Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:47 30-06-2022

Բժշկությունը հո խանութ չի, որ ասեմ՝ չի աշխատում, գնացեք, հետո կգաք․ բժիշկների մտահոգությունը՝ անկանխիկ վճարումների մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ 2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Նույն հոդվածով՝ 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով:

Այս թեմայի շուրջ oragir.news-ը զրուցեց բժիշկ Հայկ Մանասյանի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին, ասաց. «Խնդիրը նրանում է, որ առողջապահական համակարգում կա որոշակի ստվեր, այսինքն՝ պետությունից հարկերը թաքցնում են մարդիկ, հիվանդների հետ աշխատում են, բայց պետությունից հարկերը թաքցնում են։ Ես կարծում եմ, որ այս փոփոխության հիմնական նպատակը ստվերի վերացումն է, որպեսզի հարկերը նորմալ հավաքագրեն, բայց այս ամենին ձև ու սահման կա։

Ես օրինապահ հարկատու եմ, հարկերը մուծում եմ իդեալական ձևով։ Հուլիսի 1-ից ինձ վրա տարածվում է հենց այն օրենքը, ինչ իրենք անում են անօրեն, խարդախ հարկատուներին ջրի երես անելու համար։ Լրացուցիչ ծախսեր են առաջ քաշում, լրացուցիչ աշխատանք են առաջ քաշում։ Իմ հաշվապահը հիմա արդեն մի ժամ աշխատելու փոխարեն պետք է հինգ ժամ աշխատի, որ իրենց նոր օրենքի դրույթը ապահովվի։ Ինչո՞ւ, որովհետև իրենք որոշել են, որ պետք է բացահայտեն հարկերը թաքցնողներին։ Այդքան տարի օրինական աշխատող մարդուն դուք ինչո՞ւ եք պոտենցիալ օրինախախտի տեղ դնում և նրան արգելում այն նույն գործելաոճը, որով նա աշխատել է»,- նշեց Մանասյանը։

Իսկ մեր այն հարցին, թե որոնք են այն փոփոխությունները, որոնք ակնհայտ են դառնում այս փոփոխությամբ, բժիշկ Մանասյանն ասաց. «Օրինակ՝ մարդը ռայոնից եկել է, իսկ ռայոնից քիչ չեն գալիս, որոնք հարուստներ չեն, երիտասարդներ չեն, բանկային հաշիվներ չունեն, քարտեր չունեն, քարտեր ունեն՝ օգտվելու ձևը չգիտեն։ Գալիս են այդպիսի մարդիկ, ովքեր պետք է վճարում անեն, հիմա այդ մարդկանց վճարումը արդեն պիտի լինի անկանխիկ, գնան տերմինալից վճարում անեն, տերմինալից վճարում անելու համար ինքը հավելյալ փող է վճարում տերմինալի բիզնես դնողին։ Մինչև այս փոփոխությունը իր ձեռքին կար գումար, իմ ձեռքին էլ կար ՀԴՄ կտրոն։ Հիմա իմ կասան էլ իրավունք չունի իրենից գումար վերցնելու, խոսքը գնում է դրամարկղում վճարում կատարելուն, խոսքը չի գնում ինչ-որ մեկի հին, փտած ձևերին, որ բժշկի գրպանը գումար էին դնում։ Կասսայում վճարելու իրավունքը արգելված է։ Նա պիտի գնա, վճարի տերմինալին, տերմինալը պետք է իր եկամուտը ապահովի, իմ հաշվապահն էլ պետք է ամեն վճարման համար փաստաթղթեր գրի, ուղարկի հարկային, որ գիտեք՝ տերմինալից այսքան գումար է մտել մեր հաշիվ այսինչի համար։ Այսինքն՝ հաշվապահս բան ու գործ չունի, պետք է կասիր աշխատի սրանից հետո։ Կասիրը, որ նստած էր հիվանդանոցում, գումարը վերցնում էր ծառայության դիմաց, ՀԴՄ կտրոնը տպում, տալիս էր․ հիմա դրա փոխարեն էլ կասիր չէ, հաշվապահը պիտի ամբողջ օրը, ինչքան հիվանդ քանի դրամի մուծում արեց, այդքան փաստաթուղթ գրի, հաշվետվություն ներկայացնի հարկային։

Ես ինչո՞ւ պետք է կանխիկացման վճար վճարեմ բանկին այն դեպքում, երբ կանխիկ գումարի շրջանառությունը երկրում արգելված չէ։ Ինչո՞ւ 300 հազարի թույլտվությունը իմ ու բժշկական համակարգի վրա չի տարածվում։ Այդ 300 հազարի թույլատրելի սահմանը, որ ամբողջ աշխարում գործում է, ինչո՞ւ հանկարծ արգելվեց առողջապահական համակարգում։ Ես շատ ծախսեր անում եմ կանխիկ, ես ինչո՞ւ պետք է գնամ, գումարը կանխիկացնեմ, բանկին հավելյալ տոկոս տամ, որ կարողանամ գնամ կանխիկ գործարք անեմ։ Եթե պետությունը ուզում է անկանխիկ գործարք, թող խրախուսի, բայց պետությունը առաջարկում է երկու տարբերակ, ասում է՝ կա՛մ դուք սկսեք բանկերին մի քիչ շատ գումար տալ, որ անկանխիկ գործարք լինի, կա՛մ ես քեզ կտուգանեմ կես մլն դրամով։ Աշխարհում գոյություն չունի նման բան, որ պատժիչ մեթոդով, ճիպոտով հարկադրեն մարդկանց ՝գնացեք անկանխիկ գործարք արեք»։

Բժիշկը նաև ասաց, որ անկանխիկ փոխանցումը որոշակի դժվարություններ է ստեղծում նաև տեխնիկական առումով․ «Լույսերը գնացին, ինտերնետը անջատվեց, չգիտեմ ծրագրային խնդիր եղավ, ի՞նչ է լինելու իմ գործը։ Վերջ, լույսերը գնաց, սկսվում է անվճար բժշկություն։ Բժշկությունը հո խանութ չի՞, որ ասեմ՝ չի աշխատում, գնացեք, հետո կգաք։ Ես պետք է այդ պահին նրան օգնություն ցույց տամ, այդ պահին իրականացնեմ բժշկական օգնություն։ Ո՞վ է այս հարցերը կարգավորվելու, թե՞ այդ մարդը բուժօգնություն ստանալուց հետո պետք է նստի այնքան, մինչև լույսերը տան, իր գործարքը տեղի ունենա։ Մենք չենք կարող ասել՝ ժողովուրդ ջան, մենք այսօր չենք աշխատում, ծրագրային խնդիր կա։ Իսկ այդ ծրագրային խնդիրները ամբողջ աշխարհում եղել են ու շարունակելու են լինել»,- ասաց Մանասյանը։

Մանասյանը նաև շեշտեց, որ այս որոշմամբ սահմանափակվում է իր գնելու և վաճառելու իրավունքը. «Առնելու և ծախելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքների ենթատեքստում է, մարդու ազատությունների մեջ է դա մտնում, ոչ ոք իրավունք չունի արգելել ինձ առևտուր անել։ Եթե իմ առևտրային հնարավորությունները սահմանափակվում են տերմինալների և բանկերի բիզնեսներով, այդ դեպքում ես զրկվում եմ ուղղակի առևտուր անելու իրավունքից։ Իմ ուղղակի առնելու և ծախելու իրավունքը զրոյացված է»,- ասաց Մանասյանը։

Անդրադառնալով այս որոշման հետևանքով անտեսված մյուս հետևանքներին՝ Մանասյանն ասաց. «Կան մարդիկ, ովքեր գնում են բժշկի, բայց չեն ուզում, որ մնացածը իմանան, որ նա գնացել է բժշկի։ Ինչի՞ պետք է ինչ-որ տեղ դա արձանագրվի՝ տերմինալում կամ բանկում, ի՞նչ իրավունքով։ Մարդ ուզում է այդ վճարումները կանխիկ անի, և բացի բժշկից՝ ոչ ոք չիմանա, որ ինքը գնացել է բժշկի։ Ամբողջ աշխարհում նման բան գոյություն չունի, որ կանխիկը 100 տոկոսով արգելեն։ Կանխիկ գործարքների որոշակի ծավալ պետք է միշտ լինի»։

Այս թեմայի շուրջ oragir.news-ը զրուցեց նաև բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած՝ իմ համար տարբերություն չկա, որովհետև ես աշխատում եմ, այսպես կոչված, «սպիտակ դրամարկղով», և իմ համար տարբերություն չկա՝ հիվանդը կանխի՞կ կվճարի, թե՞ քարտով։ Որպես բժիշկ՝ իմ համար տարբերությունը շոշափելի չի, բայց որպես պացիենտ՝ լուրջ խնդիր է առաջացնելու, որովհետև պացիենտների գերակշռող մեծամասնությունը չի ցանկանալու վճարել անկանխիկ եղանակով, և դա բերելու է շատ լուրջ հետևանքների։ Չի կարելի հեռավոր գյուղից եկած մարդուն պարտադրել, որ նա վճարի անկանխիկ եղանակով այն դեպքում, երբ ինքը նույնիսկ չգիտի՝ բանկային քարտ ունի՞, թե՞ ոչ, բանկային քարտը ի՞նչ է, ինչպե՞ս են օգտագործում»։

