Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:12 29-06-2022

Վաղը պատերազմ է, բայց չկա ոչ մի ելևէջ, ու ամեն ինչ հարթ է

Դրածո վարչակալի սֆաթը տեսնելու ոչ մի ցանկություն չունեմ, ոչ էլ նրա ստերը լսելու որևէ պատճառ կա։ Մազոխիզմն ինձ օտար երևույթ է։ Եվ ոչ մի բան ինձ չի ստիպի նման միջոցով բավարարել հետաքրքրությունս կամ լրացնել իրազեկ լինելու պահանջս։ Միաժամանակ, մեր երկրում կառավարիչ նշանակված գործիքի կատարած յուրաքանչյուր քայլին, արարքին, խոսքին, այսինքն` նրա գործած բոլոր հանցանքներին ինձ պարտավորված եմ զգում անդրադառնալ։ Այո՛, դրածո վարչակալը Պաստեռնակը չէ, ում գրվածքների վերաբերյալ ազնվորեն դատողություններ անելու համար պատվարժան մարդը պարտավոր է նախ կարդալ դրանք։ Այլ կերպ, իրոք, անհատական ընկալման գործերը հնարավոր չէ գնահատել։

Իսկ օտարի ու թշնամու դրածոյին բացարձակ պետք չէ տեսնել ու լսել` նրա գործերի մասին վերաբերմունք ունենալու համար։ Պատճառը պարզ է ու միանգամայն հասկանալի. նշանակված կառավարիչի անխտիր բոլոր արարքներն ունեն մեր երկրի ժողովրդին պառակտող, հայոց երկու պետականությունները քայքայող ու կործանող, թշնամու և օտարների կարիքներն ու պահանջները ի հաշիվ մեր պետականության ու ժողովրդի բավարարող հետևանքներ, որոնց առաջացրած պայմաններում մենք ապրում ենք արդեն չորս տարի։

Այսուամենայնիվ, եղել են եզակի անվեհեր անհատներ, ովքեր զզվանքով ու նողկանքով, բայց նաև գործի բերումով հետևել են դրածո վարչակալի հեռակա ու ինքն իր հետ «ասուլիսին»։ Այս եզակիների շնորհիվ էլ տեղեկացել եմ, որ ժողովրդից որքան հեռու, այնքան ընդգծված ցինիզմով ինքն իրեն ժողովրդավար համարող օտարի կամակատարը անդադար ու ցայտուն դիմացնցումներ է ունեցել։ Սա հենց օրգանական վախի անպարտակելի դրսևորումն է։ Վախ, որը, եթե նախորդ քսան տարիներին պարբերական սրացումներ էր ունենում, ապա վերջին չորս տարիներին դարձել է խրոնիկական, ու այլևս հնարավոր չէ քողարկել։ Պարզ դարձավ նաև, որ օտար թշնամու դրածոն, ըստ էության, ինքն իր հետ ասուլիս էր մոգոնել, որ վախից, ներքին անհաղթահարելի տագնապից, մոտալուտ զոհաբերվելու զգացողությունից առաջացող անկառավարելի ջղաձգումնորով ու դիմացնցումներով հանդերձ՝ մեզ հայտնի ու իր պատվիրատուներին հավաստիացնի այն ապագայի մասին, որը կարողացել է նախապատրաստել։

Իսկ նրա ասելիքը սա էր. այն, ինչ անձամբ կարող եմ տալ թուրքին, ես կտամ, իսկ ինչ չեմ կարող անձամբ տալ, թուրքը դարձյալ կվերցնի ինձ հետ պայմանավորված պատերազմի միջոցով, բայց այս ամեն ինչի հետ ես ոչ մի գործ չունեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, որովհետև այս ամեն ինչը նախկիններն ու իմ հետ ոչ մի կապ չունեցող օտարներն են արել։ Այսօր մեր երկրում առկա իրավիճակը ու համապատկերը պարզորոշ հուշում է, որ ապագա, հեռանկար, անելիք չի տեսնում ոչ միայն թավշյա ու բռնակալացող ռեժիմը, այլ, ցավոք, նաև ընդդիմությունը։ Վարչակալը անում է այն, ինչի համար իրեն նշանակել են։ Եվ անում է, քանի որ խանգարողներ ու խոչընդոտողներ եթե կան էլ, ապա խոչընդոտները հեշտ հաղթահարելի ու շրջանցելի են, խանգարում են օտարի ու թուրքի հրահանգած ժամկետներում անել, բայց չեն խանգարում անել ընդհանրապես։

Առնվազն վերջին մեկ տարում տեղի ունեցած իրադարձությունները ու հիմա առաջացած իրողությունները հաստատում են, որ ժողովուրդը, թեև դժգոհ է, բայց հանդուրժում է վարչակալին, իր հայրենիքի վաճառքը, իր ապագայի կործումը։ Եվ այդպես է, քանի որ նույնիսկ նրանք, ովքեր արթնանում են քառամյա թմբիրից, չեն տեսնում իշխանության պատասխանատվույթունը ստանձնելու համարձակություն ունեցող ընդդիմությանը, չեն վստահում իշխանափոխություն անել ձգտող, բայց դրանով էլ իրենց ծրագիրը ավարտված համարող, հրապարակում կանգնած կամ փողոց դուրս եկած ուժերին։ Սա հենց այն զարմանալի ու անբացատրելի վիճակն է, երբ զոհաբերվելու համար վաճառքի հանվածին ոչ թե իր սեփական ճակատագիրն է անհանգստացնում, այլ իր գինը շուկայում։

Համենայն դեպս, երբ փորձում եմ հասկանալ անբացատրելին ու փարատել զարմանքս, համոզվում եմ, որ այս իրավիճակում խելքին զոռ տալը գործին չի օգնի, և իրոք «միայն զենքով կա հայոց փրկություն»։ Հավանաբար, մերօրյա բոլորովին այլ բախտորոշ ու հրատապ հարցերի պատասխաններն է փնտրել «Կամետա» հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն մարտական ստորաբաժանման մտահոգ հրամանատար Արթուր Այվազյանը՝ արդեն իսկ լեգենդար Մանախը, բայց նա էլ, ինչպես լրահոսից իմացա, նույն համոզմանն է հանգել։ Հետևաբար միանգամայն բնականոն է, որ երբ հայ ազգին ու հայոց երկրին սպառնացող բոլոր մարտահրավերներն առկա են, ու դրանց դիմակայողներ չկան, երբ արդեն բոլոր «կարմիր գծերը» նկարվում են կանաչ ջրաներկով ու զարդարվում են վարդագույն նախշերով, նա է իր վրա վերցնում պատասխանատվությունը և ազատամարտիկներին մոբիլիզացիայի կոչ է հղում։

Միաժամանակ ողբալի է, երբ վաղը պատերազմ է, և այդ մասին հայտարարող դրածո վարչակալը շարունակում է կազմալուծել ու բարոյալքել բանակը, իսկ պետական և քաղաքական հարթությունում ոչ մի շարժ, ելևէջ, տագնապի նշույլ չկան, ու ամեն ինչ հարթ է։