Ներքին 4 տարի առաջ - 21:56 01-07-2022

Մետրո և ավտոբուս․ հայերի թույլ տեղը

Ընտրություններից առաջ հայերը մշտապես դեժավյու են ապրում․ ընտրություններին ամեն կերպ հաղթել ցանկացող թեկնածուները իրենց ժողովրդականությունը ցույց տալու համար մշտապես նույն հնարքներին են դիմում՝ մետրոյով երթևեկել, ավտոբուս նստել։

3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը մետրոյում բուկլետ էր բաժանում, այնտեղից ուղիղ հեռարձակումներ անում, մինչդեռ գրեթե բոլորը գիտեն, որ մետրոյում նկարահանումներ անել չի կարելի, նույնիսկ հատուկ ցուցանակ կա փակցված, և եթե մի երիտասարդ աղջիկ որոշի սելֆի անել, ապա անպայման նրան կմոտենա մետրոյի աշխատակիցը և հանդիմանական տոնով կփորձի բացատրել, որ ռմբակոծությունների ժամանակ մետրոյի կայարանները ծառայում են որպես ռմբապաստարան, դրա համար էլ չի կարելի նկարահանել՝ չբացահայտելու համար դրանց տեղակայությունը և այլն։ Սա, իհրակե, լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ կբավարարվի ուղղակի «աղջիկ ջան, մի՛ նկարի»-ով։

2018-ի իշխանափոխությունից հետո վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար, այն ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ էր մետրոյով իբրև թե երթևեկում, մետրոյում պայուսակը գրկած ու նստած նախարարի լուսանկարը կարծես ժողովրդին ուզում էր ասել, թե վերջապես սոցիալիզմը հաղթել է, չինովնիկներն էլ առաջվանը չեն, նրանք ձեզնից մեկն են՝ նույն կենցաղով ու հոգսերով։ Իհարկե, Արայիկ Հարությունյանին հետո էլ ոչ ոք մետրոյում չտեսավ։

Հիմա նույն հնարքներն է օգտագործում Երևանի ավագանու գալիք ընտրությունների քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Թեև նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց Ռոտենբերգն արդեն լուսանկարներ է հրապարակել մոտրոյից ու ավտոբուսով երթևեկելիս, բայց, ինչպես Փաշինյանի դեպքում, Ռոտենբերգի դեպքում ևս կոգնիտիվ դիսոնանսից խուսափել հնարավոր չեղավ։ Բանն այն է, որ Ռոտենբերգը ավտոբուս էր նստել 47 հազար դոլար արժողությամբ «Հերմես» պայուսակով, որն ավելի թանկ է, քան այն ավտոբուսը, որը նա նստել էր ու որով երթևեկելու համար վճարել էր 100 դրամ։ Հետաքրքիր է, որ Ռոտենբերգը վերջին 2 տարում է Հայաստան եկել, բայց արդեն հասկացել է, որ մետրոն ու ավտոբուսը հայերի թույլ տեղն են, չի բացառվում, որ նա շուտով հեծանիվ էլ քշի։