Ներքին 3 տարի առաջ - 14:42 20-02-2023

Զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից՝ դիմագրավելու Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք». Գարեգին Բ


Մեծ Պահքի շրջանի մեկնարկին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել պատգամով․

«Սիրելիներ,
Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին:

Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը.

«Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48):

Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու ապաշխարությամբ, որոնցով սրբագրվում են մտքի, խոսքի և գործի սխալներն ու սայթաքումները։ Հատկապես այս խորհրդավոր շրջանում, ավետարանական առակի օրինակով (Ղուկ. 15.11-32) առ Երկնավոր Հայրը դառնալով, խնդրում ենք Տիրոջից գթությամբ ներել մեր մեղքերը, մաքուր սիրտ հաստատել մեզանում։

Հայցում ենք լուսավորել մեր միտքը, ամրացնել մեր կամքը՝ ընթանալու տերունավանդ պատվիրաններով։

Պահեցողության այս շրջանում Հայրապետիս հորդորն է ու պատգամը՝ միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից, բարությունն ու սերը դարձնել հիմը փոխհարաբերությունների և ամուր պահել նվիրումն ու հավատարմությունը առ Աստված, ազգն ու հայրենին։

Մեր օրերում, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը վիրավոր են մեզ պատուհասած պատերազմի արհավիրքներից, աղոթական կյանքով Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք, զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ միասնաբար նորոգելու համար հայրենական ու ազգային մեր կյանքը, դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները և մեր հարազատ երկիրը՝ Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք»։

Աղոթենք, որ Ամենակալն Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա, պարգևի անվտանգ ու բարօր կյանք և խաղաղության մեջ պահի մեր երկիրը։ Թող Փրկիչ մեր Տերն ընդունի մեր սրտերի խնդրանքներն ու հայցը, արժանի դարձնի Իր կենսատու և փրկարար շնորհներին և զորացնի ամենքիս՝ Մեծ Պահքի միջոցով հասնելու հուսառատ Սուրբ Հարության տոնին։

«Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Հովհ. 3), այսօր և միշտ. ամէն»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները