +18°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:32 02-07-2022

Արայիկ Հարությունյանը լեզվից թույլ քրեական օլիգարխ և քաղաքական խեղկատակ է․ Քանանյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Բերձորի ճանապարհը ավելի ձեռնտու է հայերին, քանի որ մյուս ճանապարհը լինելու է ավելի երկար, մյուս ճանապարհի պարագայում ոլորապտույտների քանակը էլ ավելի մեծ է լինելու, այն անցնելու է կատարելապես ամայի, անբնակ տարածքով, և ամենօրյա ահաբեկչությունների, մարդկանց առևանգման, բնակչության անվտանգության զգացումների տեսանկյունից երկրորդ ճանապարհը շատ ավելի վատն է, քան ներկայումս գործող Բերձոր-Աղավնո ճանապարհը։ Սակայն երկու պարագայում էլ Ադրբեջանի և ռուս խաղաղապահների համար մենք ունենք մատչելի, խոցելի և վերահսկելի ճանապարհ, որը ոչ մի կենսական մարտահրավերի չի համապատասխանում, և որով ոչ մի օգնություն չի լինելու Արցախին, եթե Ադրբեջանը սկսի կամ վերսկսի իր ռազմական գործողությունները, որոնք միտված են լինելու Արցախի վերջնական հայաթափությանը։ Իսկ այս գործողությունները, ցավոք սրտի, մերձավոր ապագայի հեռանկարում են»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց արցախաբնակ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Բերձորի ճանապարհի խնդրին։

Մեկնաբանելով Արցախի ԱԺ-ում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, Քանանյանը ասաց․ «Ես լավագույն անձը չեմ Արանիկ Հարությունյանին մեկնաբանելու համար, որովհետև Արայիկ Հարությունյանին Արցախում 20 տարի ապրելիս միշտ համարել եմ օլիգարխիկ և կոռուպցիոն վատթարագույն մարդ, և եթե առանց այլևայլության և մեղմասացության խոսենք՝ պետության թշնամի։ Նա այդպիսին է եղել Բակո Սահակյանի կառավարման տարիներին, երբ Արցախի վարչապետն էր, և նա այդպիսին էր և է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Իմ անծանոթ մարդկանց զգուշացնում եմ, որ այսպես եմ անվանում, որովհետև Արցախը երբեք առանձին Հանրապետություն չեմ համարել, և համարել եմ ՀՀ-ի մարզերից մեկը՝ հատուկ կարգավիճակով»,- նշեց Քանանյանը։

Անդրադառնալով Հարությունյանի այն դիտարկմանը, թե Աղավնոյի համար պայքարը շարունակելու ենք, իսկ Բերձորը ամեն դեպքում պետք է շրջանցենք, Քանանյանը նշեց․ «Գալով նրա այս մեկնաբանություններին, այստեղ ունենալով առավել քան բացասական և մերժողական կեցվածք Արայիկ Հարությունյան անձի և պետական պաշոնյայի նկատմամբ՝ այնուամենայնիվ պետք է հաստատենք, որ Քաշաթաղի շրջանի վերջին հատվածի վրա գտնվող Բերձոր քաղաքի, ներքին Սուս գյուղի և Աղավնո գյուղերի ճակատագիրը կանխորոշել են նոյեմբերի 9-ի հայաստանակործան համաձայնագրով։ Այսինքն՝ այստեղ մենք որևէ նորություն չունենք։ Արայիկ Հարությունյանը լիովին պատասխանատու է Բերձորի, Ներքին Սուսի և Աղավնոյի սպասվելիք հանձման համար, որովհետև նոյեմբերի 9-ի ստորագրութան հաջորդ իսկ առավոտը նա Արցախի հեռուստատեսությամբ մոտ 40 րոպե կիսահիստերիկ ճառ է ասել, որտեղ լիովին աջակցում, հիմնավորում և պաշտպանում էր Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրած ստորագրությունը, այսինքն՝ քաղաքականապես Արայիկ Հարությունյանը նույնպես պատասխանատու է նոյեմբերի 9-ի հայաստանակործան ստորագրության համար։

Այդ ստորագրությունից հետո ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև Երևանի ձեռքում որևէ միջոց չկար կանխելու Բերձորի հանձնումը։ Ցավոք սրտի, այսօր մի փոքր գերագնահատվում է տվյալ ճանապարհի կարևորությունը, ոչ թե որովհետև առհասարակ այն կարևոր չէ, այլ որովհետև առանց հարակից տարածքների նկատմամբ ռազմական վերահսկողության՝ միայն ճանապարհը ընդհանրապես պաշտպանելի չէ, հետևաբար անգամ եթե շարունակեր գործել Աղավնո-Բերձոր ճանապարհը, մենք ընդամենը կշահեինք երկու հայաբնակ բնակավայր, որտեղ անգամ ռուս խաղաղապահներն արգելում են, որ հայկական դրոշը ծածանվի։ Աղավնոյում գյուղապետը երբեմն ռուսների այդ պահանջը խախտում է»։

Մեկնաբանելով մեր այն դիտարկումը, թե Հարությունյանը նշում էր, որ մի քանի տարբերակներ են եղել քննարկման, բայց իշխանությունների կողմից ընտրվել է ամենահարմարը, Քանանյան ասաց․ «Արայիկ Հարությունյանը լեզվից թույլ քրեական օլիգարխ և քաղաքական խեղկատակ է, նրա խոսքը առհասարակ իր պետական պաշտոնավարման բոլոր տարիներին ուներ մշտապես զրոյի արժեք։ Նա նաև հայտնի ձեռնածու է, այսինքն՝ սիրում է, օգտագործելով հասարակության ցածր գրագիտությունը, ձեռնածել, այսինքն՝ մանիպուլիացնել հասարակությանը։ Առհասարակ նա, թեպետ սոսկալիորեն մեղավոր, գործնականում՝ դավաճան, բայց միաժամանակ իր խոսքի և արտահայտած մոտեցումների տեսանկյունից կատարելապես նաև անլուրջ անձնավորություն է, և Արայիկ Հարությունյանի խոսքերի լուրջ մեկնաբանությունը շատ անշնորհակալ և թերևս անհնարին գործ է»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի