Մինչ օրս Հարությունյանը և Բալասանյանը Բաքու չեն մեկնել, բայց առանց դրա էլ շարունակում են լինել նրանց կամակատարը. Քանանյան
copy image url

Մինչ օրս Հարությունյանը և Բալասանյանը Բաքու չեն մեկնել, բայց առանց դրա էլ շարունակում են լինել նրանց կամակատարը. Քանանյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:32 15-03-2023
«Այն մարդիկ, ովքեր որոշ ժամանակ հետո գնալու են Բաքու կասեն, որ իրենք ելք չեն ունեցել, գործել են բարդագույն իրավիճակում, նրանց թվացյալ զանցանքը կապված էր ամեն գնով Արցախի մնացորդում պատսպարած հայության կյանքն ու գոյությունը փրկելու հետ»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ խոսելով Ստեփանակերտի-Բաքու կատարվելիք հնարավոր այցից, որի ընթացքում Ադրբեջանը առաջարկում է քննարկել ինտեգրացիոն հարցեր։

Քանանյանը նշեց, որ ենթադրվելիք այցին արդարացումներ գտնվելու են, բնականաբար, կեղծ իրապաշտության դաշտից։ «Բայց բոլոր արդարացումները չեն փոխելու գլխավորը՝ սա ազգային դավաճանության ակտ է, և Ադրբեջանի հետ քննարկել որևէ հարց, որը կապված լինի ինտեգրացիոն գործընթացի հետ, ազգային պետական դավաճանություն է ՀՀ-ի նկատմամբ, ում քաղաքացիներն են բոլոր Արցախցիները։

Իսկ Արցախը, չնայած ոչ ոք դրա մասին չի խոսում, ՀՀ ինքնիշխանության բաղկացուցիչն է, հետևաբար վաղ թե ուշ կգտնվեն մարդիկ, ովքեր կգնան»,- ասաց Քանանյանը և ավելացրեց՝ պետք չէ գերագնահատել Բաքու գնալու փաստը, ասենք մինչ օրս Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը և մյուսները Բաքու չեն մեկնել, բայց առանց դրա էլ շարունակում են լինել Ադրբեջանի կամակատարը և այդ նույն դավաճանությունը անում են գործելով Ստեփանակերտում»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով այն ենթադրվելիք այցից հետո անվտանգ վերադրաձից և Փաշինյանի երեկ ասուլիսում հնչեցրած այն տեսակետից, որ Երաշխիքի հարց կա՝ ԼՂ ներկայացուցիչները գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ՝ Քանանյանն ասաց. «Երաշխիք, իհարկե, ոչ ոք չունի, որովհետև Ադրբեջանի տեսանկյունից Արցախում որևէ հայկական ներկայացուցչական տիտղոս ինքնին անջատողականության ակտ է Ադրբեջանի նկատմամբ։ Հետևաբար միայն այդ հիմքով արդեն քրեորեն պատժելի է։ Էլ չեմ ասում, որ Արցախում այսօր գործող անձանց պարագայում շատերը այս կամ այն չափով մասնակից են եղել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին։

Հիշենք, որ Արայիկ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցված, իբր՝ Գանձակին հարվածելու համար, պարզ է, որ ինքը չի տվել այդ հրամանը, բայց ինչևէ, ինքը հանձն է առել այդ հրամանը, ուստի Բաքուն նրա վրա քրեական գործ է հարուցել նաև այդ մասով։

Սա նույնպես իրենց համար ահագնացող հանգամանք է, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ եթե Բաքուն կամենա, Արցախի մնացորդից դեպի Գորիս ոչ ոք չի կարող դուրս գալ, քանզի՝ Բաքուն շատ լավ տեղյակ է, թե ռուսները և Կարմիր խաչը ում են տեղափոխում և, որ հատվածում են գտնվում տեղափոխման յուրաքանչյուր րոպեին, հետևաբար նրանք իրենց նաև պատանդ են զգում և Արցախում այդ իմաստով ոչ ոք անվտանգ չէ, ինչպես նաև ամբողջ Հայաստանն էլ մեծագույնս վտանգված է՝ աշխարագրորեն լինելով թուրքական աշխարհի ճիրաններում»,- ասաց Քանանյանը։