Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք…
copy image url

Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք…

Միտք Ներքին 2 տարի առաջ - 19:59 30-06-2022
Ցանկացած խաբեություն սկսվում է ինքնախաբեությունից: Հանրահայտ այս իրողությունը վիճարկելն ուղղակի անիմաստ է: Հարկ է ընդունել, սակայն, որ նրա ֆունկցիոնալ նշանակությունը խիստ կարևոր է՝ ինքնաներշնչանքի ու ինքնամխիթարանքի տեսանկյունից: Հարաբերականության տեսությունից ածանցվող հանրածանոթ, խիստ զավեշտական պատմության տրամաբանությամբ՝ մենք պիտի որ չլինեինք: Բայց, որքան էլ տարօրինակ է, կանք, ավելին՝ աննկուն լավատեսների համոզմամբ՝ պիտի լինենք ու դեռ շատանանք…
Հայաստանում արտաքնապես ամեն ինչ համապատասխանում է միջազգայնորեն սահմանված դասական ընկալումներին: Ունենք պետություն, պետական ինստիտուտներ, կառավարություն, խորհրդարան, վարչապետ ու երկրի նախագահ: Նրանցից բացի՝ ունենք նաև հոգևոր իշխանություն:

Հար և նման «Սուտլիկ որսկանի» պատմությանը՝ նրանք կան, բայց չկան… Դրանում մենք համոզվում ենք գրեթե ամեն օր: Հայաստանի Հանրապետության նախագահներն, օրինակ, հատկապես վերջինն ու նախավերջինը՝ փոքրիկների հետ պաղպաղակ ու համբուրգեր ուտելուց, միջազգային հարթակներում ֆուտուրոլոգիական եզրահանգումներ անելուց ու տիեզերական տարածք հայկական արբանյակներ ուղարկելուց զատ, որևիցե այլ բանի ունակ չեն…Նրանց լիուլի բավարարում է իրենց վերապահված «հարսանեկան գեներալի» կարգավիճակը:

Հայաստան երկրում Աստծո փոխանորդը համարվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսն էլ զբաղված է իր հետերկրային կյանքին առնչվող հարցերով՝ վեհափառներին արժանավայել դամբարանի կառուցման նախագծով, դրա համար անհրաժեշտ տեղանքի ընտրությամբ ու միջոցների հավաքագրմամբ (տեր և տիկին Կարապետյանների «ղալամով քաշած» մեծադիր նկարի հայտնությունը վեհարանում թերևս հարկ է դիտարկել հենց այս՝ «նպատակն արդարացնում է միջոցները» տրամաբանական հոլովույթում): Հայաստանի համար ճակատագրական այս օրերին վեհափառի ու նրա գլխավորած կոհորտայի շուրթերից ազգակիցներին ուղղված և ոչ մի խոսք, հուսադրող և ոչ մի միտք չհնչեց: Հոտը ինչպես եղել էր անգլուխ, այնպես էլ մնաց այդպիսին…
Առանձին քննարկման նյութ է երկրի վարչապետը: Ֆենոմենալ, «բազմաշերտ» ու «բազմավեկտոր», շոպենհաուերյան երեսպաշտության (դեմագոգիայի) գերգիտակ այս երևույթն իր վարած դոնդողանման քաղաքականությամբ կարող էր «հիացնել» անգամ իր անվանակցին՝ «տիրակալների» բազում սերունդներ կրթած Նիկոլո Մաքիավելիին: Բոլորի հետ համակարծիք հայկական Նիկոլը բացառիկ է թե՛ իր տեսակով, թե՛ իր շրջապատով: Նա պատմական դեմք է այն առումով, որ խայտառակ, հազարավոր երիտասարդների կյանք արժեցած դառնագույն պարտությունից հետո անգամ շարունակում է կառավարել, ավելին՝ պարտությանը հաջորդած ընտրությունների միջոցով լեգիտիմացնել իր իշխանությունը՝ «Նիկոլի վկաներ» հորջորջված ընտրազանգվածի հաշվին: Ամեն ինչ ճիշտ է, ինչպես ընդունված է ասել՝ «Նմանը զնմանին գտանէ»…

Նախորդ հրապարակումներից մեկում նշել էի, որ Հայաստանի Հանրապետությունը «չեզոքության» առումով Աֆղանստանին, «անկախության» առումով՝ Մոնղոլիային է հիշեցնում, երկրի, որից ոչինչ էլ կախված չի… Նշել էի նաև, որ իշխանությունների և այսպես կոչված՝ «ընդդիմության» տարբերությունը ընդամենը այս կամ այն աշխարհաքաղաքական բևեռին անմնացորդ ծառայելու պատրաստակամության աստիճանի մեջ է… Այս տեսանկյունից նույնպես ՀՀ վարչապետը «օրիգինալ» չէ: Նա հիշեցնում է «Հարսնացուն հյուսիսից» հանրածանոթ ֆիլմի հյուսիսաբնակ խնամուն՝ իր հանրահայտ, «արական» սեռին վայել՝ «Вот приедет Наталья, я свое мужское слово скажу» «հաստատակամությամբ»… Միջպետական հարաբերությունների բարելավման գործում էլ անասելի մեծ է նրա «ամագը»… «Մեր բալին» ինչ ասում են, նա էլ առանց դույզն-ինչ առարկության ամեն ինչ կատարում, ավելին՝ գերակատարում է՝ հանուն իր իսկ հարատևության: Վարչապետի երկարակեցությունը շատերը կապում, պայմանավորում են նրա ձևավորած իշխանության «մանկամտությամբ»: «Մանկապարտեզ» որակմանն արժանացած խորհրդարանն էլ փորձում է «արդարացնել» իր կոչումը: Աղավնոյի, Բերձորի, հերթում կանգնած այլ բնակավայրերի վերադարձին կարելվույնս խոչընդոտելու փոխարեն, նա զբաղված է աղամանների արգելքին նմանվող հանրային կարևորության այլ խնդիրներով: Բայց, ինչպես ասում են, ունենք այն ինչ ունենք: Մենք շարունակում ենք ապրել «մթամների հայրենիքում»…

Ձեզ գուցե հետաքրքրի