Գրիգորյանը, անդրադառնալով այդ որոշման հետևանքով առաջացող իրավիճակին, ասաց. «Հարցի մյուս կողմն այն է, որ բժշկի և պացիենտի միջև կանգնում է ինչ-որ երրորդ անձ, ով աշխատում է գումար․ իմ կարծիքով՝ սա արդար չի։ Անկեղծ ասեմ, ես նախատեսել եմ, որ իմ խորհրդատվության գինը հուլիսի 1-ից մոտ 30 տոկոսով բարձրանալու է, որովհետև ամեն ինչի գները բարձրանում են՝ բացի բժշկի աշխատավարձից։ Ամեն ինչի գները բարձրանում են, իսկ այս պարագայում մենք բժշկի աշխատավարձը չբարձրացնենք, արանքում դնենք տերմինալի բիզնեսով զբաղվող մարդու, ով պետք է բժշկի գիտելիքների վրա գումար աշխատի, ևս արդար չի»։

Բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանն էլ նույն թեմայի շուրջ oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ՝ այդ փոփոխությունը ինչ դրական ազդեցություն կունենա, պետության նպատակը որն է, ես կողմ եմ թվայնացնելուն և արդիականացնելուն, բայց կարծում եմ, որ դա այդ պահին ժամանակավրեպ էր։ Երբ որ օրենք դուրս էր եկել, ես հաշվապահությունում ասեցի՝ բոլորից պահանջեք, որ քարտերով վճարեն, հասկանանք՝ քանի տոկոսն ունի։ Թվերը հանեցի, և դա կազմեց 2-3 տոկոսը հաճախորդների։ Այս փոփոխությունը բավականին լուրջ դժվարություն է առաջացնելու հիվանդների համար, չնայած մենք պատրաստվել ենք, տերմինալը բերել-դրել ենք, բայց չեմ կարծում, որ բոլորը կկարողանան հավաքել կոդ, անուն, ազգանուն, դիագնոզ կամ գումարը սխալ մուտք անեն, հետ վերադարձ անեն, կամ ես ինչի՞ պետք է մարդկանց բացատրեմ, աշխատող պահեմ այնտեղ, որ գումարը մուտք անի։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդ տերմինալի դիմաց ինչ հերթ կկուտակվի»։

Անդրադառնալով հարցի ֆինանսական մասին՝ Տոնոյանը նշեց. «Այս հարցը ունի նաև ֆինանսական կողմ, որ ծառայություն մատուցող կազմակերպությունը, որը դրել է այդ տերմինալը, որևէ բանկի հետ համագործակցող ինչ-որ բան է և ամսվա ընթացքում մի տոկոս պետք է տանի, իսկ մեկ տոկոսը մեկ ամսվա համար բավականին լուրջ թիվ է։ Ես հիմա մտածում եմ՝ ինչն է ավելանում սպասարկման որակիս մեջ, որ ես ուրախանամ, ասեմ՝ ոչինչ, այդ մեկ տոկոսը կվճարեմ, քանի որ օգնում է բիզնեսի արագ աշխատանքին։ Չգիտեմ՝ ինչին է օգնում, բանակի՞ն է գնում, պետության անվտանգությա՞նն է գնում, որ հասկանայինք՝ ինչի համար է։ Հիմա ես՝ որպես կազմակերպություն, եթե տեսնում եմ, որ մեծ գումար պետք է տամ, շատ կներեք, բայց պետք է գինը թանկացնեմ։ Ո՞վ պետք է տա այդ փողը, ժողովուրդը պիտի տա։ Նրանք այդպիսի որոշումներ են կայացնում, որովհետև այդ ճանապարհով չեն անցել, նրանք լսել են, որ Եվրոպայում մի տեղ կա, դա էլ չգիտեն, որ իրենք վաղուց ունեցել են քարտ։ Նրանք անցել են այդ ճանապարհը, կարող են դա անել, բայց մենք չենք կարող։ Իսկ մեր ժողովրդի ձեռքը քարտ են տվել, խեղճերը ընդամենը դրանով կարողանում են իրենց թոշակը ստանալ»։